-Մետրո՞ :
-Ըհը:
Զարմացած նայում եմ մետրոյի պատերին: Կարծես՝ առաջին անգամ եմ տեսնում: Ամեն ինչ սկսվեց մեկուկես օր առաջ, երբ դասախոսը առաջարկեց մեզ վերլուծել մեր կողքին նստած հարևանին, փորձել մաքսիմալ լավ ճանաչել նրան ու նրա մասին զեկույց գրել: Մենք ունենք երեք օր: Երեք օրում պետք է մարդուն ճանաչել: Ինչպես նշեցին՝ մաքսիմալ լավ : Համոզվում եմ, որ պետք չէր հոգեբան դառնալ: Սխալ ընտրություն, սխալ մասնագիտություն: Պետք էր դաշնակահար դառնալ: Երեք օրում կհասցնեի ձեռքերս բավականին վարժեցնել ու տիրապետել նյութին , իսկ հիմա…Ճանաչել մարդու՞ն: Երեք օրու՞մ:
Չմտածեցի ավելի լավ բան, քան կողքիս նստող կուրսընկերուհուս առաջարկել ցույց տալ ինձ այն վայրը, որն ամենաշատն է սիրում: Հավատում եմ, որ սիրելի վայրը մարդու մասին ավելին է պատմում, քան խոսքերը:
Ծանոթացեք.Նեմե: Նեմեսիս անվանման կարճ տարբերակը կուրսընկերուհուս կեղծանունն է : Վրեժի աստվածուհու անունով Նեմե են կնքել: Ինչու՝ ոչ ոք չգիտի: Նեմեսիս: Հպարտ անուն: Չգիտեմ՝ մեր Նեմեն վրեժխնդրության հետ սեր ունի,թե՝ ոչ : Բայց ունի բնավորություն.հաստատ գիտեմ:
Մուգ կարմիր մազեր, գազարագույն շարֆ, դարչնագույն վերարկու, կարմիր պայուսակ: Այսպիսին է Նեմեն. գունավոր: Ուղղակի գունավոր: Քիչ է խոսում: Շատ է բացակայում դասերից: Ճաշարանում միշտ կաթ է խմում: Մազերը միշտ թափված են ուսերին: Չի սիրում օծանելիք:Գրիչների հավաքածու ունի: Իմ պես չգիտի՝ ինչու է հոգեբան դառնում:Ուսումնասիրում է լատիներեն: Ահա ամենը, ինչ գիտեմ նրա մասին: Ունեմ երեք օրից քիչ ժամանակ : Որոշեցինք սկսել Նեմեից. առաջինը նրան բացահայտել: Դասերն ավարտվեցին: Երեկոյան հանդիպում ենք: Քայլում եմ Նեմեի ետևից: Վստահ եմ, որ , լինելով վառ կերպար, ինձ կտանի ինչ-որ հետաքրքիր, իր պես գունավոր վայր: Դա ինձ կօգնի իրեն ավելի լավ ճանաչել: Ու հանկարծ…
-Բայց մետրո՞ ,-նորից հարցնում եմ ես, որովհետև ուղղակի չեմ հավատում:
-Հա: Ի՞նչ կա որ: Իմ ամենասիրելի վայրն է:
-Բայց դու…ախր դու…Ու մետրո՞ :
-Չի կարելի՞ մետրո սիրել:
-Չէ, կարելի է: Ախր դու էդքան գունավոր ես: Ախր մետրոյի մեջ գույն չկա:
-Չկա՞ : Կա: Արի նստենք: Չէ, նախ՝ սուրճ:
Ձեռքս բռնում ու քարշ է տալիս հենց մետրոյի ներսում դրված սուրճի պատրաստման փոքրիկ կետի մոտ:
-Բարև Ձեզ, մեզ երկու ՛՛Ամերիկանո՛՛, -արագ ասում է Նեմեն ու ժպտում:
-Շաքարավազ ավելացնո՞ւմ եմ,-հարցնում է սուրճ պատրաստող կինը:
-Չէ: Երկուսն էլ դառը:
Նեմեն գիտի, որ ես սուրճը դառն եմ խմում: Հետաքրքիր էր: Ուրեմն՝ ուշադիր մարդ է :
-Շնորհակալություն,-էլի արագ ասում է Նեմեն ու ինձ քարշ տալիս դեպի փայտե նստարաններ:
-Չէ, էս կայարանը չեմ ուզում: Փոշմանեցի: Արի բացօթյա կայարան գտնենք:
Հայտնվում ենք գնացքի ներսում: Տու-դում, տու-դում…տու-դում, տու-դում…տու-դում, տու-դում: Ուսումնասիրում եմ դիմացիս նստած կնոջը: Նայում եմ Նեմեի կոշիկներին: Հաշվում եմ մարդկանց. մեկ , երկու,եր…
-Իջանք:
Նեմեի ձեռքը ինձ շպրտում է գնացքից դուրս:Հասանք:
-Կմրսենք:
-Չենք մրսի: Ես սուրճ հենց դրա համար վերցրի:
Բացօթյա կայարան:Մութ: Նստում ենք փայտե նստարանին: Հատուկենտ մարդիկ: Բոլորը քայլում են, որ չմրսեն: Սպասում են գնացքին: Մեր դիմաց դեղին լուսին է կախված:
-Լուսինը: Դեղին գույն ունի,-ասում եմ ու սուրճից կում անում:
-Ամպերն են էդպիսի գունավորում տվել:
-Հա…ըհը:
Նայում ենք լուսնին: Խմում սուրճը: Որոշում եմ խախտել լռությունը.
-Նեմե, դու մետրո ես սիրում, հա՞ :
-Հա: Ու հատկապես՝ այ էս կայարանը:
-Ինչի՞ :
-Էս կայարանով եմ սկսել սիրել մետրոն:
-Լավ, բացատրի ինձ. ինչի՞ ես սիրում մետրոները: Կոնկրետ էս կայարանը: Ես պիտի բացահայտեմ քեզ, պիտի փորձեմ հասկանալ: Հասկանալու համար երևի…երևի ես էլ պիտի սկսեմ սիրել մետրոն: Էս կայարանը՝ հատկապես: Հիմա դու ոչ թե պիտի ուղղակի պատմես, այլ պետք է ուղղակի էնպես անես, որ ես սկսեմ սիրել: Թե չէ չեմ հասկանա: Պիտի սիրես, որ հասկանաս:
Նեմեն սուրճից կում է անում:
-Դու տեսել ե՞ս իմ թևնոցը:
-Ըմ…Չեմ հիշում…չէ…Չգիտեմ:
-Այ սա:
Նեմեն վերև է բարձրացնում վերարկուի ձախ թևքը: Ձեռքին փոքրիկ, նուրբ թևնոց կա: Փորձում եմ կարդալ.
-Carpe… ,- Գուշակում եմ. լատիներեն է:
-…Diem: ”Лови момент” : Իմ ապրելաոճը:
-Հետաքրքիր ապրելաոճ: Carpe diem:
-Մետրոյում հիշվող ակնթարթները շատ են: Շատ ավելի, քան սովորական կյանքում: Մետրոն կյանքից բաժանված է ապրում: Անդրաշխարհ՝ ուրիշ աշխարհի ներսում: Կամ՝ տակ: Կյանքի հիմքն էլ հենց ակնթարթներն են: Մետրոն ամենաշնչող աշխարհն է բոլոր աշխարհներից: Նման սիմետրիկ, կանոնակարգված աշխարհ գոյություն չունի:
Ու Նեմեն ինձ պատմեց:
Նեմեն ինձ պատմեց արագընթաց գնացքների, տաք քամու, մարմարե հատակի ու առաստաղի մասին:
-Սա միակ տարածքն է, որտեղ մարդկանց ցանկությունը միշտ կատարվում է : Մարդիկ սպասում են գնացքների: Ու գնացքները գալիս են: Առանց ուշացման: Որովհետև այն ամենը, ինչին դու սպասում ես, չի կարող ուշանալ: Քանի դեռ դու սպասում ես՝ ուշացում չկա: Ամեն ինչ գալիս է ճիշտ ժամանակին: Ու մարդիկ, առանց հասկանալու, միշտ փորձում են մետրոյով երթևեկել: Հենց սա է պատճառը: Չկան ուշացումներ: Այստեղ ամեն ինչ որոշակիորեն կանոնակարգված է. մարմարե առաստաղը պատված է հավասար սալաքարերով, մետրոյի ներսում գտնվող կամարները իրարից հավասարաչափ հեռավորության վրա են գտնվում: Նույնն էլ վերաբերում է նստարաններին: Մետրոյի կայարանում զգում ես, որ կյանքդ քո ձեռքերի մեջ է : Ամեն ինչ արդեն իսկ ծրագրված է, հավասարաչափ բաժանված: Մենք բոլորս ձգտում ենք կատարելության: Բայց չենք ուզում հասնել դրան, քանի որ հետո էլ ոչնչի չենք ձգտի: Մետրոն հենց մեր երազած կատարելությունն է ՝ կատարելություն չլինելով հանդերձ: Սա այն է , ինչ մենք փնտրում ենք: Փնտրում արտաքին աշխարհում ու գտնում գնացքի խուլ մռնչյունի մեջ՝ հողի տակ: Այստեղ նույնիսկ քամին է տաք. եթե ուշադիր լինես, կզգաս, որ երբեք մետրոյի քամուց չես մրսել: Խեղդվել ես, փակել աչքերդ, սանրվածք է խառնել: Բայց չես մրսել: Մետրոն նման է սառը մարդու: Ինչքան սառն է արտաքնապես, այնքան տաք է ներսից: Մետրոյի սառնության մեջ արև կա: Նույնիսկ այս բացօթյա կայարանում տաքություն կա: Հենց դրա համար էլ փակ կայարաններում սուրճ են վաճառում, որ ես ու դու վայելենք բացօթյա կայարաններն ու զրուցենք փակ կայարանների հավասարաչափ բաժանումների մասին: Մետրոն մեր նմանների համար է ստեղծված: Աշխարհը մեր նմաններին է սիրում: Մարդկանց, ովքեր մտածել ու պատմել գիտեն:
Մենք երկար էինք զրուցում Նեմեի հետ: Կարմիր մազերով աղջիկը հայացքը հառել էր հատակին ու պատմում էր ինձ: Պատմում էր այն ամենի մասին, ինչին ես ուշադրություն չէի դարձնում: Ինչի մասին ես երբեք չէի մտածել: Իմ առջև բացվում էր նոր աշխարհ: Գնացքները գնում ու գալիս էին: Մարդիկ շտապում էին, քայլում: Ես տեսնում էի միայն նրանց ոտքերը, որովհետև հայացքս հառած էր գետնին ու չէի էլ փորձում այն սևեռել մեկ այլ կետի: Գիտեմ, եթե Նեմեն կարդար իմ մտքերը, կասեր, որ մարդկանց կոշիկներն ու քայլվածքը ավելին են պատմում, քան նրանց հայացքները: ՛՛Քայլվածքի մեջ ոճ կա, որը ոչ մի կերպ չի կարելի կեղծել: Հայացքը կարելի է կեղծել,քայլվածքը՝երբեք՛՛ : Ահա այսպես կպատասխաներ: Եթե Նեմեն գիրք գրեր, ապա գիրքը կվերնագրեր ՛՛Մետրոյի փիլիսոփայություն՛՛ : Մետրոյագետ: Գնացքաիմաց: Ես վախենում էի շարժվել: Եթե հնարավորություն ունենայի՝ չէի շնչի. վախենում էի ինչ-որ բառ բաց թողնել:
Նեմեն ինձ պատմում էր ոգևորված, առանց կանգ առնելու: Մենք հասցրինք երեք անգամ վերադառնալ փակ կայարան՝ սուրճ գնելու համար: Նստում էինք գնացք, խոսելով հասնում փակ կայարան, վերցնում սուրճ, վերադառնում մեր սառը, փայտե նստարանին: Մեր մատները սառել էին, ոտքերը՝ քարացել : Բայց սա չէր խանգարում Նեմեին պատմել, իսկ ինձ՝ լսել: Երբ գնացքի մեջ գնում էինք հերթական սուրճի ետևից, Նեմեն ինձ խորհուրդ տվեց մի օր նստել գնացք ու լսել այն երգը, որն ինքն է միշտ լսում, երբ հայտնվում է գնացքում:
-Sting- Desert Rose: Երբ էս երգն է միանում՝ խելագարություն է սկսվում: Իրականում՝ մետրոն վայելելու ճիշտ ձև կա: Ամեն մարդ իրենը պիտի բացահայտի: Ես իմը գտա: Այս երգի օգնությամբ: Հրաշալի է պատուհանների միջից նայել դիմացովդ արագ վազող բետոնե պատերին: Սկսում ես քամի զգալ:Ես չեմ կարող պատմել: Ես ուղղակի չեմ կարող պատմել: Դու պիտի լսես: Այդ երգը: Գնացքում: Լիլի, խոստացիր, որ կլսես:
-Խոստանում եմ,-ասում եմ ես ու Նեմեի ձեռքն ինձ էլի դուրս է շպրտում գնացքից:
***
Մենք խոսեցինք շատ երկար: Այնքան երկար, ինչքան պատկերացնել ուղղակի հնարավոր չէ: Ես հասցրի սիրել մետրոն: Հասցրի սիրել բոլոր գույները,որոնք թաքնված են մետրոյի պատերի ներսում: Ես հասկացա,որ Նեմեի կարմիր մազերն ու մետրոյի սառը պատերը համահունչ են իրար: Պատերի մեջ այնքան գույն կա, ինչքան որ Նեմեի մազերի, հագուստի ու աչքերի մեջ:
-Լիլ, վաղը քեզ ենք բացահայտում: Ո՞ւր ենք գնում:
-Չգիտեմ: Կմտածեմ: Ես սիրեցի մետրոն:
-Ապրես:
Գնացքները բաժանեցին մեզ:Մենակ եմ: Տու-դում,տու-դում…տու-դում,տու-դում…տու-դում,տու-դում… Ականջակալները հայտնվեցին ականջներումս: Սթինգի հայտնի ստեղծագործությունը միացավ: Բարձրացնում եմ ձայնը: Սկսում եմ նայել բետոնե՝ պատուհանից այն կողմ վազող պատերին: Սկսում եմ շնչել : Խորը շնչել: Զգում եմ, որ հիմա աշխարհի ամենաազատ մարդն եմ: Այստեղ է թաքնված ազատությունը. մետրոյի ներսում: Այնտեղ, որտեղ կատարվում են բոլոր ցանկությունները. չէ՞ որ գնացքները երբեք չեն ուշանում:
Ձեռքս մեկնում եմ դեպի հեռախոսը: Գրում եմ sms'
”Carpe diem, Neme, carpe diem…Shnorhakalutyun azatutyun cuyc talu hamar. Sireci qez. Gjot erg a. Arayjm” :
հ.գ. ներշնչմանս աղբյուրը Sting- Desert rose