Ուշադրությո’ւն. կերպարներն ու պատմությունն ամբողջությամբ հորինված են, ցանկացած համընկնում պատահականություն է:
Նրանք հանդիպեցին մեքսիկական խղճուկ սրճարաններից մեկի աստիճանների մոտ՝ պատահաբար, առանց դիտավորության դիպչելով իրար ուսերով:
Միմյանց ուղղված նրանց առաջին հայցաքները զզվանք ու բարկություն էին արտահայտում: Ինչ իմանային, որ ընդամենը 5 օր և մոտավորապես մի նույնքան էլ ժամ հետո այդ հայացքները հավերժ կարոտ էին արտահայտելու:
Մարիան ու Էդուարդը սիրեցին իրար ուղիղ 4 օր, մի նույնքան էլ ժամ՝ չհասցնելով վերջին անգամ համբուրվել վերմակի տակ, այն վերմակի, որը շաբաթ օրը միասին հնդկական ապրանքների տոնավաճառից էին գնել:
Մարիան ու Էդուարդը սիրեցին իրար պատահաբար, ճիշտ այն օրվա նման, երբ առանց որևէ դիտավորության ուսերով բախվեցին իրար ու զզվանքով լի հայացքներ նվիրեցին մեկմեկու: Ինչ իմանային, որ րոպեներ անց անկողնում իրար հավերժ սեր էին խոստանալու:
Մարիան մարմնավաճառուհի էր: Մեկը այն կանանցից, ով գումարի դիմաց պատրաստ էր մտնել յուրաքանչյուրի անկողին, միայն թե՝ երեխաներն ու իր հոգածության տակ հայտնված զառամյալ երկու տատիկները կուշտ լինեին:
Էդուարդը ոչինչ չուներ, բացի օրվա վերջ հացի փռում վաստակած խղճուկ պեսոներից ու 5 հատ հացից, որ երբեմն շատ աշխատելու դիմաց որպես պարգևավճար էր ստանում:
Երբ պատահաբար ուսով դիպավ Մարիային, այդ ժամանակ էլ դեռ շարունակում էի ոչինչ չունենալ, միայն երեկոյան, երբ ընկերոջ հետ մտան մեքսիկական այդ խղճուկ սրճարանը, ուր հավաքվում էին թեթև վարքի կանայք ու անգործ ուսանողները, և տեսավ Մարիային, Էդուարդը հասկացավ, որ գտել է նրան, ով իր դատարկ կյանքը կլցնի երջանկությամբ:
-Ինչքա՞ն ես ուզում,-հարցրեց Էդուարդը՝ տասնյակ գեղեցկուհիների ուսերը շրջանցելով մոտենալով Մարիային:
-Հարյուր,-շշնջաց աղջիկը:
-Չէ’, չեմ տեղավորվում, հիսուն ու հինգ հատ հաց, համաձայն ե՞ս
-Արի’,-Էդուարդի ձեռքից բռնելով՝ ասաց Մարիան, ու միասին բարձրացան երկրորդ հարկ, որտեղ իբրև թե սիրուց խենթանալով՝ ձևանում էին տխուր մարմնավաճառուհինեըը: Բոլորն էլ անհույս գեղեցիկ՝ գրեթե առանց ապագայի:
Ողջ գիշեր նրանք սիրեցին իրար, իսկ առավոտյան արդեն չէին կարողանում բաժանվել:
-Էլի կգամ,-գրեթե կիսաձայն ասաց Էդուարդը:
-Չես գա, գիտեմ ձեզ,-գոռաց Մարիան՝ չկարողանալով թաքցնել արցունքները, ապա շարունակեց.
-Բոլորդ նույնն եք, ստացաք ձեր ուզածը, և վերջ
-Ես բոլորի նման չեմ
-Հա՞, իրո՞ք
-Հա’, չե՞ս հավատում
-Ինձ չի կարելի հավատալ տղամարդկանց:
Այլևս ոչինչ չխոսեցին: Հաջորդ օրը՝ գրեթե նույն ժամին, նույն խղճուկ սրճարանում անթիվ գեղեցկուհիների ուսերի մեջ Էդուարդը անհույս փնտրում էր Մարիային, երբ վերջինս սեր էր ձևացնում սրճարանի տիրոջ անկողնում:
-Մարիային չե՞ս տեսել,-հարցնում էր նա վերևից իջնող աղջիկներին: Ինքը անձամբ չէր համարձակվում բարձրանալ: Գիտեր՝ վերևում Մարիան շարքային անբարոյական էր, իսկ իր կողքին, իր անկողնում Մարիան միայն իրենն էր:
Լուսաբացին, երբ Մարիան ճանապարհում էր իր վերջին հաճախորդին, հանկարծ նկատեց աստիճանների մոտ կիսապառկած Էդուարդին: Ցրտից գրեթե կուչ էր եկել, ձեռքերով փակել էր աչքերն ու քնել: Մարիան հետ դարձավ սենյակ, վերցրեց վերմակն ու իջավ ներքև: Դեռ չէր հասցրել վերմակը գցել նրա ուսերին, երբ Էդուարդը կիսաբաց աչքերով մի կողմ հրեց Մարիային:
-Կեղտոտ վերմակդ ինձ վրա չգցես
-Ես ուրիշը չունեմ:
Հաջորդ օրը ցերեկը միասին գնացին հնդկական իրերի տոնավաճառ: Գնեցին մեծ, զարդանախշ վերմակ, երկու փոքր լուսամփոփ, երկու սուրճի բաժակ, վարդերով ծաղկաման ու անուշահոտ մոմեր:
-Սրանք կպահեմ իմ տանը,- նեղացած տոնով ասաց Էդուարդը, -Դրանք կլինեն միայն իմն ու քոնը:
Հաջորդ երկու օրը հանդիպեցին Էդուարդի մոտ: Դա մի փոքրիկ, անհարմարավետ սենյակ էր, որն իր մեջ ամփոփում էր մեկտեղանոց անկողին,
գազօջախ, փոքրիկ պահարան, որի մեջ և’ ուտելիք էր պահվում, և’ հագնելիք, և մի ահռելի չափերի չգործող սառնարան, որից սարսափելի հոտ էր գալիս, բայց Էդուարդը ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել դրանից:
Այդ երկու օրերն ասես երազ լինեին ու մղձավանջ միևնույն ժամանակ: Մարիային դուր էր գալիս լինել Էդուարդի կողքին, նրա հետ մոռանում էր իր տխուր ներկան, հավատում լուսավոր ապագային, բայց երբ հիշում էր իր փոքրիկ երեխաներին, սիրտը բարկությունից ու մաղձից կծկվում էր, բռունցքներով հարձակվում էր Էդուարդի վրա, խնդրում, որպեսզի նորից գնա սրճարան՝ երկրորդ հարկում սեր խաղալով գումար աշխատելու…Բայց Էդուարդն անխախտ էր իր որոշման մեջ:
-Այ, կտեսնես, ես ուրիշ աշխատանք էլ կփնտրեմ, նոր բնակարան էլ: Բոլորով կտեղափոխվենք իմ տուն, ու դու այլևս ստիպված չես լինի անել այն, ինչից զզվում ենք երկուսս էլ:
-Դու ոչինչ չունես, Էդ
-Ես քեզ ունեմ, Մարիա..
Հինգերորդ օրը՝ առավոտյան, երբ զարդանախշ վերմակի տակ կծկված անխռով ննջում էին, հանկարծ դուռը ուժեղ ծեծեցին:
Արթնանալով՝ Մարիան գրեթե մերկ մոտեցավ դռանն ու բացեց այն: Կիսաբաց աչքերով հազիվ հասկանալով, թե ինչ է կատարվում, փորձեց փախչել տանից, բայց հաղթանդամ կնոջ ահռելի ու կոպիտ ձեռքերը մի շարժումով բռնեցին մազերից ու հետ քաշելով՝ վայր գցեցին նրան:
Էդուարդի մայրն էր, որ քաղաքից գյուղ վերադարձած բարեկամներից տեղեկացել էր որդու ”անբարո” կյանքի մասին ու շտապել քաղաք՝ ”այդ սարսափելի կնոջ” ճիրաններից որդուն հավետ ազատելու համար:
Ոչ մի ձայն չհանելով՝ Մարիան շարունակում էր դիմադրել կնոջ հարվածներին՝ չգիտակցելով, թե ով է նա և ինչ է ուզում՝ մինչև այն պահը, երբ Էդուարդի ձայնը չսաստեց ասես խենթացած կնոջը.
-Ի՞նչ ես անում, մամ…
Էդուարդին մի կերպ հաջողվեց Մարիային ազատել մոր հուժկու ձեռքերի հարվածներից՝ չհասցնելով վերջին անգամ նայել նրա աչքերի մեջ ու հրաժեշտ տալ: Մարիան ասես քամու արագությամբ դուրս թռավ տանից՝ վերջ դնելով ընդամենը 4 օր, մի նույնքան էլ ժամ տևած երազին:
Այլևս երբեք չհանդիպեցին: Քաղաքից մեկնելու օրը Էդուարդն ընկերոջից տեղեկացավ, որ Մարիան վերադարձել է սրճարանի տիրոջ մոտ և շարունակում է ծառայել նրան ու նրա ընկերներին:
Անկարող լինելով մերժել մորը՝ Էդուարդը վերադարձավ գյուղ՝ մեկնելուց առաջ փոքր արկղի մեջ դասավորելով զարդանախշ վերմակը, սուրճի բաժակներն ու ծաղկամանն ու դնելով դրանք այն խղճուկ սրճարանի աստիճանների վրա, որտեղ առաջին անգամ ուսերով բախվել էին ինքն ու Մարիան: