Երբ մոր հուղարկավորությունից հետո տաքսու վարորդը իրեն ետ բերեց իր' արդեն բոլորովին դատարկ ու իմաստազուրկ բնակարանը, Շաքեն զգաց, որ սոված փորին, անքուն, տառապալից գիշերներին, որբացած հոգեվիճակին ու մարմնական կրավորական ընդարմությանը հիմնապես հակացուցված էին երեք-չորս բաժակ օղին, արևի տակ' կանանց դասական կականի շրջանակում նախատեսված ժամանակ-ծեսից ավելին մնալն ու տունդարձի ճանապարհին, ծխելու քաջությամբ լցվելու համար նախ վարորդին ստելը, թե էս հարյուր տարի է'չեմ կարողանում թարգել, իսկ հետո նրանից գլանական խնդրելը, թե բա երևի ծխախոտատուփս անզգուշաբար վայր եմ գցել գերեզմանատանը, ինչպես նաև ուղեկցի հյուրասիրած' չափից դուրս թունդ սիգարետը մեկեն հարբածի անփութությամբ ու ագահությամբ ներս քաշելը, տաքսիստ Արմանի' իր սպիտակ ու կլորիկ ազդրերին ու ամառային թեթև զգեստի տակից ստինքներով արտատպված հատվածին նայելը, բայց դրա դեմը կանանցի հնարքով չառնելը, մեքենայի խափանումն ու պրոֆիլակտիկ դադարն ու այդ ընթացքում ևս երկու անգամ ծխելը, հետո, արդեն տան բակում, լվացվելու պատրվակով վարորդին տուն թողնելը, մոր մեծադիր նկարը պահարանի գլխին դնելու ժամանակ'փոքրիկ ու խախուտ աթոռակին կանգնած տղամարդուն, իբր, օգնելու նպատակով համարյա գրկելը, նրան հոգեհանգստի' դեռևս չհավաքած սեղանի մոտ հրավիրելն ու մի երկու բաժակ ողորմաթաս խմել-հյուրասիրելը, մխիթարության համար' շնորհակալ եմ, զգացված եմ ասելն ու անծանոթ, հարազատացած տղային համբուրելը, նորից ծխելը, լացի ու խորը հուսախաբության միջով Արմանի զարմանալի մաքուր ու սափրված այտերին հպվելը, հոտոտելը, աչքերը համբուրելը, բազմոցի վրա' մոր խորասույզ ու խորամնա հայացքի ներքո մորեմերկ հանդերձահանվելն ու սիրաբանելը, մոր հայացքից աչքերը չփախցնելն ու, կարծես, որբացման անդրանիկ ձախողման ու հետայդու բոլոր հնարավոր ու անհնար հաջողությունների համար գնացած անմեղին մեղադրելը, բայց իր ուժեղությունն, ազատությունն ու, գուցե, ինքնահաստատումն ապացուցելը, կես ժամում ամեն ինչ ընկալելու և եզրահանգումներ անելու անհեթեթությունը, դժբախտ լինելու անհամեստությունը, երջանիկ լինելու չարդարցված լինելը' հեշտանքի հասնելուն զուգահեռ Արմանի անունը ճչալ-կրկնել-անգիրելը, միայն թե' երկրորդ ա-ի դեպքում' ավելի երկար ու կրքոտ, ու որբ ու կարճարոպե երանաթմբիր...

-Շնորհակալ եմ, կներես...

Արմանը նույնպես երախտագետ էր. երբ նա ի մի բերեց վերնաշապակի ամենավերին կոճակը' հեռանալիս հասցրեց արտասանել'տաքսու փողը պետք չէ: Ուրեմն, ամեն ինչ իր գինն ունի, և եթե կատարվածը ստույգ, նյութական արժեք չունենար, ոչինչ էլ չէր ասվի այդ առթիվ: Ու եթե հիշատակվում է, ուրեմն գին ունի: Առհասարակ, շնորհակալության մասին յուրաքանչյուրիս պատկերացումները, հիմնականում, նույն են, և, ինչ-որ իմաստով իրենց մեջ եսասիրության տարր ունեն: Թվում է'մեզ արված լավության կամ դրական վերաբերմունքի, կամ, ասենք, մեզ թյուրիմացաբար ու սխալմամբ նեղացնելուց հետո ներողություն խնդրելու համար է այդ արտահայտությունը: Բայց, ինչ է, պարտադիր է շնորհակալություն հայտնել որևէ կոնկրետ վարմունքի, արարքի արժեվորմամբ: Մենք, մեծ մասամբ, շնորհակալություն ենք հայտնում այսպես կոչված երկրորդ դեմքի դիրքերից, մինչդեռ, սակավադեպ ենք գոհադարձում, ասենք, մեր սխալը մեր ճակատին ասողներին, մեզ խորհուրդ տվողներին, մեր մատնությունն ու դավաճանությունը ներողներին:

Շնորհակալություն ենք ասում անշնորհակալի ապերախտությամբ, ստից, բառացի: Չհասցրեց շնորհակալություն հայտնել մորը' իրեն ծնելու համար, իրեն...հայրություն անելու, կրթելու, աշխատանքի տեղավորելու համար, կամակորությունները հանդուրժելու, իր ցավը ներս քաշելու համար: Էս էլ իր երախտագիտությունը, խեղճը էն աշխարհի կեսճամփին, աչքն ու վիզը ծուռ, մինչև վերջին պահը, մահամերձ հորդորելով' բալես, գնա մի քիչ աչք կպցրու, վաղը ծանր օր ա լինելու ( իր մեռնելու ծանրությունը ամառային հաստ վերմակի պես քաշելով իր վրա):

Շաքեն միանգամից հասկացավ, որ Արմանը մեկօրյա վավերականությամբ էր, բայց կանխազգաց դրա տևատանջ հետևանքները: Հասկացել էր նրա' վերնաշապիկը կոճկելու ձևից. ամոթխած, ազնիվ մարդը, կոճկում է համեմատաբար արագ, վերից վար, մերկությունը ծածկելով, կատարվածի մեղքը կիսելով, մինչդեռ տաքսիստը կոճակներն ամրացնում էր դանդաղ, ներքևից վերև, վայելելով հետսիրառական հաճելի դրությունն ու ցուցանելով կիսաբաց կրծքավանդակն'իրեն տրված ապերջանիկի սակավատև գոհաբանության համբույրահետքով, որը, հետո, փոխադրավարպետ գործընկերներին ցույց տալով, պետք է շեշտի որձի արժանիքներն ու պարծենա ջախջախված էգի նկատմամբ իր առավելությամբ ու հաղթանակով: Բայց, Արմանն, ինչպես ասում է ավետարականական ճշմարտությունը, իր սերմերն անապատում էր շաղ տվել ու ստացածը ոչինչ էր, ինչպես ոչինչ էր իր տվածը: Ասել է թե' երջանիկ Արմանն իր այդ զգացողության մեջ ավելի մոլորված էր, քան Շաքեն, ում համար սեքսը, թերևս, տվյալ պահին, ամենաանմեղ դեղամիջոց-հնարն էր' մեծ խելագարությունից ետ պահելու համար: Մեծ մեղքից ետ պահելու համար, բայց...

Աշխատավայրում, առանց այն էլ, մի քանի անգամ ակնարկել էին սպասվելիք կրճատումների մասին, իսկ մոր երկարատև հիվանդության ժամանակ, ստեպ-ստեպ բացակայություններից հետո, իր հաշվին իր համար արձակուրդ էին ձևակերպել: Հարևան, բարեկամ, ընկեր, մտերիմ ու մարդկային տարական կամ սերտագույն փոխշփումներով պայմանավորված այլ անձիք այնքան էին, որքան ձեռքի մատները...Երևի, ըստ էության, ավելի քիչ, այնքան, որ մոր թաղումից մի քանի օր անց իրեն մատնա-անդամահատված, հաշմանդամ զգաց, կամ մի ձեռնանի կամ կռնատ...Խոսեց ինքնասիրությունը, եսը, ավերակ, բայց սքանչահմա տաճարի մեջ խոյացավ երբեմնի էսթետի, շրջապատին բոլորահասցե խենթացնող Շաքեի ուրվականը...Ոնց թե, կոտրվել...Չկա, չի լինելու նման բան...

Առաջին քննությունը, սեփական արժանապատվության և ուժեղ կամքի առնչությամբ, հանգստյան օրերին հաջորդած երեքշաբթին էր, երբ գնաց հիմնարկ, անշարժ գույքի գործակալություն, իր տնօրենի մոտ:

- Շաքե ջան, ցավակցում եմ մամայի առիթով...էստեղ չէի, գիտես, գործուղման էի..

- Շնորհակալություն,-ոչինչ չասող միջանկյալ տառակույտ:

- Ցավում եմ, որ էսպես էղավ, մանավանդ էս պահին, մեր ֆինանսական դրությունն էլ էն չի, ինքդ էլ գիտես, ստիպված պիտի ազատենք քեզ...Ավելի լավ կլինի, մի այլ գործ կճարես: Ես կօգնեմ...

Աստված իմ, մտածեց Շաքեն, աշխարհում որքան նման տեքստեր կան, նույն առաջաբանով, նույն շեշտադրումներով, նույն օրակարգային գթությամբ ու քաղաքավարությամբ, նունպիսի վերջաբանով ու ընկալման անավարտությամբ...

-Արման, Արման, արի հեռախոսը վեկալ, քեզ են ուզում...հեռախոսի ընկալուչի' այն կողմում տաքսի ծառայության աշխատակցուհին ինքն իրեն նկարեց Շաքեի համար:

-Գերեզմանոց պիտի գնանք կգաս,-արդեն Արմանի հետ էր խոսում:

-Հա...կես ժամից,-գործընկերուհու մոտ որձ խաղալով ծանր-ծանր արտասանեց Շաքեի առաջին տղամարդը:

Մի քանի շաբաթ գերեզմանատուն, իսկ հետո անփոփոխ'տուն, անկողին, դրախտ-դժոխք-գրողի ծոց երթուղուց հետո, երկուսն էլ հասկացան, որ կապված են բնազդաբար ու մարմնապես, ավելին' Արմանի համար այն շահութաբեր չէր, որովհետև տղայական ինքնասիրությունը թույլ չէր տալիս սեքսի ու այլ հյուրասիրությունների դիմաց, ուղեվարձ գանձել, բայց, մյուս կողմից, ինքն էր վճարում դրա համար' տնօրինության կասկածները շեղելու նպատակով: Վերջին անգամ, Շաքեն նկատեց Արմանի հայացքն իր ոսկե մատանուն, հյութի բաժակի մեջ առատորեն լցրեց օղին ու մեկ շնչով դատարկելուց հետո, պաշտպանվողի հնարամտությամբ հորինեց.

-Էս մեր թաղայինը գիտի մեր մասին, ասաց, որ եթե քեզնից չհրաժարվեմ, գլխիդ գործ ա սարքելու...Ինձ ա ուզում, չգիտեմ, ինչ անեմ...

Ասաց, ու միանգամից նշմարեց Արմանի սփրթնած դեմքը...Արմանի ' հրաժեշտով ջղաձգված դեմքը: Այս անգամ միմյանց շնորհակալ չեղան, թեև, դրա համար, թերևս, ամենապատեհ առիթն էր ներկայացված: Մեկը մյուսից ազատվում էր' երկուստեք օգտակարությամբ:

Թաղայինի պատմությունը ճակատագիր դարձավ: Սուտը դիպված դարձավ: Մարդն' ինքն է կերտում իրադարձությունը, թեպետ հաճախ մոլորվածի տրամաբանությամբ հայհոյելով ճակատագրին, դրա բերած այս կամ այն անձնավորությանը, հանգամանքներին: Մարդն իրեն նկարում է փոքրուց, փնթի, ինչպես պատահի, ինչ գույնով ու վրձնով պատահի, որտեղ ասես, ում հետ ասես, հետո էլ' բողոքում է, որ սիրուն չի ստացվել, երջանիկ չի ստացվել, մի տեսակ գորշ է ու մենակ, իրեն նման չէ ու նորի համար էլ, ցավոք, ժամանակ չկա, ցանկություն ու ներշնչանք չկա:

Թաղայինը սիրուն տղամարդ էր: Եթե ճիշտ' ինքն էր թաքուն հմայվել նրանով: Աշխատանքի գնալիս, գրեթե միշտ, նրան հանդիպում էր փողոցում, բարևում, բարևից հետո, արդեն թիկունքով, շնչում օդում' օծանելիքի հաճելի բույրի միջոցով ծանոթ ոստիկանի շարունակվող ներկայությունը:
Հիմա, երբ Արմանի համար, նկարը նկարված էր, պետք էր, ինչպես ասվում է, նմանվել նկարին, այլապես ստախոսի բնազդն օրեցօր մեծ տագնապներ էր հարուցում, ամեն օր սպասելով հակադարձ քայլին: Իսկ եթե հետևի ու պարզի իր ու թաղայինի միջև կապի բացակայությունն այն ձևով, որպիսին ես էի ներկայացրել: Առաջին քայլը, պարզ է, Շաքեյինն էր, թե? որսի ու որսազոհի փոխհարաբերություններում մեկնարկային քայլը սոսկական է ու խաբուսիկ, քանզի ամեն դավադրություն թվաբանորեն ճիշտ է կառուցվածքապես ու օրգանապես, ոչ թե առանձին վերցված ու մատնող...

Թաղայինի անունը, վերնագիրը կարևոր չէր: Նրա անվան' ճշմարիտ լինելուն Շաքեն չհավատաց իր բնակարանում կայացած առաջին իսկ հանդիպումից հետո: Իր ներկայությամբ, հեռախոսազանգերին, որպես կանոն, չէր պատասխանում, օրինաչափորեն, առանց հույզի, դեմքի որևէ մկան լարելու, մերկանում, սեռաբանում ու կրկին զգեստավորվում էր, ալկոհոլից հրաժարվելով, սուրճ խմում ու արագ հեռանում: Շաքեն ոստիկանին մեկ ամիս տարավ բերեց, մինչև որ վերջնականապես համոզվեց, որ Արմանն իրեն հայտնի հեռավորությունից համոզվել է վկայակոչվող կապի իրական լինելու մեջ: Բայց թաղային վերնագրով տղամարդը մի օր վերջապես համարձակվեց օղի խնդրել' ակնհայտորեն հուզվելով ու ճակատի քրտինքը բացատրելով աշնան համար տարակուսելի տապությամբ:

-Արի, սենց անենք, Շաքե, ես չեմ ուզում քեզ կորցնել, վստահ եմ' դու էլ ինձ...Էս կյանքում գոյատևելու համար կան գրված ու չգրված օրենքներ,-հրաման էր կատարում խեղճը, պատվիրված տեքստ էր արտասանում, դողացող ձայնը մատնում էր ենթակայի' իր փակուղային իրավիճակը, վերջնագիրը,-Աշխատանք չունես, բնակարանդ էլ ազատ է, այնպես որ, ընդարձակ տանդ մեկ սենյակն, արի, հատկացնենք, մի աղջիկ կա, թող գա մնա: Փողի խնդիր չես ունենա, ինքն իր վաստակից համ քեզ կտա, համ ինձ, կուտենք, կխմենք, համ դու կապրես նորմալ, համ մենք կտեսնվենք, համ էլ ինքն անտեր, փողոցում չի մնա...Մի հարուստ սիրեկան ունի, բանալին կտանք, թող գա իրար սիրեն-միրեն...Այլընտրանք չունենք, երկուսս էլ բռնվել ենք, ու եթե տենց չանենք, ես քեզնից եմ զրկվելու, դու ինձնից...եվ դա, ամենասարսափելին չի լինելու, որովհետև, հակառակ դեպքում, վանդակավոր արև ենք տեսնելու...

Շաքեի տնվորը սիրունիկ աղջիկ էր, բարակիրան, երկարամազ: Օրերի ընթացքում, սովորեց իր նոր կենցաղավարությանը, իր ու նրա կանոնավոր, փոխնիփոխ ժամանակացույցով սեքսերին, իր անառակությունն արդարացրեց անառակ վարձակալի արարքով, նրան գթաց' իր գեղեցկության, տարիքի ու անբախտության համար, իրենց ' երկուսին էլ ատեց բոզության ու անճարության համար, ներեց, ուրեմն' սիրեց, ուրեմն ատեց մորը, Արմանին, թաղայինին,նրա վերադասին, մյուս ընկերներին, որոնք հիշվում էին այլևս նոր գինարբուքի ժամանակ և մոռացվում զուգարանակոնքից անհուսորեն կառչած' թունավորված աղիքներն ու ստամոքսը կեղեքելիս, խմած-կերածը դատարկելիս, մինչև լույս ոռնալիս, անիծելիս, օրհնելիս, աղոթելիս...

-Ես չեմ խմում, -ասաց կապտաչյա, շիկամորուս երիտասարդը, որ զարմանալիորեն նիհար էր, այնքան, որ թափանցիկության, մարմնադյուրանցնելիության տպավորություն էր ստեղծում: Խումհարի դիվական ազդեցությամբ, նկարված պոռնիկի դեմքով մոտեցավ տղային, զննեց աչքերով, ձեռքերով, շուրթերով, մատներն իջեցրեց դեպի մոմեդալուկ այցելուի ոտնարանքը, բռնեց որձի զենքը' իրեն հերթական անգամ խոցելու, հերթապես զոհվելու կամահոժարությամբ...Բռնեց, բայց թվաց..արյունվեցին մատները...Տղան կար ու չկար:

-Անունդ ինչ է...

-Երեմյա:

-Քանի տարեկան ես:

-Երեսուներկուսս լրացավ:

Տղային զոռով օղի լցրեց:Խմիր' սաստեց:

-Ես չեմ խմում: Եկեք ավարտենք մեր գործը, ես վաղն ամուսնանալու եմ:
Կույս տղամարդու նախաամուսնական փորձաշրջանը սպասվածից ծանր էր դասավորվում Երեմիայի համար, ով, դատելով նրա արտաքին տեսքից, մասնավորաբար' ձեռքերից, արհեստավոր էր, թերևս, հյուսն, և կոշտացած ափերում հին վերքեր ու արյուն կար: Շաքեի սիրտը սկսեց խփել փչացող ժամացույցի անկանոնությամբ, ազդարարելով ավերվող ժամանակը...Երեմիա, դու չես կարող իրական լինել ու գալ իմ տուն, կասկածելի ցածրաձայնությամբ խորհեց Շաքեն: Երեմիա, ինձ մի խաբիր, դու ով ես...սպասիր, ես կասեմ, դու, դու, ասացիր համարյա երեսուներեք տարեկան ես, և, զուգադիպությամբ, իմ երեսուներեքերորդ հաճախորդն ես...Երեսուներեք, ծանոթ թիվ է, ծանոթ աչքեր են, ծանոթ հուզում է, ծանոթ....Մի արա, սիրտս լավ չէ, Երեմիա: Աղերսում եմ, ասա, ինձ, ինչ է լինելու ինձ հետ:

-Շաքե, բժիշկ կանչենք...

-Ոչչչչչ...ծղրտաց Շաքեն, -ժամանակ մի շահեք: Ուղիղ նայիր աչքերիս մեջ: Մարդ չես, խիղճ ունեցիր, նայիր....Չէ, մարդ չես, գիտեմ, գիտեմ' ով ես..

-Ես երևի գնամ,-Երեմիան մեղք չգործած մեղավորի հեզությամբ ընկրեց մինչև հյուրասենյակի դուռը:

-Մենակ մի թող, Երեմիա, Երեմիա, Երեմիա...........
Հիվանդասենյակում, բուժքույրը նայեց Շաքեի դալուկ, հյուծված դեմքին ու դեղահաբի պես խցկեց պառկածի ականջների, աչքերի, երակների, մտքի մեջ:

-Պետք է հրաժարվեք ամեն ինչից:
Ուզեց մի բան ասել, չստացվեց, կամ ծռվեց բերանի ներքևի մի անկյունում:

- Ալկոհոլ, ծխախոտ, սեռական բազում վարակներ...անկանոն սնունդ, քուն, կյանք..Եվ, հետո, ասացին, որ մենակ եք ապրում: Ափսոս չեք, սիրուն, ջահել աղջիկ եք,-ռուսական առոգանությամբ' ախտորոշման տեղեկանք լրացնելու նման ասաց բուժքույրը:

- Շնորհակալություն,-ինչ երևակայություն ու բառապաշար ունենք բոլորս' անխտիր:

- Հա, մոռացա,ասեմ, Ձեզ ոստիկան է հարցնում...
Թաղայինը մտավ, սպասեց բուժաշխատակցուհու հեռանալուն, մոտ նստեց ու նայելով աչքերի մեջ ասաց.

- Լսիր, քո տուն վերադարձար, քեզ սպանելու են...Ինձ էլ' քեզ հետ: Հուսամ, ժամանակ կունենաս ծանրութեթև անելու: Ես արեցի ամեն ինչ, որ էդքանով պրծնենք: Բարի բախտ քեզ:

...Սովետաշենի աղբանոցում բարեբախտաբար մի մարմնի տեղ գտնվեց, բայց էդ չերջանկացած մաշկը, ներքևից արցունք չկորզելով, վերևում խոնավացրեց Երեսուներեքամյա Փրկչի աչքերը:

.................……………………………………………….օգոստոս, 28, 2013 թ., Արա ԱԼՈՅԱՆ