Ստորև ներկայացվող հոդվածը տարիներ առաջ Գյումրիում գիտաժողովներից մեկի ժամանակ ընթերցված զեկուցման տեքստն է' նվազագույն փոփոխություններով: Այնուհետև իմ խմբագրությամբ լույս տեսավ Մանսուրյանի վոկալ-գործիքային երաժշտության գրեթե ամբողջական ժողովածուն: Սակայն անցավ ևս մի քանի տարի' և «գրեթե ամբողջական» ժողովածուն դարձավ է՛լ ավելի քիչ լիարժեք, քանի որ այդ ընթացքում ստեղծվեց մի նոր վոկալ շարք' 8 երգից բաղկացած "Canti paralleli"-ն, որը, կարծում եմ, Մանսուրյանի նոր շրջանի ամենահատկանշական ստեղծագործություններից է: Բնական է, որ այն հիշատակված չէ այս հոդվածում, սակայն դրան նվիրված առանձին հոդվածի վրա աշխատանքը դեռ առջևում է:
Մանսուրյանի երաժշտությունը չի դադարում զարմացնել. այն կենդանի օրգանիզմ է, որտեղ ամեն ինչ փոփոխական է և դուրս է վերջնական ձևակերպումներից ու եզրահանգումներից: Եվ այսօր' կոմպոզիտորի 74-ամյակի նախաշեմին, մենք ականատես ենք լինում դրա վառ ապացույցներին: Ուստի նաև' շատ հավանական է, որ շուտով կարող են հայտնվել նոր ստեղծագործություններ, որոնք նոր երանգներ կավելացնեն Մանսուրյանի ստեղծագործական դիմանկարին:

Տիգրան Մանսուրյանի մասին խոսելիս կամ գրելիս՝ կցանկանայի խույս տալ ընդհանուր բառերից և մեկընդմիշտ ամրագրված մակդիրներից: «Արդի հայ երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչ», «տոկուն նորարար», և մանավանդ «մոդեռնիստ» կամ «պոստմոդեռնիստ» պիտակները չափազանց տարողունակ են, սակայն միևնույն ժամանակ նաև չափազանց տկար՝ իրենց ետևում տեղ թողնելու համար անձնավորությանը՝ իր բոլոր ներքին մղումներով:
Մանսուրյանի ստեղծագործությունը հայ ժամանակակից երաժշտության խոշորագույն և ամենահետաքրքիր երևույթներից է: XX դարի 2-րդ կեսի հայ որոշ կոմպոզիտորների նման, Մանսուրյանը խզել է կապը պետականորեն խրախուսվող ավանդական գրելաոճի հետ՝ մի կողմից, փորձարկելով արևմտյան ավանգարդի հսկայական ձեռքբերումները, իսկ մյուս կողմից՝ վերադառնալով Կոմիտասի երաժշտական լեզվին հատուկ արտահայտչամիջոցներին: Գուցե հենց նա էր, ով մատնանշեց հայ երաժշտության հետագա զարգացման այդ ճանապարհը: Նրա ստեղծագործության' մինչ օրս շարունակվող էվոլյուցիան, ինչպես նաև վերջինիս բոլոր փուլերին հատուկ «հետադարձ հայացքները», որոնք կարծես կոչված են նրա երաժշտությունից վերացնելու ցանկացած ներկա ժամանակի դրոշմը, միանգամայն հատուկ տեղ են հատկացնում Մանսուրյանին հայ երաժշտության պատմության մեջ: Տարիների ընթացքում նրան հաջողվեց մշակել նոր մի լեզու, որն արմատապես տարբերվում է իր իսկ 30-35 տարի առաջվա գրելաոճից:
Տ. Մանսուրյանի երաժշտության ոճական առանձնահատկությունները բազմաթիվ են և չափազանց կարևոր: Դրանց թվում կցանկանայինք առանձնացնել կոմպոզիտորի խորին ակնածանքը հայոց լեզվի, և առհասարակ բառի նկատմամբ, որն արտահայտվում է նրա բոլոր վոկալ ստեղծագործություններում: Մի գուցե, չափազանց խիզախ կլիներ համարել, որ նա ամենաառաջինն էր, ով հայոց խոսքին պարգևեց հարիր երաժշտական մարմնավորում: Մինչև Մանսուրյանն էլ կային կոմպոզիտորներ, ովքեր ոչ միայն հայերեն տեքստեր էին օգտագործում, այլև հաղորդում դրանց համապատասխան «ազգային» հնչողական երանգավորում: Մանսուրյանի դեպքը փոքր-ինչ այլ է: Նույնիսկ այն ժամանակ, երբ առանձին վերցրած մեղեդային գիծը ներքին կապեր չի ցուցաբերում ազգային երաժշտության ելևէջումների հետ, նրա ստեղծագործությունները միևնույն է շարունակում են հնչել «հայերեն»՝ առաջին հերթին, հայոց լեզվից բխող ճշգրտագույն շեշտադրման, և ապա՝ գենետիկական ենթատեքստի խորը բացահայտման հաշվին: Դա հատկապես նշանակալից երևույթ էր XX դարամիջի հայ վոկալ երաժշտության մեջ, որտեղ շատ անգամ տեղի էր ունենում ճիշտ հակառակը. ակնհայտ «հայեցի» լինելու ձգտումը հանգեցնում էր խոսքի և երգի սկզբունքային անհամատեղելիության [1]: Մանսուրյանի արվեստում վերանում է տեքստի և երաժշտության հիշյալ տարամետությունը. տվյալ ստեղծագործության հոգեբանական ազդեցությունը կազմավորվում է այդ երկուսի գումարից՝ համընթաց զարգացման սկզբունքով:
Տեքստի հետ կոմպոզիտորի աշխատանքն առհասարակ ուսումնասիրության հետաքրքրագույն թեմաներից է. Մանսուրյանի դեպքում այն առավել կարևոր է՝ նկատի ունենալով նրա հատուկ վերաբերմունքը բառի հնչողության և իմաստի նկատմամբ: Սույն ուսումնասիրության առարկան են նրա՝ ձայնի և դաշնամուրի համար գրված շարքերը՝ «Գ. Լորկայի 3 բանաստեղծություն»-ը (1966), «Ն. Քուչակի 4 հայրեններ»-ը (1967), «Մայրամուտի երգեր»-ը (Հ. Սահյանի խոսքերով, 1984-85) և տերյանական «Երկիր Նաիրի»-ն (1986):
Այս շարքերը զարմացնում են երաժշտական հյուսքի հարաբերական պարզությամբ՝ նույն շրջանում գրված այլ ստեղծագործությունների համեմատ: Լեզվի տեսակետից գուցե ամենաբարդ՝ «Հայրեններ» շարքի վերաբերյալ ինքը հեղինակը նկատում է, որ այն ստեղծվել է սերիալ տեխնիկայով գրված Դաշնամուրային սոնատից անմիջապես հետո՝ համեմատելով այն Ա. Բաբաջանյանի «թեթև» ժանրի ստեղծագործությունների հետ: Այդ համեմատությունն իսկ արդեն հատկանշական է, քանի որ լավագույնս նկարագրում է երկու անհատականությունների հսկայական տարբերությունը, թեպետ կոչված է, ընդհակառակը, ընդհանուր եզրեր գտնել նրանց միջև: Ինչևէ, Մանսուրյանի երգերի պարզությունը միանգամայն բացատրելի է. մի կողմից, Lied հասկացությունը որպես այդպիսին գրեթե բացակայում է երաժշտական ավանգարդում (չհաշված նախահայր Վեբեռնի արվեստը). մյուս կողմից, այն տիպիկ է Կոմիտասի ստեղծագործության համար: Չմոռանանք, որ հենց Կոմիտասն էր այն նախակարապետը, ով ուղիղ մեկ դար առաջ Մանսուրյանին հետաքրքրող այդ ոլորտում հասել է ապշեցուցիչ արդյունքների: Սակայն հիշենք նաև, որ ինչպես Կոմիտասի, այնպես էլ Մանսուրյանի երաժշտության թվացյալ պարզությունն իրականում սքողված ենթաշերտեր է պարունակում: Մեր խնդիրը հենց այդ ենթաշերտերի բացահայտումն է:
Մանսուրյանի վոկալ շարքերից առաջինը՝ «Լորկայի բանաստեղծությունները», միակն է, որտեղ օգտագործված է թարգմանված տեքստ, ուստի նաև՝ միակը, որտեղ շեշտադրության ճշգրտությանը համեմատաբար ավելի համեստ դեր է հատկացված՝ կերպարի բացահայտման համեմատությամբ: Վերջինիս տեսակետից կարելի է անթերի համարել շարքի հենց ամենաառաջին երգը («Փոքրիկ մադրիգալ»):