Պատմության այս օրն է ծնվել ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
Գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր:
Ծնվ. 19.09.1869թ., Կ. Պոլիս:
Մահ. 03.10.1926թ., Կահիրե, թաղված է Մարմինա գերեզմանատանը:
Օտյան գերդաստանից:
Սովորել Է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում:
Մամուլում տպագրվել Է 1887-ից:
Ա. Փ. Արփիարյանի հրավերով ստանձնել է «Հայրենիք» օրաթերթի օգնական-խմբագրի (1892-95), ապա՝ խմբագրի (1896) պաշտոնը:
Եղել Է թուրքական իշխանությունների համար «անբարեհույս անձանց» ցուցակում:
1896-ի օգոստոսին գաղտնի հեռացել Է Կ. Պոլսից:
Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո վերադարձել Է:
Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել Է Դեյր Էգ Զոր:
Հրաշքով փրկվելով՝ 1918-ին կրկին վերադարձել Է Կ. Պոլիս,
1922-ին տեղափոխվել Բուխարեստ,
1924-ին՝ Տրիպոլի (Լիբանան),
1925-ին՝ Կահիրե:
Հրատարակել Է մի շարք երգիծական պարբերականներ (Ալեքսանդրիայում՝ «Ազատ խոսք», 1901-08, «Ազատ բեմ», 1903-06, «Կրակ», 1905, Կ. Պոլսում՝ «Կառափնատ», 1910, «Սև կատու», 1912, «Մանանա», 1913-14, «Իգնատ աղա», 1919-20, «Երգիծական տարեցույց», 1921-22):
Հայ դասական արձակում նոր և ծանրակշիռ ներդրում են ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆի ֆելիետոնները, պամֆլետները, «Յեղափոխութեան մակաբոյծները» (1898-99) շարքի պատմվածքները, «ճուղուպրիստ եւ ընկ.» (1910), «Պատերազմ եւ խաղաղութիւն» (1911) վիպակները, «Պրոպագանդիստը» (1901) և եռամաս «Ընկեր Բ. Փանջունի» («Առաքելութիւնը մը ի Շապլուար», 1911, «Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական» և «հմ աշխարհայեացքները», 1914, «Ընկեր Բ. Փանջունի տարագրութեան մեջ», 1923) երգիծավեպերը:
Ծաղրել ու ձաղկել Է ազգային այն գործիչներին, ովքեր, հեղափոխականություն խաղալով, ձևանում են հայրենասեր, իսկ իրականում ոտնահարում, արատավորում են սուրբ գաղափարները: