Ծնվել է 1935 թվականի օգոստոսի 26-ին Գյումրիում։ Հայկական կինոյի լավագույն օպերատորներից մեկն է։ 1964-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը (Լ. Կոսմատովի արվեստանոց)։ Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում։ Շրջադարձային էր Ալբերտ Յավուրյանի համար 1964 թվականը, երբ Ֆրունզե Դովլաթյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձավ հայրենիքՙ «Բարև, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար։ «Բարև, ես եմ» ֆիլմն ճանաչվում է որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն։ 60-ական թվականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող և հայկական ընդգծված հասցե ունեցող այս կինոնկարի ստեղծմանն իր զգալի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը։ Այստեղ կիրառվեցին, այսպես կոչված, «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները։ Բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն այս ֆիլմի համար արժանացավ Հայաստանի պետական մրցանակի (1967)։

Ալբերտ Յավուրյանը տասնյակ խաղարկային և վավերագրական ֆիլմերում հանդես եկավ որպես բեմադրող օպերատոր «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկա», «Մենավոր ընկուզենի» և այլն։ Բազմաթիվ շնորհներով էր օժտված, բայց ինչպես իսկական պրոֆեսիոնալ, երբեք չէր դավաճանում իր հիմնական մասնագիտությանը, հարգում էր այլ մասնագիտությունները՝ ռեժիսորին, դերասանին, նկարչին ու դրամատուրգին... Եվ նրա հետ միշտ երազում էին աշխատել անվանի բեմադրիչները։ Սերգեյ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրեց Ալբերտ Յավուրյանին. միասին նկարահանեցին «Աշուղ Ղարիբը», չհասցրեցին սկսել «Խոստովանության» նկարահանումները...
Վերջին տասը տարիներին Ալբերտ Յավուրյանը ղեկավարեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կինոյի և հեռուստատեսության ամբիոնը։
Ա. Յավուրյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ պետության և թե՛ հասարակայնության կողմից։ Նրան շնորհվել է Մ. Խորենացու մեդալ (1999) և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատը» ստեղծագործական վաստակի համար (2005)։
Հայաստանից դուրս լայնորեն ճանաչված, «Նիկա» միջազգային կինոակադեմիայի անդամ, բազմաթիվ փառատոներում պարգևների արժանացած Ալբերտ Յավուրյանը չափազանց ազնիվ ու համեստ մարդ էր՝ օժտված անձնական մեծ հմայքով, իսկական հայրենասեր ու քաղաքացի։
Ալբերտ Յավուրյանը մահացել է 2007 թվականի նոյեմբերի 5-ին։ Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։
_Ֆիլմերը_
Տարի Անուն
1999 Ուրվանկար
1995 Լաբիրինթոս
1994 Զինաթափում
1993 P. S. (Հետգրություն)
1992 Ռադիո-Երևան
1991 Ընկեր
1991 Երեք նավազներ տոթ անապատում
1991 Բոբո օպերատոր և սցենարիստ
1988 Աշուղ Ղարիբը
1988 Արշակ Երկրորդ -Գ. Հայրապետովի հետ
1986 Օտար խաղեր
1986 Մենավոր ընկուզենի
1983 Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը
1983 Հրդեհ
1982 Ինքնադիմանկար
1982 Երջանկության մեխանիկա
1982 Մխիթարյանները
1981 Հրաժեշտ սահմանագծից անդին
1980 Թռիչքն սկսվում է երկրից
1979 Ապրեցեք երկար
1987 Սգավոր ձյունը
1978 Չեզոք իրավիճակ
1976 Երկունք
1974 Այստեղ, այս խաչմերուկում հանդիպում է նաև «Խաչմերուկ» անունով
1973 Կամոյի վերջին սխրանքը
1972 Երևանյան օրերի խրոնիկա
1970 Անցյալի արձագանքները
1976 Գարուն ա, ձուն ա արել
1968 Մի ղողանջիր, զանգ, մի ղողանջիր
1968 Հանդիպում ցուցահանդեսում
1967 Յոթ երգ Հայաստանի մասին
1965 Եթե գաք մեզ մոտ' Հաղպատ
1965 Բարև, ես եմ
1964 Քաղաք. մի փողոց