ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ 1921 թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ միասին իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց, ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց և սկսեցինք խոսել: - Կոմիտաս,- ասացի,- գիտեմ, չափազանց վշտացած ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենական խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում: Սակայն նա բառերի ստուգաբանություն ու փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց. «Պետք չէ. հարկավոր է միայն լույս ու բնություն»: Առաջարկեցի միասին Սևան գնալ: - Ի՞նչ անեմ այնտեղ,- ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց: - Գնանք դուրս, ման գանք,- ասացի: - Այնտեղ շատ լավ է,- ասաց: Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացրեցի, հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»: «Չէ, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում»: Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ դերասանություն սովորելու: - Ոչ, ինչի՞ է պետք այդ արվեստը:- Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց. «Խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լոգանք են ընդունում»: Խոսեցի իր աշակերտների մասին, ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու: Հարցրի` հայ երաժշտությու՞նն է լավ, թե՞ եվրոպականը, «Եղբայր (բարկացած), դու ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը` իր»: Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո»,- ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»: Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հանգնվեցի, «Մնաս բարև» ասացի և առանց պատասխան ստանալու դուրս եկա: 1928 թվին մի անգամ էլ այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից…