Պապս' վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանը, կռվել էր Մեծ հայրենականի ճակատներում ու ատելով ատում էր պատերազմը… Նրա հարյուրավոր կտավներում դուք չեք տեսնի պատերազմական թեմայով և ոչ մի կտավ… Նա բնության, կյանքի «երգիչ» էր, իսկ բնությունն ու կյանքը համատեղելի չեն պատերազմի և մահվան հետ: Որ նա ամբողջ հոգով էր պատերազմը ատում, վկայում են ոչ միայն նրա կտավները, այլև հուշագրությունները, որ նա հոգեկան տագնապի պահերին գրել ու թողել է իր արվեստանոցի գզրոցներում: Ես' կրտսեր Արտաշես Աբրահամյանս, որ նույնպես գեղանկարիչ եմ, երբեմն-երբեմն թերթում եմ նրա գրած իսկապես որ խունացած էջերն, ու ամեն տողի միջից ինձ է նայում պապս՝ իր բարի, անսահման բարի աչքերով… Եվ զարմանում եմ' որքա՛ն լույս, սեր, որքա՛ն գույներ կան նրա բառերում.. Երբ լսում եմ պապիս զրույցները, պատգամները, մտածում եմ, որ դրանք միայն ինձ ուղղված չեն, այլ իմ հասակակիցներին, մեր հայրենիքի սահմանները պահող զինվորներին… Հրապարակելով պապիս հուշագրությունները, թերևս ես կատարում եմ իմ որդիական պարտքը, որ ունեմ պապիս, ընտանիքիս ու հայրենիքիս առջև…
Իմ ընկերներն ընկան, երբ դեռ նրանց հոգու մեջ Սևանի ջինջ կապույտն էր, երբ դեռ նրանք քսան տարեկան էին: Վերադարձա, նորից տեսա, նորից նկարեցի չքնաղ Սևանը, բայց այն ջինջ կապույտը, որի խորությունից մեր գլուխը պտտվում էր' այլևս չտեսա: Այդպիսի կապույտ մեր ներկերի մեջ չկա, այդպիսի կապույտ Սևան էլ չկա: Դա քսան տարեկան պատանու անաղարտ հոգու մեջ բեկված կապույտն էր: Պատերազմը մեզ գտավ Սևանի ափին, մեզ' գեղարվեստի ուսումնարանի ուսանողներիս, երբ դեռ քսան տարեկան էինք: Հաղթանակը' Բեռլինից արևմուտք' Էլբայի հովտում, բայց մենք' ողջ մնացածներս, արդեն քսանհինգ տարեկան էինք, մենք մեծ էինք, շատ մեծ: Հաղթանակ, խաղաղություն, մարդկության անհուն բաղձանք, որքան թունդ եք դուք: Դուք ընդամենը մի-մի բառ եք, որոնց համար մենք վճարել ենք միլիոնավոր քսան տարեկան կյանքեր, իսկ որքանի հոգիներն են խեղվել:
շարունակությունն այստեղ' http://www.hayzinvor.am/22164.html