ՆՐԱ ԱՆՈՒՆՆ ԱՐԵԳ ԷՐ/հատված/ հեղինակ' ԴՄԻՏՐԻ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
…Պլանից շեղում տեղի չունեցավ. Հայաստանի և ԼՂՀ-ի մանկատներին նվիրատվություն կատարելը տևեց հինգ օր և ավարտվեց Երևանով:
Արեգն ու Արմանը կռահեցին, թե ինչու Մայքլը Երևանը թողեց ամենավերջում: Եղբայրները Մայքլին մենակ չթողեցին, որովհետև… Չնայած քսանութ տարեկան լինելուն' Մայքլը դեռ հակառակ սեռի չէր մոտեցել: Չէր սիրում ժամանակ կորցնել, իսկ աղջիկների հետ շփվելը ժամանակի անիմաստ կորուստ էր. այն կարելի էր տրամադրել հարազատներին' նամանավանդ Արեգին, և բիզնեսի զարգացմանը: Մայքլը սկսեց զգալ այդ սկզբունքով առաջնորդվելու ազդեցությունը, որն իրեն հակառակ սեռի հանդեպ դարձրեց ուրբաթախոս: Արեգն ու Արմանը զգացին եղբոր վախը:
Մայքլն արդեն սկսել էր սիրելիի որոնումները մանկապարտեզից, որտեղ հաճախում էր Աննայի կրտսեր եղբայրը: Մինչև այդ աղջկա հասցեն իմացվեց և ուղարկվեց Մայքլի բջջայինին, արդեն երեկո էր: Իսկ մինչև Ռոլլս Ռոյս Ֆանտոմը հասավ այն բազմաբնակարան շենքին, որտեղ ապրում էր Աննան, մութն արդեն ընկել էր:
Մայքլի կողքին նստած Արմանը կորցրեց համբերությունը.
- Դե՞ … դո՛ւխով, ցավը՛դ տանիմ:
- Գնամ դուռը թակելո՞ւ…
- Էգել ենք, օր լռվի՞նք, ծօ՛…
- Խնդրում եմ, որ լռես, Արմա՛ն. ես մտածում եմ:
Մայքլ իրոք ելք էր փնտրում, որ մոտենա այդ գեղեցկուհուն, բայց այն բնավորությունը չուներ, որ սպասեր, մոտենար ու փորձեր խոսեցնել փողոցում:
- Էրթա՞նք ուզելու:
Մայքլը, նայելով Արմանին, հասկացրեց. դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Երկրորդ անգամ նույն գլխացավանքի միջով չի պատրաստվում անցնել: Անցյալ անգամ փրկեց Արեգը, իսկ այժմ գուցե Արեգն էլ չկարողանա օգնել:
- Յե՛լ, սերենա՛դ երգե,- կրկին առաջարկեց Արմանը:
- Գուցե լավագույն տարբերակը դա է,- ժպտաց Մայքլը,- բայց Մեծ Բրիտանիայում չենք:
Հետևի նստարանին նստած Արեգը առաջ եկավ, հենվեց Մայքլի ու Արմանի ուսերին.
- Էս հայկական երգարվեստի ղառղառ ներկայացուցիչները երգելուց կխոսա՞ն…
- Ծօ՛, ըսիկ սավսեմ է ջրկցել,- արձագանքեց Արմանն ու հարձակվեց Արեգի վրա:
Մայքլը միացավ Արմանին…
Երբ գզուզն ավարտվեց, վերադարձան Մայքլի խնդրին: Մայքլի ուրբաթախոսությունն ի վերջո հունից հանեց Արեգին.
- Բանըմ չեք կռնա բաշարե,- ասաց ու բացեց իր դուռը' հրամայելով Մայքլին,- հըլը բագաժնի՛կը բաց:
- Քո բառապաշարում որտեղի՞ց է հայտնվել բագաժնիկ բառը,- ժպտալով հարցրեց Մայքլն ու սեղմեց սեղմակներից մեկը:
- Արմանից եմ խոնավություն քաշել,- պատասխանեց Արեգն ու իջավ մեքենայից:
- Ընձի՞ց,- հանկարծակիի եկավ Արմանը:
Մայքլը զարմացավ' տեսնելով, թե ինչու էր Արեգն ուզում, որ բացվի բեռնախցիկը.
- Արեգն ի՞նչ է անում:
Արմանին նույնպես հետաքրքրեց այդ հարցը:
- Արե՛գ, էս ի՞նչ կենես:
- Հմի կտեսնիք,- պատասխանեց Արեգն ու բեռնախցիկից վերցրեց կիթառը…
- Սա էր միայն պակասում,- իրեն մեքենայից դուրս գցեց Մայքլը…
Արտասահմանյան ռոմանտիկ երաժշտությունը տարածվեց թաղամասով մեկ…
Մայքլը մոտեցավ Արեգի ձեռքից կիթառը վերցնելու, բայց պատճառը Արեգի վատ նվագելու մեջ չէր, այլ…
- Արե՛գ, վե՛րջ տուր,- պահանջեց Մայքլը,- տո՛ւր կիթառը, արա՛գ:
Լոնդոնում հաճախելով կիթառի դասերի' Արեգն այն աստիճան էր վարպետացել, որ նվագում ու հաճելի ձայնով երգում էր' միևնույն ժամանակ փախչելով Մայքլից: Արմանը միայն նայում էր ու ծիծաղում:
Թաղամասի այդ հատվածի կողք կողքի կառուցված շենքերի գրեթե բոլոր բնակիչները սկսեցին դուրս նայել, թե այդ ինչ կենդանի համերգ է… Իսկ Մայքլն ընկել էր Արեգի հետևից, բայց չէր կարողանում բռնել:
- Արե՛գ, բավակա՛ն է,- նորից հրամայեց Մայքլը:
- Ապե՜, էրեխեն լավ ա երգում… թող շարունակի,- լսվեց բնակիչներից մեկի ձայնը:
Մայքլն այդ ձայնին ուշադրություն չդարձրեց' կրկին փորձելով բռնել Արեգին, բայց Արեգն ավելի ճարպիկ էր…
Մայքլը ճարահատյալ նայեց Արմանին.
- Արմա՜ն, չե՞ս ուզում օգնել:
- Ա՛պ, ես երգել չեմ կռնա:
Արմանի այդ խոսքերից Արեգը ծիծաղից թուլացավ: Օգտվելով այդ ակնթարթից Մայքլը բռնեց Արեգին ու խլեց կիթառը.
- Վա՜յ, Արե՛գ, Արե՛գ,- իրավիճակի անիմաստությունից ծիծաղեց Մայքլը:
Բայց Արեգը ձեռքով ցույց տվեց, որ ամեն ինչ ընտիր է' հաղթանակ արտահայտող ժպիտով նայելով շենքի ուղղությամբ, ու փախավ դեպի մեքենան, որի տեսքը մթության պատճառով չէր երևում:
Մայքլին հետաքրքրեց, թե ուր նայեց Արեգն ու փախավ: Շրջվեց… Շքամուտքի շեմին կանգնած էր Աննան:
- Մայքը՞լ:
- Ների՛ր, գեղեցկուհի՛,- ամաչկոտ ժպիտով ասաց Մայքլը:
- Ի՞նչ,- զարմացավ Աննան Մայքլի այդ դեմելաձևից:
- Ների՛ր այս համերգի համար:
- Արեգն էր, չէ՞:
- Այո՜,- հառաչեց Մայքլը:
- Կգա՞ք տուն,- առաջարկեց Աննան,- ծնողներս ու ախպերս շատ կուրախանան:
- Ո՛չ… անհարմար է…
Տաքսի կանգնեց, որից իջնող մայր ու դուստր ընդհատեցին նրանց զրույցը: Մայքլն ահաբեկում տեսավ Աննայի աչքերում, որ վազեց տաքսու ուղևորներին ընդառաջ.
- Մարիա՞մ: Ի՞նչ ա էղել:
- Տունն ա կրվել, Աննա՛,- լացելով ճչաց Մարիամը:
Մայքլը հեռվից հետևում էր: Դանդաղ մոտեցավ Աննային ու Մարիամին.
- Աննա՛…
- Ների՛ր, Մա՛յքլ,- մի պահ շեղվեց Աննան ու նայեց Մարիամին,- Մայքլն է:
- Դո՞ւք եք մեր պուճուր ախպորը գտել,- երախտագիտական հայացքով հարցրեց Մարիամը:
Մայքլը ձեռքի շարժումով ցույց տվեց, որ այլևս չի ցանկանում լսել այդ թեմայի մասին: Նայեց Աննային.
- Երեխան կարող է մրսել. նրան տո՛ւն տար,- ասաց ու նայեց Մարիամին,- որտե՞ղ է այդ խաղատունը…
- Մա՛յքլ…
- Ես կուղեկցեմ Ձեզ,- Մարիամին ասաց Մայքլը' չթողնելով, որ Աննան խոսի,- չի կարելի մենակ գնալ այդպիսի վայրեր:
- Շնորհակալ եմ,- ասաց Աննան:
- Ի՞նչ փաստաթուղթ եք տանելու:
- Տան թղթերն են,- պատասխանեց Մարիամը,- տաքսու մեջ ա:
Մայքլը բջջայինով զանգահարեց.
- Ես մի տեղ եմ գնում, սիրելի՛ս, գնացե՛ք հյուրանոց. չգիտեմ, թե երբ եմ գալու:
- Սիրելի՞ս,- արձագանքեց Աննան ու հանկարծ ինքն իր վրա զարմացավ, որ սկսեց վատ զգալ Մայքլի' հեռախոսային զրույցի ընթացքում սիրելիս բառն օգտագործելուց:
Աննային սկսեց հետաքրքրել միայն դա. մոռացության մատնվեց քրոջ ճակատագիրը:
Մայքլն այդ ամենը կարդաց Աննայի աչքերում:
- Նա է իմ կյանքի իմաստներից մեկը:
Հանկարծ Աննան հասկացավ, որ կատարյալ ապուշ է, երբ տեսավ հեռվում կանգնած մեքենայի շարժվելը' կռահելով, որ Մայքլի հեռախոսային զրուցակցին ընդամենը երկու անգամ է տեսել, բայց այդքանն էլ էր բավական, որ սիրեր այդ տղային:
- Վա՛յ, կներե՛ս, Մա՛յքլ…
- Ուշանում ենք,- ասաց Մայքլը Մարիամին:
- Կներե՛ս, Մա՛յքլ,- կրկնեց Աննան:
Մարիամի բջջայինի զանգը, վերադարձրեց նրանց Մարիամի անտուն մնալու խնդրին: Մարիամը վազեց դեպի տաքսին: Մայքլը հետևեց Մարիամին' մեծ տանջանքով թաքցնելով ծիծաղը. անհիմն խանդ, սեր, կասկած, հետաքրքրություն հեռախոսային զրույցներից. այս ամենը տանում է դեպի ամուսնական կյանք…
… Մայքլն ու Մարիամը Մարիամի ամուսնուն գտան խաղատան առանձնասենյակներից մեկում' երեք խաղընկերների հետ:
- Բերե՞լ ես,- հարցրեց Մարիամի ամուսինը:
Մարիամը տվեց ամուսնուն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հայտնվեցին նրա խաղընկերոջ ձեռքերում: Խաղընկերն սկսեց ուշադիր զննել դրանք. թերթելով' զարմացավ.
- Արա՛, բա ասում էիր' քաղաքի կենտրոնում ա:
- Մի քանի կիլոմետր ա հեռու,- արդարացավ Մարիամի ամուսինը:
- Լսի՛, արա՛, էս տունը սաղ պարտքերդ չի փակում… տանդ գինը հլա վրեդ քսան հազար թողնում ա… ընենց որ, իրեք օրից բերես, թե չէ գլխիդ շչյոդչիկ ա ֆռռալու:
- Ապե՛, բեր մի հատ էլ խաղանք,- առաջարկեց Մարիամի ամուսինը:
- Արի՛,- քմծիծաղ տվեց խաղընկերը,- բա, որ էլի կրվես, ո՞նց եմ ստանալու:
- Մաքսիմում մեկ շաբաթից կստանաս:
Այդ ամենը ստիպեց Մարիամին բարձրաձայն լացել.
- Էս ի՞նչ ես անում:
- Արա՛, կնգատ ասա՛' սենյակից մաքրվի,- համբերությունը կորցրեց մյուս խաղընկերը:
- Դրսո՛ւմ սպասիր,- միջամտեց Մայքլը' դիմելով Մարիամին:
- Է՞ս ով ա, արա՛,- ծաղրական զարմացավ Մարիամի տան նոր սեփականատերը:
- Ես կարո՞ղ եմ դիտել,- խնդրեց Մայքլը,- սիրում եմ նայել այս խաղը:
Կոկիկ հագնված հասակակցի խնդրանքը նրանք ծիծաղով ընդունեցին:
- Նայի՛, ապե՛…
Մայքլն անկյունում կանգնած հետևեց խաղի շարունակությանը: Ամեն ինչ վերլուծեց. փաստորեն խաղում են չորս հոգով, իսկ պարտվում է միայն մեկը: Հետևաբար խաղում են երեքն ընդդեմ մեկի: Երևի տեսել են էլեկտրոնային ավտոմատի մոտ իր բախտը փորձելիս և աչքից բաց չեն թողել նրան ու հրավիրել իրենց հետ առանձնանալու և առանձնասենյակում խաղալու, որը բնականաբար չէր մերժվել: Մայքլը սկսեց զզվել այդ չորսից: Տանել չէր կարողանում խաղամոլությամբ այն աստիճան տարվողներին, որոնք կործանում են իրենց ու հարազատներին: Իսկ մյուս երեքին' որովհետև անտարբեր չեն դժբախտության վրա փող աշխատելուն: Բայց չնայած այդ ամենին' Մայքլը ազնիվ էր ու չէր կարող մտքում ծափահարությունների չարժանացնել այդ երեքին: Ներքուստ հիացավ. շատ խելացի կազմակերպված աշխատանք է: Եվ ահա Մայքլը նույնպես արժանացավ Մարիամի տան նոր սեփականատիրոջ ուշադրությանը: Տեսել էին նոր անձ, որ մոլախաղի հանդեպ անտարբեր չէ, և ինչ որ առիթ էր փնտրում նրանց խնդրելու, որ միանա խաղին: Եվ այդ խելոք, միամիտ երիտասարդին' Մայքլին, պետք է հնարավորություն տալ.
- Խաղալ գիտե՞ս, ապե՛:
- Երբեմն պոկեր եմ խաղում,- հանգիստ պատասխանեց Մայքլը:
- Դե նստի՛ խաղանք, ապե՛,- արձագանքեց Մարիամի ամուսինը:
Մայքլին զարմանալի չթվաց, որ վերջապես արժանացավ Մարիամի ամուսնու ուշադրությանը, որը կապ չունի իր' Մարիամի հետ խաղատուն մտնելու հետ: Հասկանալի է. տեսավ խաղընկեր, որը կարող է իրենից թույլ լինել: Կարող է այս անգամ բախտը բերի՞…
- Արի՛, ապե՛:
Մայքլը որոշեց կողքի չմնալ ավել գումար աշխատելու հնարավորությունից:
Երբ Մարիամը կորցրեց համբերությունն ու վերադարձավ սենյակ, կանգնած տեղում սառեց' տեսնելով, որ Մայքլն էլ է միանում խաղացողներին: Լացելով դուրս վազեց Աննային զանգահարելու:
Երբ Մայքլը հարմար նստեց իր աթոռին, խաղը վերսկսվեց, սակայն հինգ հոգով: Խաղաքարտերը բաժանեցին և խաղադրույքը սկսվեց Մայքլից:
- Սկսի՛, ապե՛,- առաջարկեց Մայքլից ձախ նստածը:
Մայքլը ուսումնասիրեց խաղաքարտերն ու վերջապես սկսեց.
- Հիսուն հազար…
- Ապե՛, մինիմալ ստավկեն հարուր հազար դրամն ա:
Այդ դիտողությունը զարմացրեց Մայքլին.
- Դուք դրամով եք խաղո՞ւմ:
- Բա հո կտոցների վրա չենք խաղալու:
Մայքլը, կտոցների մասին խոսացողին արհամարհելով, ուշադիր նայեց հարյուր հազար դրամի մասին ակնարկողին.
- Հիսո՜ւն… հազա՜ր… դոլլլլլլլլլլլաաաաա՜ր:
Վերջինիս ականջին հալեցնելով' Մայքլը ստիպեց մյուսներին լրջանալ:
- Ապե՜, կատակ ես անո՞ւմ:
Մայքլը, որպես պատասխան, կոստյումի կրպանից հանեց հարյուր դոլլարանոցներով կապոցն ու գցեց սեղանին' ծաղրական ժպտալով:
- Չգիտեի, որ մանկական խաղադրույքներով եք խաղում,- մասսայական ծաղրեց Մայքլը,- բայց քանի որ հայտնվել եմ մանկապարտեզում, ձեզ մի քանի կյանքի դաս կտամ, որ երբ մեծանաք, ձեր ոտքը քարին չդիպչի:
Մայքլի խաղընկերները մռայլվեցին' հասկանալով, որ նոր խաղընկերը լուրջ դեմք է, քանի որ միանգամից սկսեց հիսուն հազար դոլլարից, և նրա ծաղրանքին չպատասխանեցին:
Բոլորն էլ հասկացան, որ բռնած մաստերը բավական չեն Մայքլի խաղադրույքին պատասխանելու համար:
Համբերատար սպասելով մինչև վերջին մարդը կասի փաս բառը' Մայքլը զարմացավ.
- Չհասկացա… Ոչ ոք չի ուզում խաղա՞լ,- շշմած ցույց տվեց ձեռքի խաղաքարտերը,- բայց ոչինչ չունեմ… ոչ մի կոմբինացիա:
Մայքլի խաղընկերներն անակնկալի եկան' տեսնելով, որ իրոք իրենց ձեռքերում ավելի ուժեղ քարտեր էին, քան' հաղթողի:
Մայքլը սկսեց, ուրախությունից ձեռքերը շփելով, ցուցադրաբար ծիծաղել.
- Իմ բախտը շատ է բերում,- ասաց ու իրեն գցեց վաստակած գումարի վրա:
Խաղընկերները, զայրույթով, բայց համբերատար, նայում էին, թե ինչպես է Մայքլը չտեսի նման հավաքում կրած հարյուր հազար դրամներն ու իր կապոցով փողերը:
Վերջապես Մայքլը լրջացավ ու նայեց ցասումից եփվող խաղընկերների դեմքերին: Սպասեց' աստիճանաբար ձանձրանալով:
- Դե՞… շարունակե՞նք, թե՞…
Նոր քարտերը բաժանելուց հետո Մայքլի ուշադրությունը գրավեց կտտոցների մասին ակնարկողի նոր ինքնավստահությունը.
- Ասում ես դոլլա՞ր… քսան հազար դոլլար:
Մայքլը նայեց իր խաղաթղթերին, հետո խաղադրույք կատարողին.
- Լա՜վ… քսան հազար դոլլար… և,- բարձրաձայն մտածեց,- ավելացնե՜մ…
Խաղընկերները կրկին մռայլվեցին: Իսկ Մայքլը մտածեց, մտածեց… ու.
- Երկու միլիոն դոլլար էլ վերևից:
Խաղընկերների բերանները մնաց բաց… Մայքլը սկսեց ծաղրական որոնումները, թե ով է ուզում շարունակել: Խաղընկերները հերթով հանձնվեցին, բացի մեկից, որն ուներ կորցնելու բան. խոսքն իհարկե քսան հազար դոլլարի մասին էր: Մայքլը արմունկը դրեց սեղանին, դեմքը հենեց ափին ու ապուշ ժպիտով նայեց վերջինին' սպասելով…
Այդ պահին բոլորին էր հետաքրքրում, թե արդյոք Մայքլը չի կրկնում նախորդ հնարքը, սակայն չէին կարողանում հասկանալ:
Ի վերջո վերջինն էլ հանձնվեց: Մայքլի ապուշ ժպիտը ավելի մեծացավ:
Խաղընկերների հույսերը չարդարացան, որովհետև այս անգամ Մայքլը ցույց չտվեց ձեռքի խաղաթղթերը:
- Շարունակե՞նք,- ժպտալով առաջարկեց Մայքլը:
- Մի բան խմե՞ս, ապե՛,- հարցրեց Մարիամի տան սեփականատերը:
- Ես միայն իմ ընկերների ու հարազատների հետ եմ խմում,- պատասխանեց Մայքլը:
- Մի քիչ պեռեկուռ ա պետք, ապե՛:
- Խնդրե՜մ,- քմծիծաղեց Մայքլը:
Ընդմիջումը տևեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում Մայքլը մենակ էր մնացել սենյակում: Իսկ հակառակորդները, բացի Մարիամի ամուսնուց, միասին դուրս էին եկել հաց ուտելու, այդ ընթացքում ամբողջ շրջապատը ոտքի հանելու, որպեսզի պարզվի, թե ով է այդ ինտիլիգենտը և ինչ է իրենից ներկայացնում: Ժամանակը մինչև հաց ուտելն էր, սակայն առայժմ ոչ ոք չկարողացավ պարզել:
Այժմ կա՛մ վերադառնալ ու շարունակել, կա՛մ…
Մայքլը հանգիստ սպասում էր' սիգար ծխելով, երբ խաղընկերները վերադարձան սենյակ:
Տեղավորվեցին, և խաղը շարունակվեց, սակայն չորս հոգով. բացակայում էր Մարիամի ամուսինը:
Երբ արդեն խաղաթղթերը բաժանված էին.
- Սկսի՛, ապե՛,- ասաց Մարիամի տան սեփականատերը:
- Այս ամենով ի՞նչ ասեմ,- քմծիծաղի միջոցով հասկացնելով, որ լուրջ կոմբինացիա չունի' պատասխանեց Մայքլը,- մեկ միլիոն դոլլար:
Այս անգամ խաղընկերները վստահում էին իրենց ուժերին, որովհետև համոզված էին. Մայքլը չի էլ կասկածում, որ բաժանողն հմտորեն աճպարարություն էր արել' Մայքլին ոչ մի լուրջ քարտ չտալով, իսկ Մարիամի տան սեփականատիրոջը' չորս վալետ:
- Հարց չկա, ապե՛:
Մայքլը մեկ խաղաթուղթ փոխեց ու անակնկալի եկավ:
- Ինչպե՞ս է բախտս բերում,- ասաց ու,- բարձրացնում եմ տաս միլիոն դոլլարով:
- Լուրջ թիվ ա,- քմծիծաղեց Մարիամի տան սեփականատերը,- պռոբլեմ չկա:
Մայքլն ապշեց.
- Դիմացս միլիոնատերի որդի է նստած, և տեղյակ չե՞մ,- ծիծաղեց,- չգիտեի, որ այս աստիճան է բախտս բերելու… Ուրեմն կարելի է անցնել ավելի լուրջ թվերի,- լրջացավ,- հարյո՛ւր միլիոն դոլլար:
Այդ թիվը տակնուվրա արեց հակառակորդներին: Բոլորն էին խառնվել իրար ու չգիտեին ինչ անել: Կրկին անհայտացավ ինքնավստահությունը: Սկսեցին մտածել, թե ինչպես ստիպեն Մայքլին բացել խաղաթղթերը: Մարիամի տան սեփականատերը պետք է պատասխաներ կամ հանձնվեր: Բայց պատասխանելու համար անհրաժեշտ գումարը որտեղի՞ց գտնել… Ուզած-չուզած Մարիամի տան սեփականատերը հանձնվեց' հասկանալով, թե ինչ ապուշություն արեց խաղալով …
Հնչած փաս բառից հետո Մայքլը կրկնեց իր ծաղրական ծիծաղը.
- Կարծում էի, որ թույլ կտաս անցնել իմ սիրած թվին, որը միլիարդն է,- լրջանալով կանգնեց,- հմտորեն կարողացար փոխել իմ խաղաթղթերը: Բայց իրոք մտածում էիր, որ կարող ես ստիպել ինձ բացվե՞լ:
Մայքլն իր խոսքն ավարտեց' ձեռքի քարտերը շպրտելով Մարիամի տան սեփականատիրոջ դեմքին:
- Վաղը կդիմավորեք իմ հաշվապահին,- նորից կրկնելով ծաղրական ժպիտը' ավելացրեց Մայքլն ու դուրս եկավ սենյակից:
Մայքլը դուրս եկավ խաղատնից: Տաքսի չնստեց: Քաջ գիտակցում էր, թե ինչի է ընդունակ պարտվածը, բայց հանգիստ քայլում էր խաղատնից դեպի քաղաք: Քայլում էր մայթեզրով… Քայլեց մոտավորապես կես ժամ: Հանկարծ նրան հետևողները անակնկալի եկան' տեսնելով, որ Մայքլը կանգնեց խանութի մոտ, վառեց ծխախոտն ու քայլեց խանութի կողքով: Նկատելով, որ Մայքլը քայլեց այնպիսի ուղղությամբ, որտեղ մութ է և ոչ մարդաշատ…
Մայքլը դանդաղ անցավ խանութի կողքով, իսկ մեքենայից իջնողներն արագացրեցին…
Հետապնդողներից, որ չորսն էին, ամենահետ մնացածը, երբ անցավ խանութի կողքից, ահասարսուռ ճչոցով' տապալվեց եսնիվայր… Նրան ամենամոտ գտնվողը չհասցրեց շրջվել, ուշաթափվեց: Երրորդը հասցրեց շրջվել, բայց չկարողացավ խուսափել դեմքին եկող բեյզբոլի մահակի բութ կողմից: Անակնկալի եկած վերջինը չհասցրեց հանել զենքը, երբ պատի հետևից հայտնված բեյզբոլի գլխարկովը վրա տվեց, մահակով հարվածեց որովայնին, ոտքով' դեմքին, շրջադարձով ձախ ոտքը' կրունկի ուղղությամբ կատարեց երրորդ ու եզրափակիչ հարվածը…
Մայքլը կանգնեց, ժպտաց, շրջվեց դեպի օգնության հասնողը, դանդաղ մոտեցավ բեյզբոլի գլխարկովին:
- Ծօ՛, նվերըդ ըսիկ է՞ր,- բեյզբոլի գլխարկը հակառակ դարձնելով' դժգոհեց Արմանը,- էրկու վայրկյան էլ չդիմացան:
- Որտե՞ղ է Արեգը,- հարցրեց Մայքլը' հասնելով Արմանին:
- Օր ըսեմ ըստեղ է, կհավատա՞ս… հյուրանոցի մեջն է…
- Իսկ նրա անվտանգությունը:
- Մինչև մոտըդ գալը, սաղ էրել եմ,- պատասխանեց Արմանն ու կրկին դժգոհեց,- բայց ընձի հեչ չես խղճա:
- Գոհ չե՞ս,- ժպտաց Մայքլը:
- Ես էլ գիտեի' իսկական ախռանիկ բդի էղնին:
- Գիշերվա կեսին իմ գտածն էլ սա է:
- Լավ է՛,- հիասթափվեց Արմանը:
Մայքլը ձեռքը գցեց եղբոր ուսին.
- Վաղը Արեգի թիկնապահներին կասեմ, որ քեզ ծեծեն,- մխիթարելու նպատակով խոստացավ Մայքլը:
Մայքլը նայեց առաջին տապալվածին, որ անդադար ճչում էր. ահռելի ցավի պատճառը երկու ոսկորի վերածված սրունքն էր: Արմանը մոտեցավ, ոտքով տրորեց կոտրված մասը' ավելի սարսափելի դարձնելով այդ ճիչը.
- Հերի՛ք է կնգա պես ղժժաս, գլուխս տարար ծօ,- ասաց ու մահակի հարվածով լռեցրեց:
Մայքլը բջջայինով զանգահարեց.
- Երևում է' ձեր հետ պետք է այլ կերպ վարվեմ:
- Ի՞նչ,- զարմացավ Մայքլի հետ հեռախոսով զրուցողը:
- Աղբամաններից մեկում կգտնեք իմ հետևից ուղարկված անասուններին,- ասաց Մայքլն ու անջատեց հեռախոսը:
Երբ Աննայենց շենքի մոտ կանգնեց Արմանի Լամբորջինին, այդտեղ էին Աննան, Մարիամն ու հայրը: Այդտեղ տեղի էր ունեցել ծեծկռտուկ, որն սկսվել էր այն պահից, երբ Մարիամի հայրը շենքի դիմաց տեսել էր փեսային… Կրքերն արդեն հանդարտվել էին:
Նույնիսկ հարևանները նկատեցին, թե ինչ հիասթափությամբ է Աննան նայում Մայքլին, որ հանգիստ մոտենում էր: Մայքլը գրպանից հանեց այնքան գումար, որքան պարտվել էր Մարիամի ամուսինը.
- Սա անձամբ կտանեք խաղատուն,- ասաց Մայքլը Մարիամին,- հանկարծ ամուսնուդ ձեռքը չտաս… նա ոչ թե կվճարի, այլ…
Աննան, Մարիամն ու նրանց հայրը շշմած նայում էին Մայքլին' չհասկանալով, թե ինչպիսի մարդ է իրենց դիմացինը, բայց որ կրկին օգնության ձեռք մեկնեց…
- Ո՞նց շնորհակալ լինենք,- հարցրեց Աննայի ու Մարիամի հայրը,- նախ վերադարձրեցիք փոքրիկիս, իսկ հիմա…
Մայքլը նայեց Մարիամին.
- Փրկի՛ր ինքդ քեզ և երեխայիդ… Ավելի լավ կլինի բաժանվես… Ամուսնուդ նմանները վաղը կարող են… Նա իր հարազատ երեխային էլ կվաճառի, որպեսզի կրկին փորձի իր բախտը:
Աննան կրկին փոխվեց Մայքլի հանդեպ, որովհետև հասկացավ…
Հասկացավ նաև, որ չի ուզում, որ Մայքլը հեռանա, և առիթ փնտրեց Մայքլին խնդրելու, որ մնա.
- Չե՞ս ուզում բարձրանալ մեր տուն' սուրճ կամ թեյ խմելու:
- Գուցե մեկ ուրիշ անգամ, բայց ոչ հիմա,- պատասխանեց Մայքլը,- Արեգիս կարոտեցի:
- Չես կարա՞ իրան էլ բերես:
- Քնած կլինի, բայց եթե դեմ չեք, գեղեցկուհի՛,- հաջորդ շաբաթ ձեզ հյուր կգանք:
- Սպասում եմ,- ուրախացավ Աննա:
Աննայի հայրը երախտապարտ ժպտալուց բացի, ոչինչ չարեց…
… Արմանի Լամբորջինին կանգնեց հինգ աստղանի հյուրանոցի դիմաց: Մուտքի մոտ սպասում էր Արեգը:
Արեգը հասկացել էր, թե ուր գնաց Մայքլը, երբ նստեց այն տաքսին: Լավ էր ճանաչում եղբորը. Մայքլը նույնիսկ քայլում էր' ամեն ինչ հաշվարկելով:
Մայքլն ու Շոնը, եթե ցերեկները ընտանիքի հետ չէին, ապա գնում էին ընկերների հետ գոլֆ խաղալու, իսկ երեկոյան' պոկեր' կրկին ընկերների հետ: Արեգը զզվում էր այն մոլախաղերից, բայց ինչը կապված է Մայքլին ու Շոնին. նրանք խաղում էին, ոչ թե փողի, այլ հաճույքի համար և բացառապես միայն ընկերների հետ, որոնք նույնպես բրիտանական արիստոկրատիայի վերին ներկայացուցիչ էին: Մայքլն ու Շոնը միլիարդների հասնող խաղադրույքներ կատարում էին բացառապես իրար դեմ խաղալու ժամանակ: Հաղթել-պարտվելը նշանակություն չուներ. ուղղակի փորձի ու հմտության ձեռք բերում: Չէ՞ որ ընտանիքի մեկ անդամից անցնում էր մյուսին: Սակայն այս անգամն անհանգստացրել էր Արեգին, որովհետև Մայքլը գնացել էր խաղալու ո՛չ իր ընկերների հետ: Իսկ երբ Մայքլը զանգահարել էր Արամին… Արեգը սարսափել էր, երբ Արմանն այդքան արագ դուրս եկավ հյուրանոցից…
Արեգը չէր ուզում, որ եղբայրները կռահեն իր այն աստիճան ահաբեկվելը, որ խնդրել էր թիկնազորին գնալ եղբայրներին օգնության: Այդ խնդրանքը բնականաբար մերժվել էր: Երեխայի սիրտը տեղն ընկավ, միայն երբ տեսավ մոտեցող Լամբորջինին, որից ողջ-առողջ դուրս եկան եղբայրները:
- Էդ ո՞ւմ էիր Լաս Վեգաս էրել,- քթի տակ ծիծաղելով' հարցրեց Արեգը:
- Չես ճանաչում,- մոտենալով պատասխանեց Մայքլն ու շոյեց Արեգի գլուխը,- ինչո՞ւ եք դեռ արթուն' այս ուշ ժամին, երիտասա՛րդ:
- Ախպերներս գիշերվա կեսին չիդես ուրտեղ են, ես բդի հանգիստ քնի՞մ:
- Խոստանում եմ, որ այլևս չի կրկնվի,- ձեռքը Արեգի ուսին գցելու միջոցով ներողություն խնդրեց Մայքլը,- ազի՜զ, մի՛ մտածիր:
- Քեզի Կո Չունի տեղն օր չդնես, չի՛ էղնի, չէ՞:
- Իսկ ինչո՞ւ ոչ,- ծիծաղեց Մայքլը' փորձելով հանգստացնել զայրացած Արեգին,- Արմանն ուզում է Ջեքի Չանին սուրճ բերող աշխատել, իսկ ես…
- Դու հըլը շատ հաց ու պանիր բդի ուտես, օր յոթանասուն տարի հետո կռնանաս Չոու Յուն Ֆատին կոֆե բերող աշխատիս:
Մայքլն Արեգի այդ խոսքերից ծիծաղեց ու ավելի ամուր քաշեց եղբորը թևի տակ…
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ