Այսուհանդերձ, աշխարհի գինեկոլոգները սթրինգը լուրջ խնդիր են համարում։ Կանանց՝ դրանց միջոցով իրենց գրավչությունն ու սեքսուալությունն ընդգծելու ձգտումը հղի է առողջական լուրջ անախորժություններով, երբեմն՝ տարբեր հիվանդությունների ու վարակների ծանր ձևերով։

Պատճառները շատ են, և դրանցից մեկը սինթետիկայի օգտագործումն է։ Ինչքան շատ են սինթետիկ նրբաթելերը, այնքան հեշտ է պահպանել ներքնաշորը։ Սակայն նման գործվածքից դժվար է օդ թափանցում, այն խոնավություն է կուտակում, գրգռում մաշկը և նուրբ լորձաթաղանթը։

Սթրինգի ձևը նույնպես նպաստում է տարբեր հիվանդությունների առաջացմանը, քանի որ նեղ ժապավենը հետույքի արանքում բառի բուն իմաստով օգնում է, որ աղիների մանրէները անուսից իջնեն հեշտոց։

Ուրեմն ի՞նչ անել, առհասարակ հրաժարվե՞լ սթրինգից։ Բայց չէ՞ որ այն շատ հարմար ու գեղեցիկ է։ Եվ գլխավորը՝ սեքսուալ է։

Փաստորեն, ստիպված ենք ընտրել՝ կա՛մ գեղեցկությունը, կա՛մ առողջությունը։ Նման հարցադրումը անհեթեթ է հնչում, քանի որ գեղեցկությունը նախ և առաջ առողջություն է, մանավանդ՝ կանանց առողջություն։ Մյուս կողմից՝ ի՞նչ սեքսուալության մասին կարող է խոսք լինել, եթե հենց կանանց սեռական օրգանների հետ կապված խնդիրներ կարող են ծագել։

Իրականում ամեն ինչ շատ ավելի հեշտ է լուծվում։ Եթե սթրինգ եք գնել, դա չի նշանակում, որ այն պետք է միշտ հագնել ցանկացած իրավիճակում, լինի խանութ գնալիս թե ազատ ժամանակ, զբոսնելիս թե աշխատանքի գնալիս։ Այ, հենց աշխատանքի ժամանակ բնավ սթրինգ հագնելու կարիք չկա, եթե, իհարկե, գիշերային ակումբում չեք աշխատում։

Սթրինգը կոչված է լավ լույսի տակ ներկայացնելու ձեր արժանիքները որոշակի իրավիճակներում, օրինակ՝ երբ անհրաժեշտ է հագնել նրբակիրթ և ձեր կանացիությունն ընդգծող երեկոյան զգեստ կամ բարակ կիպ գրկող շալվար։ Եթե սթրինգը հագնեք նման դեպքերում, ապա խնդիրներ չեն առաջանա։

Սակայն շատ հաճախ տեղի է ունենում հակառակը, և կանայք, ասենք, ջահել աղջիկները նույնպես, սթրինգը հանգնում են անընդհատ՝ ձեռք բերելով բորբոքումներ, սնկային և ավելի բարդ հիվանդություններ, որոնք ցանկալի չէ այստեղ թվարկել։

Սթրինգ գնելիս նախապատվությունը տվեք բնական գործվածքներից կարվածներին, ամենից լավը բամբակն է։ Եթե, այնուամենայնիվ, երբեմն սինթետիկ վարտիք եք հագնում, ապա օգտագործեք ամենօրյա միջադիրներ։