«... մինչեւ կեսգիշեր բեդուինների շորեր հագած եկվորները մասնակցեցին համընդհանուր ուրախությանը եւ տոնակատարությանը նույնիսկ իրենց լուման ներդրեցին. նրանց սարքած հրավառությունը եւ ճկուն մարզահամարները բոլորին ստիպեցին հիշել վաղուց ի վեր մոռացված գնչուներին: Բայց շուտով, ուրախության ամնաթեժ պահին, փխրուն հավասարակշռությունը փուլ եկավ:
-Կեցցե՛ լիբերալների կուսակցությունը,-ճչաց մեկը:
-Կեցցե՛ գնդապետ Աուրելիանո Բունդիան:
Կրակոցների բոցերը մթնեցրին հրավառության կրակների փայլը, սարսափելի ճիչերը խլացրին երաժշտությունը, ցնծությունը տեղի տվեց խուճափին: Շատ տարիներ անց ժողովրդի մեջ դեռ խոսում էին, որ ինքնակոչ թագուհու շքախումբը իրականում կանոնավոր զորքերի հեծելավաշտ էր եւ, որ բեդուինների շքեղ բուռնուսների տակ կարաբիններ էին թաքցված:
Կառավարությունը հատուկ դեկրետով հերքեց այդ մեղադրանքը եւ խոստացավ մանրակրիտ ուսումնասիրել արյունոտ իրադարձության մանրամասնությունները: Սակայն ճշմարտությունն այդպես էլ չբացահայտվեց եւ հաղթանակեց այն ենթադրությունը, թե թագուհու շքախումբն առանց որեւէ առիթի իր հրամանատարի հրահանգով միայն մարտակարգ ընդունեց եւ անխնա գնդակահարեց ամբողքին: Երբ կարգուկանոն հաստատվեց, կեղծ բեդուիններից ոչ ոք չէր մնացել քաղաքում, իսկ հրապարակում պառկած էին սպանվածներ ու վիրավորներ' հինգ խեղկատակ, չորս կոլումբին, տասնվեց խաղաքարտե թագավոր, մի սատանա, երեք երաժիշտ, ֆրանսիացի երկու պեր եւ ճապոնական երեք կայսրուհի:...»
Գ.Գ.Մարկես, «Հարյուր տարվա մենություն»
Թարգմ. Ռ.Հովսեփյան