Այո, այսպես է եղել իրականում:

«Հայոց համազգային շարժումից պոկած բեկորն առած' Վազգեն Մանուկյանը գնաց ու նոր կուսակցություն հիմնեց (ԱԺՄ): Հետագայում այս բեկորն էլ փշուրների բաժանվեց, եւ ճշմարտության դեմ շատ մեծ մեղք գործած չեմ լինի, եթե ասեմ' ԱԺՄ գրեթե բոլոր անդամները մեկական կուսակցություն ստեղծեցին' «Սեյրան Ավագյան» կուսակցություն, «Արշակ Սադոյան» կուսակցություն, «Շավարշ Քոչարյան» կուսակցություն… Կուսակցությունների իրական անունները չեմ հիշում, ինտերնետի օգնությանն էլ դիմելը ժամանակի վատնում եմ համարում, որովհետեւ գաղտնիք չէ, որ սրանք մարդ-կուսակցություններ էին (նույնիսկ չգիտեմ' հիմա կան, թե չկան): Մինչ հերթական պառակտումն էլ' ԱԺՄ գրասենյակում կուսակցության կնիքը սեփականելու համար կուսակիցները հերոսական ձեռնամարտի մղվեցին: «Հա’ քաշեցին, քաշքշեցին, շաղգամը հողից չհանեցին», ու «պեչատը» մնաց ԱԺՄ-ում, անպեչատներն էլ գնացին նոր «պեչատ» ձեռք գցելու: Դե, հետո գիտեք. քոչարյանական եւ սերժիկական իշխանությունները մանր-մունր գործ-մործ տվեցին ըմբոստ, անարդարություն չհանդուրժող, իրենց ձայնալարերի ողջ ուժգնությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարող էս տղերքին, ու բոլորի զիլ ձայները խզվեցին հավիտյանս հավիտենից: Ահա այսպիսի «փառավոր» ուղի է անցել Հայաստանի նախագահի աթոռին հավակնող մարդու ստեղծած քաղաքական ուժը: Դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի ծաղկում եւ վերածնունդ կապրեր Հայաստանը, եթե մի մատնաչափիկ կուսակցության ներքին խնդիրները լուծելու անընդունակ Վազգեն Մանուկյանը բազմեր ՀՀ նախագահի գահին:»
Լիզա Ճաղարյան