Դաշտանային ցիկլի ընթացքում կան կոնկրետ օրեր, երբ դու ոչ միայն հրաշալի ու սեքսուալ տեսք ունես, այլև նույնպիսի ինքնազգացողություն: Իհարկե, չենք ասում, որ ամեն ինչ պլանավորես միայն այդ օրերին, բայց այդ գաղտնի զենքը դու պարտավոր ես օգտագործել քո օգտին:
Ահա մի սեքսուալ գաղտնիք, որն օգնել է մարդ արարածի գոյատևմանը: Մարդկության առաջացման ամենավաղ օրերից ի վեր իգական սեռի ներկայացուցիչները սեքսի հնարավորություններ բնազդաբար որոնել և գտել են այն օրերին, երբ ամենաշատն են պատրաստ եղել հղիանալու. չնայած նրանք գաղափար իսկ չունեին, թե հարևան քարանձավում բնակվող տղամարդն ինչու է իրենց այդչափ հետաքրքրում հենց այդ օրերին: Այսօր արդեն ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ բնական դաշտանային ցիկլ ունեցող կանայք (այսինքն, երբ չեն օգտագործում որևէ հակաբեղմնավորիչ հաբ կամ հորմոնների վրա ազդող այլ մեթոդներ), ունենում են ֆիզիկական և վարքագծի փոփոխություններ այն մի քանի օրերին, երբ նրանց օրգանիզմն ամենապատրաստն է բեղմնավորմանը: Այս փոփոխությունների հանրագումարը քեզ ավելի գրավիչ ու ցանկալի է դարձնում, քան երբևէ եղել ես:
Դառնում ես ավելի հմայիչ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձվազատման (օվուլյացիա) օրերին քո մարմինը ենթարկվում է որոշակի փոփոխությունների. կոնք-գոտկատեղ հարաբերակցությունդ դառնում է ավելի ընդգծված, իսկ կուրծքդ՝ ավելի սիմետրիկ: Օլբանիի համալսարանի հոգեբանության դասախոս դոկտոր Գորդոն Գելափը բացատրում է, որ այդ երկու նշաններն էլ այն բանի ապացույցն են, որ դու առողջ ես ու պատրաստ բեղմնավորման: Եվ եթե նույնիսկ ինքդ գաղափար չունես այս փոփոխություններից, դրանք բավականաչափ ակնառու են, որպեսզի մյուսները նկատեն և համարժեք արձագանքեն դրանց: Այսպես՝ մի փորձի ժամանակ մասնակիցներին ներկայացրել էին լուսանկարներ և առաջարկել ընտրել ամենագրավիչները: Մասնակիցների ընտրած լուսանկարները հիմնականում արվել էին կանանց ձվազատման շրջանում:
Դառնում ես ավելի ցանկալի
Ծանոթ-անծանոթ, թե սեփական ամուսին, նրանք բոլորն էլ ամսվա այդ օրերին քեզ ավելի են ցանկանում: Բացի ավելի սեքսուալ դարձած քո կազմվածքից, տղամարդկանց ձգում են նաև քո ֆերոմոնները: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ օվուլյացիայի շրջանում գտնվող կանանց քրտինքոտ շապիկների հոտը գերադասում են մյուս կանանց շապիկների հոտից: «Եվ չզարմանաս, եթե քո զուգընկերն անակնկալ որոշի տեսնել քեզ այն ժամանակ, երբ դու ընկերուհիներիդ հետ ուրբաթ երեկոյան ժամանակ ես անցկացնում»,- զգուշացնում է դոկտոր Սթիվեն Գանգեստադը, ում իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ցուցաբերում են «պահակություն» անելու վարքագիծ այն ժամանակ, երբ կինը գտնվում է իր ցիկլի ամենաբեղուն փուլում: Քանի որ այդ օրերին նա անընդհատ ձգտում է քո կողքին լինել, գուցե հենց դա էլ ամենալավ հնարավորությունն է նրան հրավիրել ծնողներիդ հետ ծանոթանալու: Շա՞տ խորամանկ քայլ է: Գուցե: Բայց դե...
Ձգտում ես ֆլիրտի
Վստահ ենք՝ քեզ հետ էլ է պատահում, երբ ինքդ քեզ իսկական ծախու արարած ես համարում' շաղակրատելով պատահած գրեթե բոլոր տղամարդկանց հետ ու նրանց քո ցանցը գցելով: Պատճառներից մեկը կրկին կարող է ձվազատումը լինել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բեղմնավորման համար նպաստավոր փուլում գտնվող կանայք ավելի հակված են տղամարդկանց հետ հանդիպելու հենց այս ժամանակ, քան իրենց ցիկլի որևէ այլ կետում: «Կապվա՞ծ ես ինչ-որ մեկի հետ: Միևնույն է, դա չի խանգարի ֆլիրտ անել որևէ գրավիչ տղամարդու հետ»,- ասում է Գանգեստադը: Գանգեստադը նույնիսկ պնդում է ավելին. այս օրերին կանայք առավելապես հակված են մտածելու ոչ թե իրենց զուգընկերոջ, այլ ուրիշ տղամարդկանց մասին: Ուրեմն՝ վայելիր վստահության ալիքը և «ըմպիր» քո նկատմամբ ուշադրության յուրաքանչյուր կաթիլը:
Ձգտում ես սեքսի
«Օրգանիզմում էստրոգենի և տեստոստերոնի բարձրացման հետևանքով կանանց մեծ մասը ձվազատման շրջանում զգում է լիբիդոյի կտրուկ թռիչք»,- բացատրում է կանանց առողջության մասնագետ և առողջապահության հարցերով «Cosmo ռադիոյի» փորձագետ Ջենիֆեր Ուայդերը: Սեքսուալության այս փոփոխությունն արտացոլվում է քո վարքագծի մեջ... և քո առօրյայում: Մինեսոտայի համալսարանի կողմից վերջերս անցկացված մի հետազոտություն պարզել է, որ այդ օրերին դու պատրաստ ես ընտրել խոր դեկոլտե, չափազանց կարճ փեշ և բարձր կրունկներ:
Օվուլյացիայի կողմնակի ազդեցությունները
Դու «կծում» ես քո լավագույն ընկերուհիներին
«Կանայք ամսվա այդ օրերին ուրիշ կանանց նկատմամբ դառնում են սուպեր-մրցակցող, և կարող են գնալ այնքան հեռու, որ վնաս հասցնեն մեկը մյուսին»,- ասում է դոկտոր Քրիստինա Դյուրանտեն:
Կարող ես ավելի շատ դրամ վաստակել
Նյու Մե քսիկոյի համալսարանի կողմից վերջերս անցկացված մի ուսումնասիրություն պարզել է, որ բեղմնավորման համար նպաստավոր օրերին պորտապարուհիները 80 տոկոսով ավելի շատ թեյավճար են ստանում, քան սովորական օրերին: Հնարավոր է, որ նույն արդյունքը լինի նաև այն դեպքում, եթե դու աշխատում ես բարում կամ մատուցողուհի ես: