«Դու հագնում էիր աշխարհի ամենահասարակ չթե զգեստը, որի ծաղիկները ասես այտերիդ փոսիկները լինեին: Դու սարքում էիր աշխարհի ամենաանփույթ սանրվածքը, որից ցաքուցրիվ եղած մազափնջերը զարդարում էին քո պարանոցը ու խանդս բորբոքում: Ես նկատել էի՝ դու վառ գույնի մանիկյուր չէիր օգտագործում, որովհետև դու ունեիր աշխարհի ամենանուրբ մատները, ամենա-ամենա այտերը, որոնք կարմրում էին, երբ շնչակտուր դասի էիր շտապում:
Քեզ ամեն տեղ, ամեն րոպե էի զգում, տեսնում, այդպես պարզ ու աստվածային: Որովհետև քեզ իմն եմ համարել, որովհետև ոչ մեկն այս աշխարհում քո նման նեղանալ չգիտի, քո նման քայլել, անտարբեր ձևանալ, ժպտալ, օրս լցնել ու ինձ ենթարկեցնել չգիտի, որովհետև ոչ մեկ քո այտերի փոսիկներից չունի, քո հայացքի մաքուր խորամանկությունը չունի, որովհետև ոչ մեկ քեզ չունի:
Հիմա դու տեսնու՞մ ես ինձ, զգու՞մ ես քո սենյակի պատերի անկյուններից, քո առավոտի, ճաշի ժամի, քո մեծ-մեծ աչքերի հեռու մի ծայրից, քո քայլած մայթերին, քո ծանոթ մարդկանց մեջ, ուրիշ մատների, ուրիշ ծիծաղների մեջ: Դու գիտե՞ս ինձ, հիշու՞մ ես հիմա, հիմա դու դու՞ ես:
Ես... ես երբեք չեմ ասել ավելին, չեմ ասել ավելի լավ բառերով, ավելի ուրիշ, մենակ քո համար, քո համար ստեղծած բառերով, որ դու հավատաս, գաս իմ հետևից: Որովհետև դու մի պուճուր ու սիրուն ու մի աղջիկ ես՝ անձրևին...
Ես... ուղղակի, հենց այնպես, ուզում էի էլի կարոտել կամ հարցնել՝ ու՞ր ես...»:

Հ.Գ. Նրա օրագրից՝ ամենահասարակ մազափնջով աղջկան...