Չէր կարողանում ոտնաթաթը շարժել: Գիշերվա այն պահն էր, երբ բոլոր ձայները լռել էին ու սեփական շնչառությունը քթի տակ աղմուկ էր առաջացնում: Փողոցի ամբողջ ցեխը կոշիկների տակ էր, բայց մաքրելու համար նախ պետք է հաներ ոտքերից: Կիսաբաց դռան ստվերը սլաքի նման ցույց էր տալիս անկողնու ճերմակ ուրվագիծը: Անտանելի հոգնած էր: Հենվեց բազկաթոռի մեջքին, քերծված մատներով տաբատի գրպանից հանեց թղթադրամների ճմռթված կծիկը: Ոտքի տակ տնքում էր: Ցավը շունչ էր կուտակել կոկորդում, խռխռոցի նման սեղմել էր ճիչը: Քրտնած, փոշոտ թղթադրամները բացեց դողացող մատներով, հաշվեց: Մի պահ մոռացավ ոտքի ցավը: Անասելի դժվար էր չմտածել աղջկա վիճակի մասին: Առաջ հակվեց, փողը խնամքով դրեց ցածրիկ սեղանին, այնպիսի երկյուղածությամբ, ինչպես քնած երեխայի բարուրն են տեղափոխում: Գոհ էր ինքն իրենից, շա՛տ: Կկարողանա բոլոր հարցերը լուծել, իսկ ապագայում համոզված է, որ ամեն բան լավ կլինի: Չէ, կոշիկը հանել էր պետք: Դողացող ձեռքերը բռնեցին ճիտքերից, հրեցին: Ցավը արցունքոտեց աչքերը, անձայն հայհոյեց ու վերջապես դուրս քաշեց անտանելի ոտնամանը: Հետո մի կողմ նետեց ու ցավից գալարվեց՝ բազկաթոռի թիկնակներին խփվելով: Հերն էլ անիծած, կանցնի… Բայց լվանալ է հարկավոր: Լոգարանում՝ ցնցուղի տակ կանգնած, ինքն իրեն ստիպեց վիրավոր ոտքը պահել ջրի տակ: Ջուրը շիթերով լցվեց մրի նման սև ոտքին: Վիրավոր գազանի նման խռխռաց, վայնասուն կբարձրացներ, եթե ուշ ժամ չլիներ: Հարևանները քնից կարթնանային ու կկարծեին, թե Կարոյին սեփական տան մեջ մորթում են: Մի կերպ դուրս եկավ լոգարանից, անտանելի դժվարությամբ հասավ անկողնուն, սողաց վերմակի տակ: Լուսաբացին լավ կլինի, ինքն իրեն օրհնեց, թե հույս տվեց, այնքան էլ չհասկացավ ու սեղմեց ատամները: Ոտքը թմբուկի նման զարկում էր քունքերին: Ցավը մարմին առավ, սեղմեց գիտակցությունը ...

Չէր կարողանում շարժել նույնիսկ ձեռքերը: Հանկարծ հիշեց, որ հիվանդանոց գնալու ժամն է: Կցատկեր անկողնուց, եթե կարողանար մի շարժում անել: Մի պահ կիսաբաց կոպերի արանքից դիտում էր անձրևի սողացող հետքերը ապակուն: Ինքն իրեն հաղթահարեց: Գերմարդկային ճիգով բարձրացավ տեղից: Ոտքը դուրս բերեց վերմակի տակից, երկյուղով զննեց: Կապույտ բծեր կային ճզմված անոթների արանքներում: Մատներն ուռած էին ու սևացած: Միայն սա էր պակաս այս պահին… Երբ սուրճի գավաթն արդեն դատարկվել էր, երբ լրիվ համոզված էր, որ ինքնուրույն չի կարողանա հասնել հիվանդանոց, դողացող մատներով հավաքեց ընկերոջ հեռախոսահամարը: Արսենի զրնգուն ձայնը ցավի մեջ նյարդ կաթեցրեց, ցնցեց ամբողջ մարմինը: Ատամների արանքից ընդամենը նետեց. « Պետք ես, արի»...

Մի պահ կոպերն ամուր սեղմած սպասում էր, որ կնոջ ձայնը մի փոքր հանդարտվի, որ ինքը կարողանա ատամների արանքից նետել նրա տված բոլոր հարցերի միակ պատասխանը.
-Լավ չեմ, ինձ հետ դեպք է պատահել:
-Կար, ի՞նչ ես ասում, բարձր խոսի:
-Ասում եմ, ես լավ չեմ, Արսենը հենց հիմա կգա իմ փոխարեն ու քեզ կբացատրի ամեն ինչ:
-Գժվե՞լ ես, ինչ է, էս պահին, երբ այսքան շատ ես պետք, երբ աղջիկդ…
Կարոն իջեցրեց հեռախոսը, սեղմեց բազկաթոռի թիկնակին: Կամ անջատվեց, կամ էլ Սեդան հոգնեց իր նվաղող ձայնի անկապ հնչյուններից: Զգաց, թե ոնց են աչքերը մշուշվում ցավից: Երբ դռան զանգից ցնցվեց ու փորձեց բարձրանալ տեղից, ոտնաթաթին նորից զգաց աղյուսի սեղմող ծանրությունը: Հարվածից գիտակցությունը շշմել էր, ցավը ամբողջ մարմնով էր անցել: Շուրջն աղմկող մարդիկ էին հավաքվել, բայց նրանց բավական հեռվից էր լսում ու ստվերի նման էր տեսնում կիսաբաց կոպերի արանքից: Այնպես դիմադրեց, այնպիսի համառությամբ համոզեց բոլորին, որ ինքը բժշկի կարիք չունի, անմիջապես ցրվեցին հավաքվածներն ու միայն համարձակվում էին հեռվից կարեկից ու մտահոգ հայացքներ գցել Կարոյի ճզմված թաթին:
Մինչև դռանը հասնելը Կարոն նորից վերապրեց ամբողջը: Ականջների մեջ խշշոց էր: Մի ձեռքով բացեց դուռը, մյուսով հենվեց պատին: Հետո զգաց, որ ծնկները ծալվում են, փալասի նման սողաց պատով ու փռվեց հատակին:

Մի ամբողջ աշխարհ պտտվում էր շուրջը, փուչիկները գունեղ ծաղկեփնջերի նման ճոճվում էին ու խշխշում: Ձեռքին մի մեծ տոպրակ էր պահել, որից դուրս ցցված շլդիկ ականջները մատնում էին խաղալիքի տեսակը: Սեդան օղակել էր ամուսնու մեջքն իր զարմանալի բարակ թևով ու ականջի տակ շշնջում էր անակնկալի բոլոր մանրամասները: Կարոն՝ բնավորությանը հավատարիմ, չէր հավանում նրա բերանբացությունը, միայն կողքից ժպտում էր ու հուզվում նրա ներկայությունից: Ինքն իրեն հաղթած կլիներ, եթե կարողանար զսպել ֆիզիկական ցավը, որ առաջացնում էր նրա թևի հպումը: Վերջին ամիսների ընթացքում Սեդան ոչ մի անգամ այսքան մոտ չէր նստել, ու ինքը ոչ մի անգամ այսքան հեռու չէր զգացել նրա ներկայությունը: Լիկան փոքրիկ ձեռքերով փաթաթվեց հոր պարանոցին, շվշվացող ձայնով պատմեց, թե ոնց էր Արսեն դյադյան գուշակել, թե ինքը որ տիկնիկն էր ուզում խանութի ցուցափեղկից: Կարոն գրկեց աղջկան, նստեցրեց ծնկին, նորից նայեց կողքին նստած կնոջը: Հասկացավ՝ Սեդան այս անգամ էլ էր Արսենի մոտ շատախոսել: Երկար թարթիչներ ուներ իր կինը, որոնք ստվերում էին մոխրագույն աչքերի չարաճճի փայլը: Լիկան այտը սեղմեց հոր այտին, հետո նրա ձեռքից խլեց տոպրակը, քաշքշելով հանեց նապաստակը՝ խոշոր-խոշոր, զարմացած ու բարի աչքերով: Լիկան իր շատախոսությամբ ու թլվատ ձայնով աղմուկ էր առաջացրել: Կարոն անվասայլակը քշելով հասավ ննջարանի դռանը:

Դարակում մի ամբողջ հարստություն ուներ: Գզրոցը պահարանից ետ քաշած՝ այտը հենել էր ձեռքի ափին ու թաց աչքերով նայում էր. պատանության տարիներից սկսած հավաքել ու պահել էր ամենասովորական իրեր, որոնք առաջին քայլերի նման թանկ ու կարևոր գծել էին իր կյանքի ճանապարհը: Առաջին սիրային քառատողը, որ գրել էր սիրահարված ժամանակ, արծաթյա վզնոցն ու կախազարդը, որի վրա խազեր հիշեցնող բառակույտ էր՝ անհասկանալի, անվերծանելի, բայց այնքան թանկ, որովհետև պապն էր պատրաստել ու օրհնանքի նման կախել իր վզից՝ անգրագետ բառապաշարով մաղթելով թոռանը սիրել կյանքն ու բազուկների մեջ ուժ պահել զավակների համար: Աննման կապույտ մի փոքրիկ թաշկինակ, որ դուրս էր քաշել մոր ափից, երբ նա վերջին ժպիտով խնդրել էր սենյակի վարագույրը մի փոքր էլ քաշել ու ներս թողել մայիսյան արևը: Հոր հնամաշ, բայց աշխարհի ամենահարազատ հոտով ժամացույցը: Լիկայի ոսկեգույն մազափունջն ու մետաքսից էլ նուրբ գուլպաները ամենաթանկն էին, և դա այնքան զարմանալի էր: Դրանք իրենց մեջ ամփոփում էին Կարոյի ամբողջ զգայուն աշխարհն ու հոգին: Երբ այնպես ստացվեց, որ աղջկա առողջությանը վտանգ էր սպառնում, անհապաղ պետք է վիրահատեին, ինքը հասկացավ, որ ցանկացած ժամանակ փոշի է դառնում, երբ հայացքդ կանգ է առնում տառապող երեխայիդ դեմքին: Ինքը թանկ գին է վճարել դրա համար, նրան անդունդից դուրս է քաշել սեփական մարմնով: Հիմա մի քայլ է մնում, ու ստիպված սեփական կամքով ինքն է գլորվում անդունդը: Կարոն զգույշ դարակից դուրս քաշեց կաթնագույն գուլպաները, պահեց ափի մեջ: Երեխայի նման կարտասվեր, եթե քարից էլ պինդ մարմինը չդիմադրեր: Լիկան ճչում էր, ուրախ վազվզում ամբողջ հյուրասենյակով, հատուկ դոփելով կտկտացնում նոր կոշիկները: Սենյակը լողաց հայացքի առաջ. այն ժամանակ վտանգ կար,որ աղջիկը չի կարողանա քայլել, եթե հիվանդությունը խորանա ու ժամանակին չվիրահատվի: Կարոն գուլպաները սեղմեց երեսին, շնչեց քաղցր բույրը, աչքի պոչով նայեց սեփական ոտնաթաթին: Երկրորդ անգամ էին վիրահատելու ոտքն, ու դրանից հետո երևի ընդհանրապես կզրկվեր ոտնաթաթից, բայց ցավից ավելի անտանելի էր շրջապատի վերաբերմունքը: Փոխվել էին բոլորը: Ինքնասիրությունը կոպիտ բռունցքի մեջ հավաքեց կոկորդը: Ծանր էր, բայց բողոքելու համար ինքը չափազանց հպարտ էր: Երբեք չէր մուրա լավ վերաբերմունք, հատկապես, հարազատներից: Դուռը թակեցին, հետո Արսենը ներս մտավ, ծույլ քայլվածքով կտրեց ննջարանն ու մոտենալով, հենվեց գրասեղանին:
-Կա՛ր:
Կարոն հանդիսավոր լռությամբ տեղը դրեց գուլպաները, փակեց դարակը: Հետո նայեց ընկերոջ մռայլված դեմքին:
-Սիգարետ ունե՞ս:
Երբ Արսենը տաբատի գրպանից դուրս քաշեց գլանակների տուփը, Կարոն պարզ տեսավ նրա դողացող մատները: Քմծիծաղով առաջ հակվեց, ափից դուրս քաշեց տուփը, գցեց սեղանին:
-Աչքերի՛ս նայի: Բան էիր ուզում հարցնել:
-Հա…ասում եմ՝ ինչի՞ չես խոստովանում, որ վախենում ես:
-Ինչի՞ց եմ վախենում:
-Վիրահատությունից…
-Վախենում եմ, Արսե՛ն: Շատ եմ վախենում, բայց դրանից քո տղամարդկությունը չի շահում: Եթե ես ցավ ունեմ, եթե այսպիսի դրության մեջ եմ ու առաջվանը չեմ, դա չի նշանակում, որ դու ինձանից ավելի շատ տղամարդ ես: Չնայած, նկատել եմ, բավականին համարձակն ես դարձել, քիթդ այնպիսի տեղեր ես խոթում, ուր նախկինում վախենում էիր նույնիսկ մի հայացք գցել: Բայց մի բան ասեմ, հիշի, լա՞վ:
Կարոն զգաց, որ ձայնը դողում է, նյարդային շարժումով տուփի միջից գլանակ հանեց, վառեց: Հետո բարձրացրեց գլուխը: Արսենի զննող, կանաչ աչքերը փախան կիսաբաց լուսամուտի կողմը, հետո նայեցին սեփական ձեռքերին:
-Ես քո փոխարեն ավելի շատ կվախենայի: Դու կարող ես հանգիստ լինել, ես ընտանիքիդ կողքին եմ:
-Էդ մեկը՝ հաստա՜տ...,-Կարոյի նյարդային ծիծաղը զնգացրեց սենյակի պատերը,-Դո՛ւրս գնա, ուզում եմ մենակ մնալ:

-Պապաս թեյ չի խմում, ինչի՞ ես ստիպում,-Լիկան դռան շրջանակին հենված ճոճվում էր՝ չհամարձակվելով առաջ քայլել:
-Կգա՞ս ինձ մոտ,-Կարոն նստած, հենված դիրքից ուղղվեց ու ձեռքը պարզեց աղջկան:
Լիկայի աչքերում այնպիսի ուրախություն փայլեց, որ Կարոյի սիրտը ճմլվեց հուզմունքից: Մատղաշ մատները տրորվեցին հայրական ափի մեջ, հետո կտրուկ մոտեցան ու սեղմվեցին դողացող շնչին: Սեդան ընդգծված շարժումներով թեյի գավաթը վերցրեց պահարանի վրայից, սենյակից դուրս տարավ:
-Մաման նեղացա՞վ,-աղջկա աչքերը զննող տագնապով նայում էին հոր չսափրված դեմքին:
-Չի նեղացել, հանգիստ եղի…Ուղղակի ես հիմա խնամքի կարիք չունեմ, ու դուք որոշ ժամանակ կապրեք տատիկիդ տանը:
-Մենա՞կ ես մնալու:
-Ես արդեն լավ եմ…