Քեզ սիրել

ինչպես կարող են
ու սիրում են:
Ամենամիակս...
Դու կրկին վերջնականապես
տիրապետում ես իմ ձայնին:
Իմ հավատը քոնից է:
Ես ընդունում եմ այդ իրականությունը
որպես հետևություն
ու թողնում,
որ դու էլ հավատաս
իմ հորինածին:
Մենք հորինում ենք
մեր մարմինները,
ձեռքերը,
պատերը մեր մարմինների:
Ու մեր մսե տները
հենց մեզ էլ մնում են:
Մենք տանտերեր չունենք,
որովհետև մենք
մեզ չունենք,
իրար չունենք:
Ամենամիակս...
Մենք հորինում ենք
մեր մտքերը, երազները,
մենք հորինում ենք
մեր ոչինչը:
Երկուսիս ոչինչը:
Հետո ես ավլում եմ...
Քեզ, քո սեղանը,
սև հացդ, կոճակներդ,
գուլպաներդ:
Քո տունը:
Մենք հորինում ենք
մեր անձրևը,
սուրճն ու ձեռքերը:
Հորինում ենք...
Քեզ,
որովհետև, երբ
դու զարթնում ես,
այդպես հորինված,
կիսատ ու սպիտակ,
ես ընդունում եմ
այդ իրականությունը
որպես հետևություն
ու քեզ սիրում,
ինչպես կարող են
ու սիրում են:
Ամենամիակս...