
Հովհաննես Շիրազը մի քանի օրով եկել էր Լենինական և ընկերոջ' լրագրող Վարդգես Սարգսյանի հետ զբոսնում էր Գյումրվա հին փողոցներում: Տուն վերադառնալիս լրագրողը մի քանի բանաստեղծություն արտասանեց: Շիրազը հանկարծ կանգ առավ , շրջվեց նրա կողմը, ասաց.
-Ծո, էդ ինչ սիրուն բաներ են , ո՞վ է գրել:
-Տասնհինգ-տասնվեց տարեկան մի տղա:
-Չի կըրնա պատահի, անունն ի՞նչ է:
-Հովհաննես Շիրազ:
-Իյա, հաստա՞տ, հլը նորից արտասանե:
Արտասանեց: Շիրազը փորփրեց հիշողությունը:
-Բայց իդոնք հեչ մէ գրքիս մեջ չկան, ուրտի՞ց ես վերցրե:
-«Մանածագործ» և «Բանվոր» թերթերից:
Աչքերում տխրության մշուշ երևաց.
-Կարկատած շորերով, անոթի փորով ըդպես բաներ եմ գրե, հըբը՛…