Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին,
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:
Դու երազել ես աստղը հեռավոր, հրեշտակաթև շուշանն ըսպիտակ,
Որ քո վերքերին բալասան լինի, ոսկեշող երազ կյանքի ցավի տակ:
Դու տենչացել ես լույս - ափերի մեջ քեզ իրեն կանչող աղբյուրի երգին,
Եվ անմահության ցողն ես երազել և անուշ լացել երկնային կրծքին,-
Բայց սերը կնոջ' տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:
Ոհ, կնոջ մարմին, պագշոտ, օձեղեն, դիվական անոթ ոճիրների չար,
Դու, որ մսեղեն դառն հաճույքով արևը հոգու դարձնում ես խավար:
Ատում եմ սերը' մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:
Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
Ատում եմ կնոջ' տարերքը կրքի, միշտ բեղմնավորող եղեռնը անսանձ,
Աղբյուրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրա տիղմը չարության:
Ատում եմ նորից սերն ու կնոջը, իր համբույրները շողոմ ու դժնյա, -
Փախչում եմ նրա ճահիճ - մահիճից, և անիծում եմ երկունքը նրա: