Քաղաքը, որտեղից ժամեր առաջ եմ վերադարձել, գալիս էի, որ լինեմ,
ուր քո ոտնահետքերն են հանգչում... Ամեն քարն ու պատը գիտի մանկությունս . ճամփաներն էի համրում մեքենայի ապակուց այն կողմ...Օդը, այնքան հարազատ ու ծանոթ իմ հիշողություններին , տները, մարդիկ, ու դու' բոլորից հեռու, բարձր: Այդ պատկերի մեջ' ես' կանգնած գլխահակ, լացս խեղդած, որ դու չհասկանաս , չտխրես: Երանի, երանի կարող լինեի տանջանքդ բաժանելու ավելի ուժեղներին, որ դու խաղաղ ապրեիր, խաղաղ շնչեիր... Ձեռքդ պինդ սեղմած,աղոթք սերտելով ,հաշվում եմ շնչառությունդ... Դու զգում ես, որ կողքիդ եմ , եկել եմ , որ էլի գնանք իմ սիրած այգին, դու նստես ծառերի հովին, հետևես իմ խաղին, ես ոչինչ չհասկանամ կյանքից, ու մի պայմանով, որ դու չես ծերանալու: Քո մազերի սպիտակի մաքրության չափ պարզ է կարոտս, որին չեմ հավատում, չեմ ուզում հաշտվել, չեմ ուզում գողանան քեզ ինձանից... Ու ես կարոտում եմ նույնիսկ այն ճամփան, որ այսօր ու այսուհետ անցնելու եմ մենակ' ներկայությունդ գրկած: Հիմա' ժամեր անց, դանդաղ, եսասերի եսասիրությամբ, դասավորում եմ հուշերիս մեջ ամեն շարժումդ ու հայացքդ, որ խոնավ աչքերով ինձ էիր բաշխում. միայն թե շուտ չվերջանար այդ պահը... Դու այնքան բան ես արել ինձ համար, դու կյանքս լցրել ես ուրիշ նշանակությամբ, որի դիմաց քեզ ոչինչ չեմ կարող վերադարձնել... Խելագարի գժությամբ ճաքճքած ձեռքերդ էի համբուրում , ճակատդ, ու արցունքս, որ պատահաբար մաշկիդ զգալով 'բացեց աչքերդ: Անունս չտվեցիր այդպես էլ, քեզ տանջեցի իմ անհամբեր հարցերով, ձայնդ ուզում եմ հավերժ մեխվի գլխումս... Մեկ էլ անցա նույն փողոցներով, մեկ էլ, չհրաժեշտի համբույր գողացա. քնած չէիր, զգացիր...Մեկ էլ անցա ետդարձի ճամփով. չգիտեմ ' երբ կվերադառնամ, բայց քեզ երբեք, լսում ես, երբեք հրաժեշտ չեմ տա, ինչ էլ պատահի... Երանի մի քիչ էլ շնչես... (Ամեն)

Հ.Գ.(Հասկանալ, որ վերջն է սա, ու օրդ կիսում են հրեշտակները արդեն:
Կորուստիս համար կներես):