Անձնական

Երբ կողքիդ չկա ոչ ոք, ստիպված ես ինքդ քեզ գրկել: Անհեթեթություն է, սակայն ինձ միայն ես եմ սիրում: Անհեթեթություն չէ, որովհետև հենց այդպես էլ լինում է: Նրանք, ովքեր շատ են երազում, վերջում ավելի ուժգնորեն են ցած նետվում, ավելի մեծ ցավ են ապրում, քան նրանք, ովքեր խելամիտ են: Ես հոգնել եմ գրելուց, թե որքան եմ հիասթափված, բայց ախր բացի այդ զգացումից ուրիշ ոչինչ չեմ զգում: Դատարկություն եմ զգում' սառը, կտրող, ցավեցնող: Դատարկության փշերը պատել են թռչել ձգտող մարմինս, և բավական է մի թեթև շարժում, և փշերը մխրճվում են խոցված մարմնիս մեջ: Ես վախենում եմ շարժվել, որովհետև ամեն նոր շարժում ինձ ավելի է մոտեցնում մահվան: Ուզում եմ վերցնել և ինչ-որ կարևոր բան փոխել, ինչ-որ մեծ բան անել ինքս ինձ համար: Գուցե եթե զգուշավոր շարժումների փոխարեն մի մեծ քայլ անեմ, ազատվե՞մ այս փշերից: Ցավում է… Շատ է ցավում: Իմ ամեն ինչում այնքան շատ ողբերգություն կա, որ անգամ ժպիտս է ողբերգական: Դատարկ է… Շատ է դատարկ: Ցավալի է, երբ ապրում ես և ամեն րոպե հասկանում, որ այն չես անում, ինչ պետք է: Այնտեղ չես, որտեղ քո իսկական առաքելությունն է քեզ սպասում: Այն չես ասում, այն չես քայլում, այն չես զգում: Անգամ սիրտս է ծանրացել բոլոր այս «այն չէ»-ներից:

Երբ չգիտես, թե ինչ ես փնտրում, սակայն փնտրում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես գտար, հասկանում ես, որ կրկին մոլորվեցիր, որ գտնելու փոխարեն կորցրեցիր:

Երբ չգիտես, թե ուր ես գնում, սակայն գնում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես հասար, հասկանում ես, որ ոչ մի տեղ էլ չես գնացել, այլ նույն տեղում ես դոփել:

Երբ չգիտես, թե ինչ ես զգում, սակայն խաբում ես անընդհատ, ամեն վայրկյան: Եվ երբ թվում է, թե վերջապես կարիք չկա խաբելու, հասկանում ես, որ ողջ ժամանակ քեզ են խաբել:

Երբ հասկանում ես, որ խելագարվում ես քո սեփական մտքերից…

Ես ելք եմ որոնում այս մոլագար վիճակից, սակայն ավելի եմ մոլորվում: Ես հոգնել եմ ձևացնել, թե ամեն ինչ լավ է: Ոչինչ էլ լավ չէ: Ինձ կոտրել են, ավելի ճիշտ' ես խնդրել եմ, որպեսզի ինձ կոտրեն: Անհեթեթություն է… Ամեն օր ես հիշում եմ անցյալս և խենթանում ավելի ու ավելի, որովհետև այնքան միամիտ եմ եղել, հիմար, շատ հիմար: Ուզում եմ հեռանալ այս ամենից, ջնջել մի քանի հազար ժամ ուղեղիցս, սրտիցս, թղթերիցս… Ուզում եմ գնալ ծովի մոտ, պատմել նրան իմ դժբախտության մասին, նայել ճայերին, մատներով շոյել դեպի ավազ եկող ծովի ալիքները, ուզում եմ գեղեցիկ միայնակ լինել: Ուզում եմ առանց զգացմունքներս զսպելու արտասվել, բացականչել այնտեղ, որտեղ ինձ ոչ ոք չի լսի: Ուզում եմ մաքրվել այս ամենից, կորել, անհետանալ բոլորի մտքերից ու հիշողություններից: Ուզում եմ երբևէ գոյություն ունեցած չլինել…