Ամեն անգամ Լուսինե Զաքարյանին լսելիս,իմ մեջ անդիմադրելի ցանկություն է առաջացել գրել նրա մասին,բայց և ամեն անգամ զգացել եմ,որ բառերով անհնար է արտահայտել այն անկրկնելի ու խորհրդավոր կախարդանքը,որ ապրում է նրա երգում:

Կախարդանքը...
Որտեղ էլ որ երգում է Լուսինեն՝ Հայֆիլհարմոնիայի համերգային դահլիճում,թե ուսանողական համեստ բեմի վրա,այդ կախարդանքի ուժով սրահն աստիճանաբար,ասես,դադարում է սրահ լինելուց,վերածվում է վսեմ ու բարձրագմբեթ տաճարի՝ լի ոգեղեն երգի կապույտ թրթիռով:
Եվ ինչ էլ երգում է Լուսինեն՝ ոսկեդարով բուրվող մաշտոցյան մի երգ,թե«Անտունի»,այնպես է թվում,թե նրա թիկունքում անտես և աներևույթ կանգնած է Կոմիտասը՝ մոմեղեն ձեռքը դրած երգչուհու ուսին:
Երգում է Լուսինեն, ու ծնվում է պատրանքը...
Ելևէջող հնչյունները գույն ու երանգ են ստանում,ստեղծելով մի ամբողջ աշխարհ,որ հեռու է և մոտիկ,որ կորած է է,բայց և արվեստի ուժով կրկին գտնված,կրկին շնչավորված:
Երգում է Լուսինեն,երգի բարձրացող տարերքի հետ վերանում,գեղեցկանում է նա,աչքերն ասես լցվում են մաքուր կապույտով,ու թվում է,թե հենց այդպիսին են եղել ու այդպես են երգել վաղնջական դարերի քրմուհիները,երբ կանգնել են ծագող արևի դեմ ու լույս հայցել մարդու և աշխարհի համար:
Երգում է Լուսինեն,ու երբ ձայնը գնալով մաքրվում,զտվում,դառնումէ ոգեղեն,թվում է,թե դա հենց այն ոգեղեն սխրանքն է,որով Մաշտոցն ու իր սաները հաստատում էին հայ խոսքի,հայ երգի մաքրությունն ու ինքնությունը:
Երգում է Լուսինեն,ու թվում է,թե միջնադարյան մագաղաթյա մատյանի լաջվարդով ու ոսկով,զմրուխտով ու որդան կարմիրով բանված մանրանկար է դա,որ հանկարծ փոխվել է հնչյունի ու երգի և սավառնում է օդում՝ իր գույների անխամրելի պայծառությամբ:
Երգում է Լուսինեն,և հայացքիդ դեմ ասես լիրն առած լուսինն է իջնում սարահարթին,ուր կիսով հնձված արտ է,ուր դեզի տակ հոգնած շինականն է քնել,իսկ հովը հեռվից գեղջկական երգ է բերում ու երգով լցնում գիշերը:
Երգում է Լուսինեն,և հայացքիդ դեմ փլված տներ են,կոտրած գերաններ,խախտված սյուներ...Ելման գերտերի հառաչն է ականջներիդ մեջ,աշնանային երկնքով անցնող կռունկների տխուր կանչը,պանդուխտի մորմոքող ձայնը...
Երգում է Լուսինեն,և շնչավորվում է մի դարավոր պատմություն,մի ամբողջ կյանք ու կենցաղ:
Եվ զարմանում ես,թե ինչպիսի տարողություն,ինչպիսի գույներ ու երանգներ ունի մարդկային կոկորդից ծնված պարզ հնչյունը,զարմանում,թե այդ հնչյունների ալեբախությունն ինչպես է իմաստավորվում,դառնում գաղափար,ոգու«տոն ու կիրակի»:
Լուսինեի երգը մեր երգարվեստի հրաշալի գյուտն է:Եվ ինչպես բոլոր գյուտերը,զարմանալի լինելու հետ միասին,բնական է,պարզ ու սպասված:Լուսինեն պարզապես գնաց դեպի հայկական երգի ակունքները և,նրա անաղարտ ոգին համադրելով իր ստեղծագործական խառնվածքին ու ձայնին,մեզ վերադարձրեց ազգային երգը,վերադարձրեց մի նոր որակով,խոր հայականությամբ,գույների ու երանգների մի անասելի նրբությամբ:

Եվ Լուսինեի երգը մեզ կրկին անգամ ստիպում է խորհել այն մասին,թե որքան մեծ է լինում արդյունքը,երբ արվեստագետը հենց սկզբից գտնում է ինքն իրեն,ճանաչում իր էությունը,խառնվածքը և հետամուտ լինում դրանց:Լուսինեն հենց սկզբից գտավ իրեն,և այդ գյուտն էր,որ մեզ պարգևեց այն հրաշալի արվեստը,որն այսօր այնքան ջերմությամբ են ընդունում դահլճները,և որի դերն այնքան նշանակալից է:Ես հակված եմ կարծելու,թե նաև Լուսինեի երգով,որն օրեցօր նոր դահլիճներ,նոր սահմաններ,հոգեկան նոր տարածություններ է նվաճում,հայկական անաղարտ մեղեդին իր վերջնական հաղթանակն է տոնում օտարամուտ,կեղծ աշուղական երգի նկատմամբ:
Ահա թե ինչու,երբ երգում է Լուսինեն,ինձ այնպես է թվում,թե նրա թիկունքում անտես ու աներևույթ կանգնած է Կոմիտասը՝ հովանավորող ձեռքը դրած երգչուհու ուսին:
Կոմիտասը երգչուհու հետ է,երբ նա երգում է հայրենի խանդավառ դահլիճներում,Կոմիտասի աջն է նրան հովանի,երբ նա իր հայահունչ երգն է տանում դեպի սփյուռքի հայրենակարոտ դահլիճները,Կոմիտասն է Լուսինեին շունչ ու ոգի տալիս նաև այս օրերին,երբ նա կտրել է Ատլանտյանը,մեկնել դեպի Ամերիկայի հայաշատ վայրերը՝ իր երգով ջերմացնելու հայ մարդկանց սրտերը,հայրենի շունչն ու ոգին տանելու նրանց:
Ուրեմն,փա՜ռք հայ երգին,փառք հայ մեղեդուն,որն ի զորու է այսօր ատլանտյանները կտրել: