Անունս մաշկիդ գույնն ունի, անվանս տառերը թարթիչներդ են:
Ժպտում ես այնքան խորը, որքան տխրությունս մաշկիս տակ եմ զգում: Կարոտս աչքերիդ խորհուրդն ունի. աչքերդ անքանդակ են: Իմ լացը քո խնդումն է, իմ ծիծաղը' քո անտակ հոգնությունը: Իմ ձայնը քո անունն է. այսպես Լ-ի ձայնով կանչում եմ քեզ, այսպես սևագրությունից մաքրագրվում ես դու...
Աչքերս ձեռքերիդ ջերմ խոնավությունն ունեն. խոնավ ձեռքերով փակիր քունս կողոպտողի ճամփան: Օրս, ուր դու' բացակա, սենյակիդ դասավորությունն ունի(իրականում ես չգիտեմ քո սենյակի դասավորությունը): Շուրթերովս անունդ տալը քո' անդադար գլանակ վառելու կարևորությունն ունի: Քայլդ ճմրթված մտքերս հարթելու հավակնությունն ունի:
Այսպես չկաս համրորեն, սանրող հայացքից իմ մայթերի դատարկն է թարգմանվում այսպես: Ճեպանկար հայացքդ դիմանկար դառնալու անհրաժեշտությունն ունի. այսպես հողն է հասցեագրվում, խոտն իր դեմքն է սնգուրում...
Այնքան անբարձ եմ քնում ես...
Շունչս առավոտիդ բույրն ունի, ցավդ սուրճս է դառը: Ցաված կոպերիս բացուխուփը սրտիդ համազարկն ունի:
Ախր ես ոչինչ, հավատա, ոչինչ չգիտեմ քո մասին...