Սոսկ դիմակի՜ց պոկված ծիծաղ,
Կիսաժպի՜տը մտազբաղ
մի աղջկա...
Կրքոտ դիմախաղից բացի,
Որ ամենքի՜ն կմատուցի'
ոչի'նչ չկար....
Կանոններով փոխատեղման,
Առանց վարանք ու հապաղման'
նա ինձ տարավ.
Ճարտարելով ստի հանդես,
Խառնագնաց, շամշոտ կրկես'
հոգիս առավ....
Խորհուրդներով ալևորաց,
Իմաստնությամբ գրասիրաց
ես չընթացա.
Մեղրաբերան լրբի ձեռքին,
Բոցվառվող կրքի հևքից,
գերի՜ դարձա....
Մի իգամո'լ անզորությամբ
Եվ հետանկյա'լ սիրերգությամբ
համառեցի.
Սիրո տեղակ' մարմնեղեն կեր,
Երգի տեղակ' դատարկ հանգեր
արարեցի....
Մինչ կեսօրս իրիկնացավ,
Մշուշվեց ցավն ու թանձրացավ'
ինձ դա'ս լինի,
Ցանկության դեմ չդալկանամ
Եվ հետասյու ապրել ջանամ
առաքինի....
Որ դիմակը դեմքից զատե'մ,
Խաղն ու խաղքը հիմքից հատե'մ,
Սերը կրքից զանազանե'մ,
Սուտ ընձյուղը քոքից հանե'մ,
Սիրե'մ խրատն ալևորաց,
Մո'նթը լինեմ գրասիրաց,
Որ չդառնա՜մ կրկին գերի
Շրջոնք շիտակ դիմակների....
©Միքայէլ Սարգիս, Երևան, 2013