Հեղ. Արմեն Մխեյան
Խմբ. Ա Հովակիմյան

«Այս աշխարհը կա միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար»: Վահրամը չէր էլ հիշում' որտե՛ղ էր կարդացել այս բառերը, բայց դրանք արդեն մի քանի օր գլխից դուրս չէին գալիս: Վառեց ծխախոտն ու մոտեցավ պատուհանին: Գլուխն էլի պտտվեց: Բացեց պատուհանը, ու թարմ օդը փողոցային աղմուկի հետ խուժեց աշխատասենյակ:
Դուռը թակեցին: Երբ շրջվեց, գործավարուհին արդեն բացել էր դուռը:
-Պարոն Տիգրանյան, այն թղթերն են, որ պահանջել էիք:
-Դիր սեղանին, լա՞վ,- ծուխն արտաշնչելով' խոսեց Վահրամը:
Գործավարուհին թղթապանակը դրեց սեղանին:
-Սուրճ կուզե՞ք:
-Ո՛չ, շնորհակալություն:
Օրիորդն էլ հարց չտվեց' հասկանալով, որ տնօրենին ոչինչ հարկավոր չէ, շրջվեց դեպի դուռը:
-Անի՛, - կանչեց Վահրամը:
Անին շրջվեց.
-Այո՞:
-Շնորհակալ եմ...
Անին մի փոքր զարմացավ: Առաջին անգամ էր, որ իրեն բարձրաձայն շնորհակալություն էր հայտնում: Վահրամը բավականին զուսպ էր բառերն արտասանելիս: Անգամ շնորհակալություն հայտնելը միայն գլխի մեկ շարժումով էր արտահայտում: Անիի դեմքին փոքրիկ ժպիտ խաղաց:
-Խնդրեմ...
Հազիվ էր Անին փակել աշխատասենյակի դուռը, լսվեց բջջայինի ձայնը:
-Հա, հայրիկ:
-Ո՞նց ես զգում քեզ:
-Լավ եմ, - ժպտաց Վահրամը:
-Ես ուզում եմ գալ քեզ հետ այսօր…
-Գալիս ես ի՞նչ անես. միայն պետք է մտնեմ ու պատասխանները վերցնեմ, ուրիշ անելիք չկա, - ընդհատեց Վահրամը, - ամեն ինչ լավ կլինի: Համ էլ մայրիկին ասա այսօր ուզում եմ հյուր գալ:
-Ես էլ աշխատանքից այսօր շուտ դուրս եկա, ասացի մենակ չգնաս: Արփիի հե՞տ ես գալու:
-Չէ, ես մենակ կգամ: Արփին նորից նեղացել է ու այս անգամ շատ լուրջ կարծես: Երեք օր է' չի պատասխանում զանգերիս:
- Բան չկա, կանայք այդպիսին են: Մայրիկդ էլ այդպես վարվում, հենց ուզում էր որ կարոտեի:
Վահրամը լսեց հոր ծիծաղը, ապա նայեց ժամացույցին, որ ցույց էր տալիս 17:14:
-Կգամ ավելի մանրամասն կպատմես, - ծիծաղով շարունակեց Վահրամը, - մայրիկին կասես ամենահամով ուտելիքները պատրաստի:
-Եղավ, դե սպասում ենք:
Վահրամն անջատեց հեռախոսն ու խորը հոգոց հանեց, ապա բացեց դուռը' կանչելով Անիին:
Երբ Անինին եկավ, Վահրամն արդեն սեղանի մոտ էր, ու թղթապանակները դնում էր դարակը:
-Թղթերը վաղը կնայեմ: Այսօր պետք է շուտ գնամ, դու էլ կարող ես այսօր շուտ գնալ:
Հետո մի քանի հանձնարարական տալով՝ վեր կացավ, վերցրեց կոստյումն ու դուրս եկավ: Վերելակում գլուխն էլի պտտվեց: Մի պահ թվաց' ոչինչ չի տեսնում: Երբ նստեց մեքենան, գլուխն առավ ափերի մեջ: Մի բան այն չէր. ամեն ինչ ավելի լուրջ էր, քան պատկերացնում է:

***

-Երիտասա՛րդ, կարո՞ղ եմ օգնել:
-Բժիշկ Սեդրակյանը տեղո՞ւմ է: Եկել եմ հետազոտության արդյունքների ետևից, բայց ուզում էի անձամբ հանդիպել:
-Իհարկե, հիմա նա կգա: Կասե՞ք Ձեր անունը:
-Վահրամ Տիգրանյան:
Փնտրտուքը երկար չտևեց:
-Կխնդրեի նստեք, մինչև բժիշկը գա,- քիչ հետո առաջարկեց բուժքույրը:
-Շնորհակալ եմ:
Միջանցքում ոչ ոք չմնաց, բուժքույրը հեռացավ' հավանաբար, բժշկին տեղյակ պահելու համար: Վահրամի ուշադիր հայացքից չվրիպեց բուժքրոջ շփոթմունքը: Գրպանից հանեց բջջայինն ու սեղմեց զանգի կոճակը: Հեռախոսի էկրանին հայտնվեց Արփի անունը: Նորից անհասանելի: Այդպես էր արդեն երեք օր շարունակ: Նա չնկատեց' ինչպես բժիշկը մոտեցավ:
-Բարև: Ես քեզ մենակ չէի սպասում, անկեղծ ասած: Կարող ենք ինձ մոտ անցնել:
-Բարև ձեզ, - շփոթվեց Վահրամը, - չեմ ուզում անհանգստացնել ինձ հարազատ մարդկանց, - ժպտալով շարունակեց:
Սեդրակյանը ձեռքը մեկնեց արդեն ոտքի կանգնած երիտասարդին:
- Իսկապես, որ մեծ սիրտ ունես,- փորձեց կատակել բժիշկը:
Վահրամի դեմքին նորից ժպիտ հայտնվեց:
-Ներս գնանք:
Երբ ներս մտան Վահրամի ականջին հասավ կնոջ ձայն:
-… Այնքան երիտասարդ է:
Սենյակում երկու բուժքույրերն էին, որ տեսնելով ներս մտնողներին' սենյակից դուրս եկան:
-Ինչպե՞ս ես քեզ զգում այսօր, - հարցրեց բժիշկը, երբ նստեցին:
-Գրեթե ոչինչ չի փոխվել՝ նույն թուլությունն ու գլխապտույտները:
-Պարզ է, - գլուխը կախեց բժիշկը՝ ձևացնելով թե կարդում է բժշկական հետազոտության արդյունքները, որը կարդացել էր արդեն մի քանի անգամ:
-Հասկանալի է... Անկեղծ ասած ես կուզեի նաև քո մտերիմներից մեկի հետ զրուցել:
-Հարկավոր չէ, բժիշկ: Հասկանում ու զգում եմ, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Ասեք ինչպես կա:
-Լավ, բայց ինձ համար ևս շատ դժվար է ասել քեզ... չգիտեմ' ի՛նչն է պատճառը, - բժիշկն ակնհայտորեն հուզվեց:
Մի պահ լռություն տիրեց: Վահրամը չէր նայում բժշկի կողմը: Նրան ամեն ինչ պարզ դարձավ: Իր վիճակն ավելի քան ծանր է: Վերջապես խախտեց լռությունը.
-Որքա՞ն ժամանակ ունեմ:
-Հաստատ չեմ կարող ասել, դեռ երիտասարդ ես, և օրգանիզմը կարող է պայքարել, ուղղակի ամեն ինչ շատ արագ է զարգացել:
Բժիշկը թղթերը մեկնեց Վահրամին: Նա մի քանի րոպե լուռ կարդում էր ու նայում տոմոգրաֆիայի արդյունքները:
-Գլխուղեղի այդ հատվածում վիրահատական միջամտությունն անհնար է, որքան թույլ են տալիս իմ գիտելիքները հասկանալ:
-Այն բավական արագ է աճում, իսկ աճը մեծացնում է ներգանգուղեղային ճնշումը: Խնդիրն այն է, որ ցանկացած պահի կարող են վնասվել անոթներն ու այդ ժամա...
- Մահն ակնթարթորեն կլինի, - շարունակեց Վահրամը:
-Ո՛չ, այդպես մի ասա, եթե կա մեկ հույսի նշույլ անգամ, պետք հավատալ դրան:
Վահրամը նայեց ուղիղ բժշկի աչքերի մեջ:
-Այդ հույսի նշույլը իմ պարագայում միայն կյանքիս տանջալից րոպեներն է շատացնելու:
-Տղաս, դեռ երիտասարդ ես, գուցե ամեն ինչ այլ կերպ լինի. պետք է փորձել ամեն դեպքում...
-Ես կարծում եմ եթե վիճակված է մեռնել, ուրեմն մահը պետք է ընդունել արժանապատվորեն: Այսպես թե այնպես, մեռնելու ես մի օր:
-Վահրամ, որդիս, ամեն դեպքում լսիր իմ խորհուրդը, այսօր շատերը բուժվում են, և դեռ հույս կա...
-Ես գիտեմ, բայց նրանք գուցե հավատում էին, որ կապաքինվեն, ու իրենց հավատը օգնում է, բայց ես չեմ հավատում:
Վահրամը վեր կացավ:
-Կարծում եմ, դեռ կհանդիպենք, երբ սկսվեն ավելի ուժեղ ցավեր, ստիպված կլինեմ նորից դիմել ձեզ...
-Ես առաջարկում եմ մտածել բուժում սկսելու մասին, և գուցե նաև վիրահատության:
Վահրամի դեմքին տխուր ժպիտ երևաց:
-Կմտածեմ:

***

Վահրամը նորից հեռախոսը ձեռքն առավ ու կրկին նույն համարը հավաքեց: Նույն ազդանշանը՝ հեռախոսն անջատված է: Ոչինչ չէր նյարդայնացնում' բացի նրանից որ սպասում էր, իսկ հիմա էլ ավելի մեծ սպասում կար՝ սպասում մահվանը: Ծնողներին ոչինչ չասաց: Ամբողջ երեկո փորձում էր զվարթ տրամադրությամբ լինել ու շարունակ կրկնում էր, թե որքան շատ է սիրում իր ծնողներին:
«Հայրս պինդ մարդ է կդիմանա, բայց մայրս: Մայրի՜կ, եթե միայն իմանայիր' ինչպես է սիրտս ճմլվում. մա՛յր իմ, ներիր, որ ցավեցնելու եմ, ների՛ր»...
Զգաց' ինչպես աչքերը թացացան:
Բնակարանը մութ էր ու ցուրտ: Ասես մահը արդեն այստեղ էր: Վահրամը միացրեց բոլոր լույսերն ու պառկեց: Ցավերն արդեն զգալ էին տալիս, բայց սրա դեմ ևս գտել էր միջոց: Ցավազրկող հաբերից բացի' ներարկիչներ ևս կային ձեռքի տակ, ցավերն սկսվելուն պես հենց ինքն իրեն կներարկեր ցավազրկող դեղը:
Գլխում տարբեր մտքեր էին պտտվում: Ինչպե՞ս ասել ծնողներին, ինչպե՞ս ասել այն մարդկանց ու ընկերներին, ովքեր թանկ էին իր համար:
«Ավելի լավ է լռել. ես ի վիճակի չեմ նրանց ասել, հետո էլ այսպես ավելի հանգիստ կլինեմ,- մտածում էր Վահրամը,- կյանքը պայքար է, պետք պայքարել ամեն մի վայրկյանի համար, բայց ոչ նման կերպ: Հույսի եթե մեկ նշույլ անգամ լիներ ապաքինվելու, կարելի էր փորձել բուժում սկսել: Բայց այս դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե արագ լինի»:
Վահրամը սովորել էր բժշկական համալսարանում, գիտեր, որ նման դեպքերում հրաշքներ ակնկալել պետք չէ, այլ պետք է վայլել կյանքի վերջին վայրկյանները: Աչքերի առջև մայրն էր' դեռ երիիտասարդ:
«Մա՛մ, ուզում եմ միշտ ժպտաս, մա՜մ, մա՜մ, ես քեզ ամպի չափ սիրում եմ, մա՜մ»:
Հիշում էր ինչպես է տարածում փոքրիկ ափերն ու ուզում էր ցույց տալ ամպի մեծությունը, բայց ամեն անգամ մայը գիրկն էր առնում և ամպի մեծությունը ցույց տալու փոխարեն գրկում էր մորը:
Արցունքներն ակամա հոսեցին նրա աչքերից ու մտքում արտասանեց՝ ներիր… Քիչ հետո աչքերը փակվեցին:
Նրա առջև հիմա էլ կանգնած էր նա՝ Արփին' հայացքում թախիծ: Նա բռնեց Արփիի ձեռքն ու համբուրեց՝ ասես ներողություն խնդրելով: «Կարոտել էի քեզ, զանգում էի բայց անհասանելի էր: Ի՞նչ էր պատահել»: Նա նկատեց իրենց նշանադրության մատանին, որ Արփիի մատին ոսկեգույնից դարձել էր մոխրագույն: Հանկարծ մատանին սահեց ու ընկավ հատակին: Նա կռացավ վերցնելու համար, բայց Արփին կանգեցրեց նրան:
-Ես էլ եմ ուզում գալ քեզ հետ:
-Ու՞ր,- զարմացավ նա,- ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ գնալ' առանց քեզ:
-Իսկ տոմսերն արդեն գնե՞լ ես, - նրա ձեռքում Վահրամը տեսավ իր բժշկական հետազոտության արդյունքները:
Վահրամը բացեց աչքերը: Ամեն ինչ երազ էր. միայն երազ, բայց իրեն թվում էր' հիմա կհայտնվի Արփին, բայց Արփին չկար: Ձեռքը տարավ ճակատին: Սառը քրտինքը պատել էր երեսը: Լսեց հեռախոսի ձայնը: Առանց վեր կենալու և չնայելով հեռախոսահամարին՝ սեղմեց միացման կոճակը:
-Լսում եմ...
-Բարև, Վահրամ ջան:
Վահրամը վեր կացավ տեղից:
- Նատալի՞, լսում եմ քեզ:
-Վահրամ ջան, ես զանգահարել եմ Արփիի համար, - շարունակեց Նատալին,- նա չէր ուզում քեզ ասել, բայց կարծում եմ ճիշտ կլինի, որ դու իմանաս:
Նատալիի ձայնը շատ տխուր էր: Վահրամին թվաց անգամ լալիս է:
-Ես անընմեջ զանգահարում էի, բայց Արփիի հեռախոսն անջատված է:
- Արփին…
Վահրամը լսեց Նատալիի հեկեկոցը: Նատալիի կցկտուր ու հուզված խոսքից հասկացավ, որ Արփին չգիտես ինչպես սրտային անբավարարության նոպա է սկսվել, ու հիմա գտնվում է վերակենդանացման բաժնում: Մինչ այդ նա որևէ բողոք չի ունեցել, ինքնազգացողությունը երկու օր առաջ կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց:
Րոպեներ անց Վահրամը Նատալիի նշած հիվանդանոցում էր: Դեռ հիվանդանոց չհասած գլուխը սկսեց այնպես ցավել, ասես մուրճով հարվածներ էին տեղում գլխին, ու զրգոցն արձագանքում էր շուրջը:
Մի պահ թվաց' գլուխը կպայթի հիմա: Բայց շարունակեց առաջ գնալ: Միջանցքում նկատեց Արփիի ծնողներին: Արմինեն ու Սամվելը կանգնած էին, իսկ Նատալին մի փոքր հեռու նստած էր:
-Ինչո՞ւ եմ ես հիմա իմանում, կարող ե՞ք ասել:
Սամվելը մի կողմ քաշեց Վահրամին:
- Մենք էլ ենք այսօր իմացել ու անմիջապես եկել ենք Երևան:
Վահրամի գունատ տեսքն ու արյունով լցված աչքերը չվրիպեցին Սամվելի աչքից:
-Ի՞նչ է պատահել, ի՞նչ է կատարվում քեզ հետ:
-Հիմա չէ, հետո կխոսենք: Որտե՞ղ է նա, նրան տեսնել եմ ուզում:
-Սպասի՛ր, հիմա բժիշկը դուրս գա, կասի:
Սամվելը զգաց' ինչպես Վահրամը հազիվ մնաց ոտքի վրա' հենվելով իր ուսին:
-Վահրամ, դու հարբա՞ծ ես,- զարմացած հարցրեց Սամվելը:
-Ոչ, հարբած չեմ:
Վահրամը չէր էլ ավարտել խոսքը, բժիշկը երևաց դռան մոտ: Տեսնելով Սամվելին՝ քայլերն ուղղեց իրենց կողմ: Երբ մոտեցավ, հարցական նայեց Վահրամին:
-Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն ու վերահսկելի, - բժիշկը նորից նայեց Վահրամին,- անհրաժեշտ է շտապ փոխպատվաստում կատարել: Մենք արդեն դիմել ենք մեր գործընկերներին: Փոխպատվաստում մեզ մոտ արվում է բացառիկ դեպքերում և համապատասխան…
Վահրամը չլսեց շարունակությունը. առաջ քայլեց դեպի հիվանդասենյակ: Արմինեն ևս փորձեց Վահրամի հետևից մտնել, բայց Նատալին կանգնացրեց ասելով՝ թող:
Արփիի աչքերը փակ էին: Վահրամը մոտեցավ ու ձեռքը դրեց Արփիի ձեռքին: Հիշեց արտասովոր երազը: Ոչ, նշանադրության մատանին Արփիի մատին էր:
-Ես այստեղ եմ, քո կողքին,-շշնջաց նա:
Վահրամն զգաց, որ այլևս ի վիճակի չէ կանգնել ոտքի վրա, բայց հենց այդ պահին նրա մտքում միայն փոխպատվաստում բառն էր հնչում: Նա ետ գնաց, ոտքերը այլևս չէին ենթարկվում իրեն, թվում էր' նորից երազ է տեսնում: Մի կերպ բացեց դուռն ու փորձեց գոռալ՝ վերցրեք իմը, ես պատրաստ եմ, բայց գլխում հնչող զրնգոցը խլացրեց իր իսկ ձայնը: Նա անգամ բերանն էլ չեր բացել: Մեկ վայրկյան հետո ամեն ինչ կորավ տեսադաշտից, բայց զրնգոցը դեռ հնչում էր ականջներում: Մեկ անգամ ևս փորձեց բոլոր ուժերը լարելով գոռալ, բայց ապարդյուն: Վահրամն ամբողջ մարմնով տապալվեց հատակին:

***

-Ի՞նչ է նշանակում' անկարելի է…
-Մենք դեռ ստույգ չենք կարող ասել անգամ թե ինչ տիպի գոյացություն է:
-Ու հիմա ասում եք որ բժշկությունը կարող է հրաշքնե՞ր գործել, սա՞ է ձեր առաջարկը ամեն ինչ թողնել ինքնահոսի՞:
-Ես նորից եմ կրկնում, գոյացությունը բավականին բարդ է հեռացնել, այս պահին շատ ուշ է արդեն…
Վահրամին թվում էր այս ամենը երազ է նորից: Նա ոչինչ չէր տեսնում, բայց ձայներից մեկը ճանաչեց: Խոսողներից մեկը Գոռն էր, հարազատ եղբայրը:
Ականջին հասավ դռան բացվելու ձայնն ու նրանք սենյակից դուրս եկան: Բացեց աչքերը:
Պատուհանից ներս էր թափանցում արևի շողը: Ինքը պառկած էր հիվանդասենյակում: Փորձեց վեր կենալ, բայց նկատեց, որ ներարկիչը երակի մեջ է: Նայեց արևի շողին: Այն ունի սկիզբ և ավարտվում է, երբ դեմ է առնում ինչ-որ բանի: Ու այդ ժամանակ ծնվում է ստվերը: Այն լույսից է ծնվում, բայց լույս չէ: Լույս և ստվեր՝ հավերժ մրցակիցներ: Ստվերը լույսից է ծնվում, բայց այն լույս չի ծնում, այլ միայն խավար: Ո՞րն է լույսի ու ստվերի սահմանը, իսկ կյանքի՞ սահմանը: Կայնքում ամեն ինչ բարդ է հասկանալ:
Դուռը բացվեց ու ներս մտավ Գոռը:
-Վահրա՞մ, արդեն արթանացե՞լ ես:
-Դու ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ:
-Ես դեռ գիշերից այստեղ եմ: Ուզում էի խոսել, բայց չգիտեմ ինչպես ասել...
-Ի՞մ մասին, թե՞ Արփիի:
Մի փոքր լռությունից հետո Գոռը շարունակեց.
-Քո վիճակը ներկա պահին ավելի լուրջ է, քան նրա,- Գոռը նկատեց, թե ինչ հայացք գցեց Վահրամը իր վրա, բայց չտեսնելու տվեց ու շարունակեց,- ամենացավալին այն է, որ իմանում եմ այսքան ուշ, հարազատ եղբայրդ եմ, չէ՞:
-Կլինի՞ սուս մնաս:
Գոռը ոչինչ չշարունակեց: Ամեն դեպքում մեծ եղբորը հակառակվելը մի ողջ պատերազմի կհանգեցներ:
-Կներես, - կամաց ասաց Վահրամը, - բայց ինչպես իմացա՞ր: Պետք է խնդրեմ, որ դեռ չասես ոչ մեկին:
-Դե՞ռ... Գոնե գիտե՞ս' ինչ է եղել քեզ հետ երեկ: Ոչ մեկը ոչինչ չգիտեր, ամբողջ հիվանդանոցը չէր հասկանում' ինչ է կատարվում քեզ հետ: Երբ մեքենայումդ տեսա թղթերը ու ցույց տվեցի բժշկին, նոր ամեն ինչ պարզ դարձավ: Հասկանո՞ւմ ես, նման մեկ նոպա, ու կարող ես էլ չարթնանալ...
Գոռի ձայնը դողաց:
-Գոռ, խնդրում եմ, փոխանակ ես լացեմ, դո՞ւ ես լացում, հանգստացիր: Հասկացիր, անհնար է վիրահատությունը, եթե մեկ հույսի նշույլ լիներ կարելի էր մտածել վիրահատության մասին, բայց չկա: Դրա համար գոնե ես կփրկեմ մեկ ուրիշի կյանքը, ով հավատում է հրաշքներին:
Գոռը զարմացած նայեց Վահրամին: Նրան թվաց, որ Վահրամը զառանցում է, բայց երկու վայրկյան հետո գլխի ընկավ, թե ինչ նկատի ունի եղբայրը:
Ներս մտավ նույն բժիշկը, ում տեսել էր երեկ Վահրամը:
-Արդեն արթնացել ե՞ք: Երեկ մեզ լավ վախեցրիք: Ինչպե՞ս եք զգում ձեզ:
-Երեկվանից ավելի լավ:
-Մենք ձեր եղբոր հետ խոսում էինք ձեր առողջական վիճակի մասին, կարծում եմ, անհրաժեշտություն կա մնալ այստեղ' կրկնակի հետազոտվելու համար:
-Այն թղթերը կրկնակի հետազոտության արդյունքն են: Ինչպես տեսնում եք, ու որքանով որ ես եմ հասկանում իմ բժշկական կրթությամբ, վիրահատությունը գրեթե անհնարին է:
-Թողեք այդ ամենը մենք որոշենք…
-Ոչ, ոչ, ես ուրիշ առաջարկ ունեմ:
Բժիշկը հանեց ակնոցն ու կկոցեց աչքերը:
-Խոսքս Արփիի մասին է, այն աղջկա...
-Այո՛, ծանր դեպք է, ցավալի է, հավատացեք, անում ենք հնարավորը: Մեզ անմիջապես տեղյակ կպահեն, և երբ համապատասխան դոնոր հայտնվի, կտեղափոխենք Ֆրանսիայի լավագույն կլինկաներից մեկը' վիրահատություն այնտեղ կատարելու համար:
-Դոնորը ես եմ լինելու, - մի փոքր լռությունից հետո շարունակեց Վահրամը,- այնպես որ կարող եք հրավիրել լավագույն վիրաբույժին:
Գոռը, որ մինչ այս պահը լուռ էր, խորը հոգոց հանեց ու դուրս եկավ:
-Հաջորդ նոպան չի ուշանա, ես ուզում եմ նախապես այդ մասին ձեզ ասել:
-Հարգելիս, մենք չենք կարող դոնոր դարձնել ամեն մեկին, նախ օրինական…
-Ավելի լավ դոնոր չեք գտնի: Մեր արյան խմբերը նույնն են ու հազվադեպ հանդիպող: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է,-ընդհատեց Վահրամը,- իսկ հիմա ազատեք ինձ այս լարերից ու ներարկիչներից:
- Այդ մասին դեռ կխոսենք, իսկ հիմա պառկեք, բուժքրոջը կկանչեմ:
Բժիշկը ու դուրս եկավ:
Դռան մոտ կանգնած էր Գոռը:
-Ցավում եմ, - տեսնելով Գոռին' ասաց բժիշկը, - իսկապես նման վիրահատությունը մահվան ելքով կավարտվի, բավական ուշ է վիրահատման համար, ու նա լավ գիտակցում է այդ ամենը: Ցավում եմ,- նորից կրկնեց բժիշկն ու հեռացավ:
Երկար ժամանակ Գոռը չէր կարողանում հավատալ այն ամենին, ինչ կատարվում էր շուրջը: Մի կերպ կարողացավ հավաքել հոր բջջայինի համարը և երբ լսեց հոր ձայնը, լացն արդեն անկարող էր զսպել:

***

Երեք օր անց Արփիի ինքնազգացողությունը բավակնին լավ էր, իսկ Վահրամինը կտրուկ վատացել էր: Հատկապես երբ ծնողներն իմացան, պահանջեցին, որ մշտապես բժիշկների հսկողություն լինի: Վահրամը այցելուից վերածվեց ամենածանր հիվանդը: Այժմ անգամ տեղաժարշվելն էր իր համար բավականին բարդ: Ասես զգում էր, որ ամենն ավարտվում է, պետք է հասցներ անել, այն ինչ ճիշտ էր համարում: Մայրը, որ դեռ չէր հավատում որդու հիվանդությանը, փորձում էր ամեն գնով հույս տալ ու հավատալ հրաշքի, բայց Վահրամի վիճակը ժամ առ ժամ ավելի էր վատանում: Գիշերը, Վահրամը կամաց վեր կացավ, վերցրեց թուղթ ու գրիչը: Առաջինը որ գրեց, վերջին ցանկությունն էր: Իր կազմակերպությունն ամբողջությամբ վստահում էր Գոռին, բնակարանը՝ ընտանիքին, իսկ սիրտը' Արփիին: Վահրամը միայն Գոռին էր ասել ու կարծես համոզել էր, որ այս կտակի միջոցով հնարավոր կլինի իր իսկ սիրտը փոխպատվաստել Արփիին: Այլ տարբերակ չէր կարող լինել: Իր սիրտը կատարելապես առողջ է, իսկ անմիջապես փոխպատվաստումը մեծացնում է հավանականությունը սրտի' նոր մարմնում արագ հարմարվելուն: Թեպետ հավանականություն կա նաև մահանալ հետվիրահատական բարդացումներից, բայց իր սիրտը կանի ամեն հնարավորը, որ Արփին ապրի, ապրի նաև ինքը. իր սրտով նրա մարմնում:
Երկրորդ նամակը Արփիի համար էր գրված.
Վահրամը նամակներրը խնամքով տեղավորեց առանձին ծրարների մեջ: Հիմա հանգիստ կարող է քնել: Ամեն ինչ ավարտեց: Մնում է սպասել միայն:

***

Առավոտյան իրեն ավելի վատ էր զգում, քան երբևէ, բայց փոխեց հագուստն ու գնաց Արփիի մոտ: Արփին արթուն էր, ու տեսնելով իրեն' ժպտաց: «Ինչպե՞ս կարող եմ չփորձել փրկել նրա կյանքը, - մտածեց Վահրամը, - միայն մեկ ժպիտի համար արժե կայնքը զոհել»:
-Վահրա՞մ: Ի՞նչ է քեզ հետ կատարվում, այսօր դու ավելի վատ տեսք ունես, - հարցրեց Արփիին՝ տեսնելով Վահրամի է՛լ ավելի գունատ դեմքը:
-Գիշերները չեմ կարողանում քնել, դրանից է հավանաբար, ամեն ինչ լավ կլինի, մի մտածի... Իսկ ինչպե՞ս է իմ հրաշքն այսօր զգում իրեն:
-Շատ լավ: Մեկ-մեկ մտածում եմ' հնարավո՞ր է բժիշկները սխալ են ախտորոշել, ես ինձ շատ լավ եմ զգում, - կատակեց Արփին:
Վահրամը պատասխանի փոխարեն համբուրեց ճակատը:
Ինչպե՞ս ասել նրան, որ այս հանդիպումը վերջինն է, որ երբեք չի տեսնի էլ իրեն, որ երբեք իր աչքերը չեն հիանա իր գեղեցկությամբ: Ավելի լավ է լռել: Լռությունն նման դեպքերում լավագույն ընկերն է դառնում:
Վահրամը նայում էր Արփիին, բայց չէր լսում նրան: Միայն փորձում էր ժպտալ: Մի պահ թվաց խլացավ ամենն ու աշխարհը, քար լռություն: Բայց Արփիի շուրթերը շարժվում էին: Նկատեց ինչպես ներս մտան, բժիշկը, մայրն ու Արփիի մայրը: Լսողությունը վերականգնվեց ու լսեց Արփիի ձայնը
Որքա՜ն կյանք կա այս գեղեցիկ մարմնում, որքա՜ն ջերմություն, բայց ինչպե՞ս հավատալ, որ հաշված օրեր հետո նա նույնպես կարող էր մահանալ: Ոչ, այդ մեկն ինքը թույլ տալ չէր կարող: Նա հավատում է հրաշքներին, իսկ հրաշքներ լինում են:
-Ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հետ եմ լինելու միշտ:
Արփին չհասկացավ Վահրամի խոսքերի իսկական նշանակությունը, բայց ներկաները հասկացան, թե ինչ նկատի ունի Վահրամը: Արփիի դեմքին նորից խաղաց ժպիտը: Վահրամը գրկեց Արփիին:
-Իսկ հիմա թողեք մի փոքր շունչ քաշի հիվանդը: Ես վստահ եմ, որ սերը կյանք է տալիս, բայց հիմա դուք նրան շնչահեղձ կանեք, - ծիծաղով ասաց բժիշկը: Վահրամը կրկին համբուրեց Արփիին ու վեր կացավ՝ փորձելով ցույց չտալ հուզմունքն ու տկարությունը: Բժիշկը մոտեցավ Վահրամին ու նրանք միասին դուրս եկան սենյակից:
Միջանցքում Վահրամը բժշկին մեկնեց ծրարներից մեկը:
-Սա ձեզ կօգնի խնդիրներից խուսափել:
Բժիշկը հասկացավ Վահրամի միտքը:
Երբ նրանց միացավ Վահրամի մայրը, բժիշկը ներողություն խնդրեց ու հեռու գնաց:
Մոր աչքերում արցունքի կաթիլներ կային:
-Ներիր, մայրի՜կ, - ասաց Վահրամն ու գրկելով մորը' շշնջաց. - Սիրի՛ր նրան այնպես, ինչպես ինձ, որովհետև ես ապրելու եմ նրա սրտի փոխարեն: Սրտի բաբախյունն իմն է լինելու...

***

Վահրամն այդ օրն այլևս ոչ մեկի հետ չէր ցանկանում խոսել: Արփիին տեսակցության գնալուց հետո մի տեսակ խոսելն էլ չէր գալիս: Նա չի իմանա մինչև վիրահատությունը, իսկ հետո՞, երբ իմանա, որքա՜ն ծանր կլինի նրա համար: Բայց կհասկանա: Եթե կա հույս, եթե կա հնարավորություն, ուրեմն պետք է փորձել:
Այս կյանքը մեզ համար գոյություն ունի քանի դեռ մենք կանք այստեղ, իսկ առանց մեզ' այն կմնա միայն ուրիշների համար: Իսկ մահից հետո՞: Հավատա՞լ, որ ամեն մի վերջ ինչ-որ մի նորի սկիզբն է: Վահրամը քմծիծաղ տվեց: Գուցե ճշմարտության կաթիլ կա այստեղ, քանի որ դժվար է հավատալ, որ մահով ավարտվում է ամենը: Աչքերի առաջ նորից մանկությունն էր: Երբ փոքր էր, հաճախ էր դիտում' ինչպես է Արևը մայր մտնում: Երկնակամարը գունավորվում էր վառ կարմիր գույնով, իսկ հորիզոնում արևի սկավառակը հետզհետե անհետանում էր՝ իր հետ տանելով օրը: Օրը մահանում էր, Արևը գնում, բայց միայն նրա համար, որ նորից վերադառնա առավոտյան, ժպտա ու լուսավորի: Ոչինչ չի ավարտվում հենց այնպես ու հենց այնպես չի սկսվում:
Ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Կյանքը մի ուղի է, որ բաղկացած է ակնթարթներից ու վայրկյաններից: Նրանք անվերջ շտապում են, գալիս են ու գնում, բայց երբեք կանգ չեն առնում:
Վահրամը վեր կացավ:
Գոռը մոտեցավ, որ օգնի եղբորը:
-Ուզում եմ վայելել մայրամուտի վերջին շողերը, դրանք այնքան գունեղ են հիմա:
-Կուզե՞ս աթոռին նստել
-Ոչ, ես ուզում եմ դուրս գալ: Օգնիր ինձ մի քիչ զբոսնել դրսում:
Գոռն օգնեց Վահրամին դուրս գալ հիվանդանոցից բժշկին հարցնելուց հետո: Վահրամը դանդաղ էր քայլում, բայց նրա դեմքին տարօրինակ մի ժպիտ էր հայտնվել, որ փոքր-ինչ վախեցնում էր Գոռին: Վահրամը հիացած շուրջն էր նայում. ասես առաջին անգամ էր տեսնում շրջակայքն ու այն ամենն, ինչ շրջապատում էր իրեն:
-Մայրամուտի գույներն ասես ներկում են իրենց գույնով ամենը, տեսնո՞ւմ ես' որքան գունեղ է ամենը, թե՞ միայն ես եմ տեսնում այս գեղեցկությունը:
-Տեսնում եմ մայրամուտի նույն գեղեցկությունը: Ամեն օր էլ նույնն է, բայց մնացածը նույն գույնն ունեն, - վրա բերեց Գոռը:
-Ո՜չ, ամեն մայրամուտ ու ամեն արևածագ յուրովի է, ոչինչ չի կրկնվում ու ամենը, ինչ կա այս աշխարհում կարողանում է գոյատևել միայն այն պատճառով, որ յուրահատուկ է:
-Արի նստենք, առանց այդ էլ թույլ ես, պետք է խնայես ուժերդ:
-Ինձ թվում է, այսօր մայրամուտն այնքան վառ գունավորում ունի, - խոսեց Վահրամը նստելուն պես, - որ երբեք չի ունեցել: Գիտե՞ս' ի՛նչ հասկացա:
-Ի՞նչ, - հարցրեց Գոռը:
-Կյանքիդ ամեն վայրկյանը պետք է ապրես այնպես, որ վերջին պահին սրտումդ զղջում չլինի: Որ չզղջաս այն ամենի համար, ինչ կարող էիր անել, բայց չարեցիր:
Վահրամը հենվեց նստարանի թիկնակին: Մայրամուտի գույները սկսեցին կուրացնել աչքերը: Ինչ-որ տարօրինակ խշշյուն լսվեց գլխում, ու ամեն ինչ լռեց: Մի քանի վայրկյան հետո լսում էր իր իսկ անունը, որ կանչում էր եղբայրը, բայց ինքն արձագանքել չէր կարող: Կանչերը գնալով ավելի հեռվից էին լսվում, մինչև լրիվ անլսելի դարձան: Հիմա միայն սրտի բաբախյունն էր զգում: Անդավաճան ընկերը շարունակում էր դեռ բաբախել, բայց այդ ընկերոջը հենց ինքը պետք է դավաճաներ: Կուրացուցիչ լույսը տեղին տվեց: Հիմա նա քայլում էր անամպ երկնքի տակ փռված ծաղկած մարգագետնով: Նրան թվաց' գարուն է , բայց մեկ ակնթարթ հետո ծաղիկները չորացան ու կանաչը դեղինի փոխվեց: Հանկարծ աստղալից գիշերն իջավ, ու հիմա նա միայնակ կանգնած է բարձունքին: Շուրջը միայն աստղեր են ու լուսնի ամբողջական սկավառակը, բայց հորիզոնը սկսվում է լուսավորվել, լուսինն ու աստղերը խամրում են:
Արևն սկսում է շողալ: Գարուն և աշուն, Լույս և խավար, Սկիզբ և ավարտ: Հիմա նա կանգնած է եզրագծին ու հետ գնալ չի կարող, քանի որ ճանապարհ չկա, բայց առաջ գնալ կարող է, անգամ եթե այն կլինի սկիզբը ու հետո նորից կունենա ավարտ…
Նորից մայրամուտ, թվում է' այս մեկը նման է այն մայրամուտին, որ հմայվում էր քիչ առաջ: Բայց այն մայրամուտ չէ, այլ մի լույսի աղբյուր, ու նա ասես սլանում է դեպի լույսը: Սրտի բաբախյունը իր հետ է: Ինչո՞ւ է այն այսքան ուժգին բաբախում: Ահա և լույսը: Լույսի աղբյուրը այնքան մոտ է թվում ու այնքան պարզ է, բայց չի կուրացնում: Թվում է' արտասովոր ջերմությունը լույսի հետ իր մարմինն է մտնում: Սրտի բաբախյունի ձայնը հասնում է ականջին: Բայց այն իր սրտի ձայնը չէ, այլ լույսից եկող ձայնը: Ձայնն անմիջապես կտրվում է: Է՛լ ավելի մեծ թեթևություն է զգում, ասես մարմնից ինչ-որ բան դուրս է գալիս ու փորձում միանալ լույսին: Նա ձեռքը մեկնում է ու փորձում դիպչել իր մարմնից պոկված լույսին: Վայրկենապես ամեն ինչ մթնում է, ու հիմա միակ լուսավորը իր մարմնից պոկված լույսն է: Բայց հեռվում լույսի մի կետ է տեսնում, պետք է հասնել, ամեն գնով հասնել լույսի մյուս աղբյուրին:
Հեռավոր լույսի կետն արդեն հեռու չէ, հիմա նա կհասնի: Մութը նահանջում է, նոր լույսն ասես սկսում է կլանել իրեն: Նրանից նորից այն ջերմությունն է, որ ջերմացնում է ողջ մարմինն ու հոգին… Կրկին ականջին է հասնում բաբախյունի ձայնը, այս անգամ արդեն իր ձեռքում պահված լույսի աղբյուրն է բաբախում սրտի պես: Հիմա նա ամբողջությամբ կձուլվի լույսին, կկլանվի ու կանէանա այն լույսի մեջ, որ այդքան ջերմություն ունի: Ձեռքում պահված լույսը միանում է մեծ լույսին ու դառնում ամբողջության մեկ մասնիկը: Լսում է իր սրտի վերջին բաբախյունը, վերջինը, իսկ հետո արդեն այն կդառանա նրա՛ բաբախյունը: Նորից ձայներ: Այո՛, նա հասցրեց անել այն, ինչ պետք է աներ: Սա էր առաքելությունը, ու դա իրեն հաջողվեց:
Այլևս ոչինչ չկար: Տարօրինակ զգացողություն տիրեց: Նա հիմա ամբողջության մի մասնիկն էր ասես, ժամանակի՝ անհաշվելի ու անծայրածիր, անեզր ու անսկիզբ, հավերժության մասնիկը:

***

Բժշկին անմիջապես շրջապատացին, երբ դուրս եկավ վիրահատարանից:
-Ամեն ինչ հաջող է, - փայլեց նրա դեմքին ժպիտը:
Հերթական բարդ վիրահատությունը պսակվեց հաջողությամբ: Լսվեցին առաջին շնորհակալական խոսքերը:
- Մի քանի օր կմնա խիստ հսկողության տակ: Տեսակցություններ չեն կարող լինել:
Բժիշկը հայացքով փնտրեց աղջկա մորը:
Աշխատասենյակում բժիշկը տիկին Արմինեին մեկնեց Վահրամի նամակը:
-Կարծում եմ, այս նամակը կօգնի ձեզ: Կհանձնեք նրան, երբ ես կասեմ …

«Ես պետք է ասեմ ու միշտ կրկնեմ, քեզ շատ եմ սիրում: Հիմա կողքիդ չեմ, բայց ոչ էլ քեզնից հեռու եմ: Միշտ քեզ հետ կլինեմ ամենուր, ուր էլ գնաս, որտեղ էլ լինես: Հավատա՛, մենք անբաժան կլինենք: Իմ սերը քեզ նոր կյանք կտա, նորից կստիպի սիրես, ժպտաս: Կժպտաս իմ փոխարեն ևս: Կնայես Արևին, աստղերին, երկնքին, մայրամուտին մի փոքր ավելի՝ իմ փոխարեն:
Հիմա, երբ գիտես ամենը, միակ խնդրանքս այն է, որ չտխրես: Ուզում եմ միշտ ժպտաս, ու ես էլ կժպտամ: Եթե արտասվես, ես նույնպես կարտասվեմ: Ահա և իրական հրաշք: Միշտ լինել նրա հետ, ում սիրում ես: Ամուր գրկում եմ: Չեմ ասում հաջողություն, այլ միայն բարև»:

***

Այս աշխարհը կա միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար: