«23 հոկտեմբերի 1981 թ. Ֆրեզնո

Պարոնյաք,

Ես՝ «Վիլյամ Սարոյան հիմնարկության», ինչպես նաև Վիլյամ Սարոյանի (որն, ինչպես հայտնի է, մահացել է 1981 թ. մայիսի 18-ին) կալվածքի փաստաբան եմ:

Սարոյանն իր կտակի մեջ նշել է, որ եթե հնարավոր է, ըստ կամոք «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալների, իր աճյունի կեսը (1/2-ը) փոխադրվի Հայաստանում որևէ հարմար տեղ: Մենք այդ խնդիրը քննարկեցինք Հայաստանի գրողների միության նախագահ պրն. Վարդգես Պետրոսյանի հետ 1981-ի հուլիսի 26-ին, երբ նա գտնվում էր Ֆրեզնոյում՝ ներկա լինելու Վիլյամ Սարոյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այդ ժամանակ 2 խնամակալների՝ իմ և պրն Պետրոսյանի միջև կայացավ ընդհանուր համաձայնություն այն մասին (սա ենթակա էր մյուս խնամակալների համաձայնությանը), որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան' Հայաստան, հանուն իր պատվի հատուկ հիշողության:

1981-ի հուլիսի 26-ին պրն Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումից հետո «Վիլյամ Սարոյան հիմնարկության» մյուս խնամակալները (որոնք ներկա չէին պրն Պետրոսյանի հետ հանդիպմանը) նույնպես որոշեցին, որ պրն Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան: Այս լրացուցիչ համաձայնության հետ միասին «Վիլյամ Սարոյան հիմնարկության» բոլոր խնամակալների կողմից միաձայն որոշում ընդունվեց, որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան' որպես մշտական հանգչելու վայր:

Այդ որոշման օրինակը ներփակ ուղարկվում է Ձեզ՝ ի գիտություն: Պրն Պետրոսյանին արդեն 1 օրինակ տրվել է այս որոշումից: Ներկայումս «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փափագն է ի կատար ածել

որոշումը և որքան հնարավոր է շուտ կազմակերպել աճյունի փոխադրման հետ կապված հարցերը: Մեր կարծիքով այս գործընթացը պիտի բաղկացած լինի 2 իրադարձությունից. առաջինը պետք է լինի աճյունի փոխադրումը, երկրորդը՝ դրա տեղադրումը Երևանի պանթեոնում՝ այն վայրում, ուր ներկայումս քանդակվում է հուշարձանը և ուր այն պետք է կանգնեցվի: Աճյունը պետք է ամփոփվի փոխադրումից 1 տարվա մեջ ընկած ժամանակաշրջանում: Հանուն մեր երկկողմանի պարտականությունների իրագործման՝ առանց ավելորդ ձգձգումների պետք է գնահատենք Ձեր շտապ պատասխանը հետևյալ խնդրանքներին և հարցումներին.

Առաջին՝ արագացվի և դյուրացվի Սարոյանի աճյունը Երևան փոխադրող «Վիլյամ Սարոյան հիմնարկության» պատվիրակության ճամփորդությունը, ինչպես նաև արագացվի աճյունի փոխադրման հետ կապված մաքսատնային թույլտվության ձեռքբերումը: «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալները կցանկանային Ձեր կոմիտեից հրավեր ստանալ՝ հասցեագրված «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալներին, որի մեջ ասվեր, որ պատվիրակություն է հրավիրվում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունից»՝ իր հետ Երևան բերելու Սարոյանի աճյունը՝ այն մշտական տեղադրելու նպատակով՝ համաձայն «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալության վարչության 1981 թ. հուլիսի 31-ին կայացրած որոշման, որի պատճենը ներփակ ուղարկվում է այս նամակի հետ: Խնդրո առարկա հրավիրագիրը պետք է ուղարկվի ներքոստորագրյալիս՝ վերոհիշյալ հասցեով:

Երկրորդ՝ կապված այս հրավիրագրի հետ, մեծապես գնահատելի պետք է լինի, եթե Դուք մեզ հայտնեք պատվիրակությանը մաս կազմող անդամների ցանկալի թվի մասին, որը պետք է փոխադրի Սարոյանի աճյունը:

Երրորդ՝ գնահատելի կլիներ իմանալ, թե «Վիլյամ Սարոյան հիմնարկության» համար գոյություն ունի որևէ ֆոնդ՝ հոգալու պատվիրակության ճամփորդության հետ կապված ամբողջական կամ մասնակի ծախսերը: Այս կապակցությամբ Ձեզ պետք է հայտնի լինի, որ թեպետ ժամանակի ընթացքում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունը» պետք է սեփականատերը դառնա Սարոյանի ողջ գրական և այլ ունեցվածքի ու պետք է ստանա այդ ունեցվածքի եկամուտ-հասույթը, ներկայումս հիմնարկությունը ֆինանսական աղբյուրներ չունի՝ հոգալու պատվիրակության Երևան այցելության հետ կապված ծախսերը:

Չորրորդ՝ կուզենայինք խորհրդի կարգով իմանալ պատվիրակության Երևան այցելության մասնավոր թվականի մասին: Խնամակալների համար կարևոր է այս մասին իմանալ որքան հնարավոր է շուտ, որպեսզի պատվիրակության անդամները իրենց օրացուցային պլանները կազմեն ըստ այդմ:

Մենք պատրաստ ենք Սարոյանի աճյունը փոխադրել՝ համաձայն նրա սեփական ցանկությունների և անհամբեր սպասում ենք Ձեր հրավիրագրին և վերը առաջ քաշած հարցերի Ձեր պատասխաններին:

Հարգանոք՝ Ռոբերտ Մ. Դեմիր»:

«9 դեկտեմբերի 1981 թ. Երևան

Հարգելի պարոն Դեմիր,

Ամենից առաջ կուզենայի Ձեզ տեղեկացնել, որ մեր մեծ հայրենակիցը՝ Վիլյամ Սարոյանը, արժանացավ ՀԽՍՀ Գերագույն սովետի մրցանակին՝ խաղաղության և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին կատարած ակտիվ գործունեության համար: Այդ բարձր մրցանակի շնորհումը գոհունակությամբ ընդունվեց մեզանում՝ իբրև մեծ գրողի, հայրենասերի և խաղաղության նվիրյալի կյանքի և վաստակի արժանի գնահատանք: Վստահ ենք, որ սփյուռքահայության զանգվածները նույնպիսի զգացումով կընկալեն մրցանակի շնորհումը:

Ի պատասխան հոկտեմբերի 23-ի Ձեր նամակի (որ մենք ստացանք նոյեմբերի սկզբներին)' հայտնում ենք, որ Հայաստանի գրողների միությունը ուրախությամբ ի գիտություն է ընդունում Սարոյան ֆոնդի վերջնական որոշումը՝ մեծ գրողի աճյունի մի մասը (համաձայն կտակի) Մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան փոխադրելու մասին:

Ինչպես ես Ձեզ արդեն տեղեկացրել էի, Վ. Սարոյանի աճյունը հողին կհանձնենք Երևանում՝ Կոմիտասի պանթեոնում, որտեղ թաղված են մեր մշակույթի մեծերը: Մենք նպատակահարմար ենք համարում, որ աճյունի փոխադրությունն իրականացվի 1982 թ. գարնանը, ավելի ճշգրիտ՝ 1982 թ. մայիսի երկրորդ կեսին, որը զուգադիպում է գրողի մահվան առաջին տարելիցին:

Նպատակահարմար կլինի, որ Սարոյանի ֆոնդի ներկայացուցչի հետ աճյունն ուղեկցեն ամերիկյան մեկ և ամերիկահայ մեկ գրող, այսպիսով՝ երեք մարդ Սովետական Հայաստանում պատվիրակությունը կլինի Հայաստանի գրողների միության և Սփյուռքի կոմիտեի հյուրը, ուր անհրաժեշտության դեպքում

մենք միջոցներ կորոնենք նաև ճանապարհածախսը (առնվազն՝ մի մասը) վճարելու համար:

Գրողի մահարձանի հետ կապված հարցերը մենք կլուծենք իր ժամանակին, ինչպես վայել է մեծ գրողի և քաղաքացու անվանն ու հիշատակին:

Վերջում կուզենայի, որ Դուք իմ բարեկամական ողջույնները հաղորդեիք պարոն Պեաերսին և պարոն Սեդրակյանին, որոնց հետ ունեցած մեր հանդիպումը Ֆրեզնոյում ես հիշում եմ սիրով:

Թեպետ մենք բավական ժամանակ ունենք, բայց կուզենայինք Ձեզանից շուտափույթ պատասխան ստանալ՝ հարցերը վերջնականապես ճշգրտելու համար:

Հարգանքով՝ Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Վարդգես Պետրոսյան»:

Ծանոթագրություն.- Սարոյանի աճյունը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորվել է 1982 թ. հունիսի 1-ին: Կալիֆոռնիայից Սարոյանի աճյունը տեղափոխող պատվիրակությունը գլխավորել է «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փաստաբան Ռ. Դեմիրը: Պատվիրակության կազմում են եղել Ալան Ե. Ջանդյանը, Տիգրան Գույումճյանը, Օշին Քեշիշյանը:

503049282_fef17372f2