Ցածում վառվում է Վայք գյուղի համայնապատկերը…
Հենվում եմ խոնավ պարսպին, ավելի ամուր եմ գրկում ծնկներս, հայացքս խաղում է անթիվ լույսերի հետ:
Լուսնի շողերը կարճացրել են գիշերվա ստվերները, կուտակել պատի տակ:
Եկեղեցու զանգերի հետ սարսուռ է անցնում մարմնովս…
Եկեղեցում ցուրտ է, եկեղեցում մրսում եմ, դողում, եկեղեցում մտքերս խառնվում են, փախչում, եկեղեցում շփոթվում եմ, ամաչում եմ, եկեղեցում կարոտում եմ…
Հանդիսավոր է կեսգիշերին Գանձասարի եկեղեցին' կորաձև հորիզոնի վրա…
Էջմիածնից ոտքով Արցախ հասած ուխտավորները աշխարհից վերացած լսում են պատարագը:
Նախանձում եմ նրանց…
Երիտասարդ եկեղեցականը ասում է, որ եկեղեցին միայն շինություն չէ ու էլի ինչ որ բաներ է ասում երիտասարդ եկեղեցականը՝ հեգնելու չափ մեղրագույն , խորը աչքերով, խոնարհ…
Ողջ եկեղեցին լուսավորված է…աղոթքի նման է, խաղաղ, վեհ, բարձր…
Լույսը դողում է շուրջս, փարվում է մարմնիս, կուրացնում է աչքերս, բայց չի լցվում ներսս…
Հմայում է գիշերային եկեղեցու լուսավոր անդորրը…
Սիրուն լուսանկար է ստացվում…
Հենվում եմ ցուրտ պարսպին, ավելի ամուր եմ գրկում ծնկներս:
Զանգերի հետ սարսուռ է անցնում մարմնովս: Զանգերի հետ գլխումս անվերջ հնչում, պողպատաձայն զրնգում են բառերդ.
-Որոշել եմ…
-Դե, եթե դրանում ես գտնում խաղաղությունդ…
Քեզ հետ այնքան թանկ էր այս ամենը… առանց քեզ ավելի թանկ դարձավ…
Եկեղեցում կարոտում եմ քեզ…