Ուղղակի քայլել՝ սալահատակները հաշվելով, ոչինչ չասել, ուղղակի քայլել՝ իրար ձեռքերի մեջ: Ուղղակի շնչել մեզ բաժին հասած եղանակը, ոչ մի բառ չփոխանակել, ուղղակի՝ իրար կողքի: Ուղղակի շնորհակալ լինել տեսողություն ունենալու համար, որ հիմա քայլում ենք սալահատակների վրա, շնչում ենք ու գրկում ենք ու տեսնում ենք իրար՝ մեր աչքերով, իրար աչքերով:
Ուղղակի տաք բլուզների մեջ փաթաթված՝ կուլ տալ արդեն սառը աշունը, սպասել գույներին, չփնթփնթալ ցրտից, չկապել մեր կոշիկների կապերը, ուղղակի այդպես քայլել՝ փնթի, չհավաքված սպասումներով: Որովհետև, երբ երեկոյի գույները քնում են, մենք դուրս ենք գալիս մեր՝ մատնոցի չափ տների միջից, որ իրար հասենք ու մեր տաք բլուզների մեջ փաթաթենք գիշերը, որ միասին քայլենք:
Ոչ մեկը դեռ չգիտի մեր մասին, մեր կոշիկների քանդված կապերի, մեր փնթի կյանքի, մեր լայն ու լոճված շորերի ու մեր աշնանային գույների մասին: Շուտով անձրևներն ուղղակի կիջնեն մեր քաղաքի, աշխարհի վրա: Հենց այնպես կիջնեն ու կավելացնեն մեր փնթի կյանքի գույները, մեր միասին կյանքի գույները: Մենք կազատվենք մեր տաք շարֆերից ու կուլ կտանք անձրևը, ու մեր մեջ ԱՇՈՒՆԸ կսկսվի:
Ես չեմ փնթփնթա, որ կոշիկիս կապերը ալարել ու չեմ կապել, այդպես քսքստացնելով ոտքերիս մի համար մեծ աշնանային սապոգներդ, կգրկեմ բլուզիդ մեջ փաթաթված տաք թևդ, աշունդ կգրկեմ, ու մենք կքայլենք ուղղակի: Ուղղակի գուցե մեր դիմացից եկող մեկի համար, բայց մենք միասին կքայլենք իրար համար:
Քո աշունից ես ունեմ, քո բլուզը միայն ես կարող եմ ու տեսնում եմ, քո բլուզի մեջ փաթաթված տաք թևը միայն ես կարող եմ ու գրկում եմ, քո շարֆի մեջ պախկված աշունը միայն կոշիկների կապերը չկապած աղջիկն է զգում, ու քո կողքից քայլելու, սալահատակները հաշվելու երջանկությունը միայն ես ունեմ: