Ես քրոջս տանն էի, իսկ տունը լցված էր ճռճռան գույներով, ու թվում էր՝ արևը ծակում է աչքս. խոսքս հենց այն արևի մասին է, որը կարծես վրեժ է լուծում… ու ամեն հատիկ շողը մեխի պես խրվում է մեջդ՝ փորձելով ջնջել քամու հիշողությունը: Ես առավոտյան վեր թռա քնից, որովհետև սրտիս զարկերի արագությանը չդիմացա: Ու ես գիտեի՝ գնալու ես: Չեմ հիշում՝ երբ, բայց հետո իմացա՝ էլ չկաս: Փակվել եմ մորս սենյակում, իսկ սենյակից այն կողմ ինչ-որ բան է կատարվել, որը դեռ լավ չեմ հասկանում: Մորս ընկերուհին ասաց՝ էլ չես գա: Ինձ զատիկին ներկած ձու տվեցին ու նայեցին այնպես, ինչպես որբին են նայում: Դրանից հետո ամեն տարի ավելի խորն էի զգում որբությունս: Ես Նոր տարին հիշում եմ ինձ միջանցքում կանգնած, որովհետև եղևնու հոտը հարևանի տնից էր գալիս, ու մենք արդեն մենակ էինք: Հետագայում ավելի էինք մենակ լինելու: Մայրս մենակ թողեց ինձ տանը. մորս մեքենայի ձայնը փոքրուց միշտ տարբերել եմ, ոնց որ ազդանշանը լինի մորս մենակության: Ու ահա բարձրանալու է աստիճաններով, բացելու է դուռը, ես տեղիցս վեր եմ թռչելու, ու կարծես ներսիս փափուկ, սիրուն ճագարը վախից ձգելու է մարմինը… ականջները հատ առ հատ փշաքաղվելու են: Մայրս շրջում է սենյակում, ու փոշու հատիկներ ման գալիս. ներսիս ճագարը ավելի է փշաքաղվում: Այդ անգամ էլ լսեցի մորս մեքենայի ձայնը: Կրկնում եմ մտքումս՝ Ման, դու քնած ես, Ման, դու քնած ես, քնած ես, քնած ես… հիշում եմ միայն դռան առաջին զանգը:
Դա իմ առաջին վրեժն էր:
Հետո եկան անտերության օրեր: Մեքանայով գնում ենք՝ առջևում ու ետևում օտար տղամարդիկ, մորս ճաքճքած ծիծաղն եմ լսում, շատ թույլ, նվաղուն ծիծաղը: Խոստացել են, որ եթե չքնեմ պաղպաղակ կգնեն: Ես ձևացնում եմ, որ քնած եմ, որովհետև չեմ հաշտվում մտքի հետ, որ էլ չկաս: Ու հավատացած եմ՝ օտար տղամարդը կգրկի ինձ քո պես, կբարձրանա աստիճաններով, կմտնի տուն… իսկ հետո… հետո ես քնած կլինեմ ու ոչինչ չեմ իմանա:
Ես կքնեմ խորը, խորը:
Նկարդ մայրս ու ես սենյակից սենյակ էինք տանում: Ես ամեն անգամ սենյակ մտնողներին ասում էի՝ հայրս է, ու գլուխս կախում. իմ փոխարեն դու էիր նայում: Հոնքերիդ տակ կուտակված կանաչ ամպերը ցրելու համար ես մի օր մորս ասեցի՝ մամ, ես անընդհատ խոսում եմ նրա հետ, իսկ նա էնպես խիստ է նայում, ես տկար եմ, մամ: Ես գրեթե ոչ մեկի հետ չէի խոսում, ու մեր տուն եկողներից ոչ մեկը չհասկացավ ինձ: Տարիներ անց, երբ խոսեցի, նրանք զարմացան: Նրանց աղմուկը կարծես անարգանք լիներ իմ վշտի հանդեպ: Մայրս գոռում էր, ստիպում, որ երևամ մարդկանց աչքին, որ հագնվեմ մարդավարի, որ սանրեմ մազերս, ու որ դուրս գամ, անպայման դուրս գամ սենյակից: Ես երբեմն քթիս տակ, ցածր ձայնով ինչ-որ բան էի ասում, մայրս անհանգստանում էր, որ ինձ չեն լսում: Նա նորից կրկնում էր, թե ինչ ասեց իր աղջիկը, իր փոքր ու հիվանդ աղջիկը:
Դասարանցիներս վերցնում էին գրելու անհաջող փորձերով տետրս, ու ատամները վարագուրող անմարդկային ժպիտներով մեկը մյուսին «պաս» տալիս, ընթացքում նայում՝ ոնց է աղավաղվում դեմքս, ու ուրախությունից ոռնում… ես վազում էի մեկ մեկի ետևից, մեկ՝ մյուսի… բառերս շաղվում էին օդի մեջ. մտքումս կրկնում էի՝ միայն թե չբացեն տետրը, միան թե չբացեն:
Ես ամաչում էի իմ մտքերից:
Դու գիտեիր, որ հանգստյան լավագույն տեղը մեռելների կողքին է: Նրանց կողքին ու այնքան հեռու նրանցից: Չէ, պապ, արի անկեղծ լինենք. մեզ ու նրանց մի բան բաժանում էր: Մենք տուն էինք վերադառնալու, դու սիրելու էիր մորս, իսկ նրանք արդեն ետևում էին լինելու, նրանք միշտ լռելու էին:
Հետագայում ես հաճախ կկեղծեմ քո ձայնը:
Մայրս ուժեղ ցավեր է ունենում, ես երեխա եմ, ու չգիտեմ՝ ոնց օգնեմ նրան: Նա գիշերվա կեսին սենյակիս մոտ բարձր գոռում է, իսկ ես ձևացնում եմ, որ չեմ լսում: Ես չեմ ուզում լսել: Ինձ մեղադրում էին, որ չեմ սիրում մորս, ու ես դժվարանում էի համբուրել նրան: Միայն շուրթերիս ծայրով, արագ, որ չզգամ, թե ինչպես դա եղավ:
Նա ինձ ասում է՝ ինձ ոչինչ չունե ՞ս ասելու:
Նա միշտ ստիպում է' ներողություն խնդրեմ, կարծես իմ ներեղությունը կփրկի մեզ: Նա ուրիշների մոտ քո մասին տարերքով է խոսում, աչքերի հատուկ արտահայտությամբ, որը վարժեցրել է տարիների ընթացքում, երբ մենակ ենք մնում՝ հանդիսավոր լռում է: Ես զավեշտալի տեսք ունեմ, ու քանի որ հետույքս տափակ է, հագածս բոլոր տաբատները ընկնում են վրայիցս:
Նա ինձ նմանեցնում է քեզ:
Ես կարծես կախիչից թափվող շոր լինեմ. ոչ մի ձև հավաքել չի լինում: Այնքան անփույթ է այս լակոտը, բարկանում է մայրս: Իմ շարժումները մինչև այսօր բարկացնում են նրան. նա չի սիրում իմ ուտելու, խոսելու, կանգնելու ձևը: Նա նյարդայնանում է, երբ խոսում եմ, որովհետև ես խոսում եմ վերջից, ու երբ սկսում եմ խոսել, չգիտեմ՝ ինչպես կավարտեմ ու կկարողանամ արդյոք: Իսկ նա միշտ այնքան հեռվից է գալիս, ու եթե հանկարծ հետաքրքվում ես, ուշադրություն ցուցաբերում ասածի նկատմամբ, նա ավելի է երկարացնում խոսքը, պտտվում ավելորդ մանրամասների շուրջը, ու ես զգում եմ, թե որքան ավելորդ բառեր են կուտակվում իմ ու նրա միջև:
Երբ հասնում է պահը՝ ես սառած եմ լինում:
Հիշում եմ՝ խոհանոցում մանր, աստղաձև մակարոնից ապուր էր պատրաստում ու պիտի ասեր, որ գնալու է, լքելու է մեզ: Նա ընդհանրապես նման չէր քեզ, բայց խաղում էր ինձ հետ, օդի մեջ երկրներ գծում, ասում պատկեարացրու՝ սա Ալբանիան է, դե ասա, ուրեմն որտե՞ղ է Ամերիկան… ես ոչինչ չէի հասկանում, բայց նա այնքան սահուն էր երկրներ նկարում:
Ես գիտեի՝ երկրները նրա շարժումների ձևն ունեն:
Ես մի անգամ մորս տեսա հարբած: Քեռուս տանը բոլորը քնած էին, իսկ ես նստել էի բազմոցին ու սպասում էի նրան: Քեռակինս առաջարկեց նստել ու սպասել, հեռուստացույցը միացրած կլինի, մենք՝ քնած, իսկ դու… ուզում ես, չէ՞, սպասել մորդ:
Ես հասկացա՝ աշխարհում նրանից բացի ոչ մեկ չունեմ ու սպասեցի:
Մայրս զգաց, որ սպասում եմ ու եկավ: Մենք հասանք ռեստորան, որտեղ մորս ընկերներն էին, մայրս ճոճվում էր ու էնպիսի մեղմ, վերացած ժպիտ ուներ: Նա բռնվել էր աթոռից ու աթոռն ու մայրս պարում էին. նա չէր կարողանում մոռանալ քեզ: Ես նստել էի մեքենայի ետնամասում՝ մորս ընկերուհու ու մորս հետ: Մայրս ոտքը բարձրացրեց, ու երկարաճիտ կոշիկը դրեց տղամարդու գլխին: Տղամարդը սկզբում ժպտում է, ես զգում եմ ապակու մեջ ծածանվող նրա շուրթերը: Հետո հանում է կոշիկը, ու նետում դուրս: Սլացող մեքենայից դուրս փախչող մորս կոշիկը… այդ կոշիկի մեջ մորս ոտքն էր, սրիկա, մենք փող չունենք նոր կոշիկ գնելու:
Մայրս չգիտեր՝ ինչպես պահել ինձ:
Ես մեծ ու անհեթեթ կոշիկներ եմ հագնում, ու թվում է՝ եթե արագ քայլեմ չեն նկատի:
Նկատում են:
Գնալուց ասացիր մորս՝ խելացի կին ես, մենակ չմնաս:
Իսկ նա՝ այն մեկը, օդում երկրներ էր նկարում, տարբեր երկրներ՝ մեծ ու փոքր, երկար ու կարճ… ու մի օր էլ ինքնաթիռ նկարեց:
Ես չճանաչեցի նրա մատները:
Նրա գնալուց հետո մայրս ասաց՝ հորդ ճկույթն էլ չարժեր:
Մանե Գրիգորյան