Պարոն հանձնաժողովի նախագահ, խոսքս սկսելուց առաջ հարկ եմ համարում զգուշացնել ձեզ, որ իմ ցուցմունքների մեծ մասը կարող է ծայրահեղ տհաճ և անգամ նողկալի թվալ ունկնդիրների համար: Ես ստիպված եմ լինելու խոսել մարդու բնույթի այնպիսի կողմերի մասին, որոնք հազվադեպ են քննարկվում լայն հասարակության մեջ և, անկասկած, նախատեսված չեն Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի առջև բարձրաձայնելու համար: Վախենամ սակայն, որ այս անգամ դուք ստիպված պիտի լինեք դիմանալ ու մինչև վերջ լսել ինձ: Երբեմն գալիս է մի ժամանակ, երբ հարկավոր է լինում պատռել երեսպաշտության դիմակը, և հիմա հասունացել է հենց այդ պահը:

Ջենթլմեններ, մենք բոլորս գիշատիչների սերունդներ ենք: Դատելով ձեր դեմքերի արտահայտությունից՝ ներկաներիդ մեծամասնությունը չգիտի այդ տերմինի նշանակությունը: Դա բնավ զարմանալի չէ, քանի որ այդ բառը մեզ է հասել մի լեզվից, որ արդեն երկու հազար տարի է՝ գործածությունից դուրս է եկել ու մոռացվել է: Թերևս ավելի ճիշտ կլինի, եթե այսուհետ խուսափեմ ամեն տեսակ էվֆեմիզմներից ու փորձեմ ծայրաստիճան ազնիվ ու ուղղախոս լինել՝ ընդհուպ մինչև կոպտության աստիճան, անգամ եթե ստիպված լինեմ այնպիսի բառեր օգտագործել, որոնք անընդունելի են կիրթ հասարակության մեջ: Թույլ տվեք նախապես ներողություն խնդրել, եթե իմ խոսքերը վիրավորական հնչեն ինչ-որ մեկի համար:

Ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ գրեթե բոլոր մարդկանց ամենասիրելի կերակուրը միսն էր, կամ, այլ կերպ ասած, սպանված կենդանիների մարմինը: Քավ լիցի, ես չեմ փորձում նողկանք առաջացնել ձեր մեջ. այն, ինչ ասացի, պարզ ճշմարտություն է, որ կարող եք հեշտությամբ ստուգել՝ վերցնելով պատմության ցանկացած գիրք...