Պարույր Սևակի ամանորյա ռադիոելույթը, որը հնչել է Նոր տարվա նախօրեին' 1963 թ. դեկտեմբերի 31-ին:

«Սիրելի՛ ազգակիցներ,

Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է և մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո….. »: