ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ԵՐԿԻՐ
Մի քանի օր է՝ քունս չի տանում… Պառկում եմ լուսադեմին ու շուռումուռ գալիս անկողնիս մեջ… Բաց պատուհանից շոգը ներխուժում է սենյակ… Բայց անքնությանս պատճառը շոգը չէ, որին վարժվել եմ, որը տանելի է դարձել: Ողջ օրվա ընթացքում իմ գլխում պտտվող մտքերը գիշերն առավել կատաղի են դառնում ու տեսնելով ինձ ամբողջապես մենակ՝ հարձակվում են վրաս… Չգիտեմ ինչ անել, ուր գնալ, ինչպես ազատվել նրանցից: Եվ արդյո՞ք կարելի է ազատվել, երբ մտահոգություններն ու խնդիրներն ամենուր են, երբ հենց իմ ու շատերի աչքերի առջև փլուզվում-ավերվում է այն երկիրը, որի մասին խոսելիս սիրում ենք տրվել վիպապաշտականությանը, շքեղ բառերի հեղեղին… Երկիրը, որը 1988-ին երկրաշարժ ու արցախյան գոյամարտ տեսավ, բայց չծնկեց, կարաղացավ իր մեջ ուժ գտնել՝ պահպանելու համար Անկախության ձեռքբերումները՝ հիմա կամաց-կամաց գլորվում է դեպի անորոշություն ու անհայտություն՝ հիշատակ թողնելով դատարկվող գյուղերն ու քաղաքները… Օրեր առաջ Արմավիրի մարզի գյուղերից մեկում էի. սրտաճմլիկ, սիրտ սղոցող պատկերներ՝ փակված դռներ ու պատուհաններ, անտերունչության մատնված ցանքատարածություններ, հեղեղումներից ու կարկտահարություններից հետ՝ անջրդի, պարապ մնացած հողակտորներ, որոնք երևի ցավից տնքում են, գիշերվա լռության մեջ ճիչեր արձակում, իրենց տերերին կանչում, որոնք այլևս հետ չեն դառնալու, որովհետև դեգերում են աշխարհի ճանապարհներով՝ ապահովություն ու հանգիստ, տարրական բարեկեցություն գտնելու համար… Հարյուրամյակներ շարունակ անկախություն երազող ժողովուրդը նույն այդ անկախության պատանդը դարձավ, որովհետև հասկացությունն ընկալվեց միայն նրա հուզական-զգացական շեշտերով՝ մոռացության մատնելով այն կարևոր միտքը, գաղափարաը, հրամայականը, որ անկախությունը բառ չէ լոկ, այլ կացութաձև է, ժողովրդավարություն է, կառավարման ձև ու սկզբունք է, իշխանություն-ժողովուրդ փոխկապակցումն է, որը մեզ մոտ, ավա՜ղ, այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև ոչ թե իշխանություն, այլ՝ իշխանավորներ ձևավորեցինք, ոչ թե ազգային ժողով ու ժողովարան, այլ՝ փողատերերի, իշխանատենչների հավաքատեղի ձևավորեցինք, յուրատեսակ կիսաքաղաքական ակումբ, ուր երբեմն գործում են խաղատներում ընդունված կանոններով ու ,,հիմնադրույթներով,,… Բնականաբար և հետևաբար, այս կիսակլանային-կիսաքաղաքական ,,ակումբն,, ի զորու չէ լուծելու երկրի առջև կանգնած խնդիրները, կռիվ մղելու մարտահրավերների դեմ, որոնք ծնունդ են առնում ոչ միայն արտաքին աշխարհի որդեգրած սկզբունքներից, այլև սեփական դիվանագիտության, քաղաքական մտքի, կառավարման համակարգի ճկունության բացակայության պատճառով: Այն պատճառով, որ մենք մեզ զատել ենք մե՜ծ աշխարհից, մե՜ծ խնդիրներից, պարփակվել ենք մեր նեղլիկ ցանկությունների ու պատկերացումների շրջագծի մեջ ու երկիր և պետություն ենք խաղում, հասարակություն ենք խաղում… Կյանքը խաղ է, այո, մեծ ու կանոնակարգված խաղ, աշխարհը մեծ խաղերի վրա է հենվում, բայց պետք չէ սեփական երկրում և սեփական ժողովրդի հետ խաղալ՝ անհուսությունն ու հոգելլկումը դարձնելով նույն այդ ժողովրդի կեցության հենարանները…
Յո՞ երթաս, երկիր, Հայաստան…
Գիտենք, ու այլևս անզոր է պարտակել այն, որ թելադրված-ծրագրավորված մի ընթացքով, որի հեղինակները մենք չենք, սակայն համահեղինակ ենք դարձել, մարդաթափվում է երկիրը… Հեռավոր ռուսատանների տաքուկ խոստացվող անկյունների փոխարեն՝ ոչսևահողային շրջանների թշվառության մեջ կքված տարածքներն են հրամցվում խաբված-հիասթափված մարդկանց, որոնք փախչում են երկրից՝ հետ չնայելով, չհասկանալով, որ այսպես դատարկում են հնամենի այս տարածքը՝ իրենց ռազմական ու աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար… Ամեն շաբաթ 1500-2000 մարդ է հատում մեր երկրի սահմանը՝ հեռանալու, մոռանալու համար ամեն ինչ, գտնելու այն միակ հանգրվանը, որտեղ տառապանքն ու լլկումը չեն ուղեկցելու, որտեղ ապրելու են ենթադրյալ ապահովության մեջ… Արգելափակոցներ չեն դրվում մեր սահմանի վրա, հետդարձի կոչեր չեն հնչեցնում, որովհետև այդ կոչերն այլևս բառերի տեսքով չեն կարող ներկայանալ, այլ պիտի գործուն ու ճշգրիտ քայլեր լինեն, ճգնաժամն ու հոգեկան ավերումները կանխող քայլեր լինեն… Դրանք չկան, որովհետև շատերն իրենց անամոթության դղյակներն են կառուցում՝ ազգ փառապանծին, որը Սարդարապատ ու Շուշի նվաճեց՝ վերածելով ազգ տառապածի, ազգ հուսալքվածի… Ու հիմա Հայաստանը հեռանում է ինքն իրենից, մեզանից…
Յո՞ երթաս, երկիր, Հայաստան…
ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ. 13.09.2013