Հայաստանն իրեն պետք է ապահովագրի անցանկալի զարգացումներից
Սերժ Սարգսյանը «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը մասնակցելուց առաջ պատասխանել է երիտասարդների հարցերին: Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը»:
Նախագահի այս հայտարարությունից հետո տարբեր կարծիքներ հնչեցին' նաև ծայրահեղ տեսակետներ արտահայտվեցին, սակայն մի բան միանշանակ է՝ անկախ այն հանգամանքից, թե ով Ադրբեջանում նախագահ կընտրվի, Հայաստանը պետք է իր համար սահմանի զարգացման ու հզորացման «ճանապարհային քարտեզ», ինչը Ադրբեջանում տեղի ունեցող ցանկացած զարգացումների պարագայում զերծ կպահի անցանկալի զարգացումներից:
Կարևորելով Ադրբեջանում տեղի ունեցող կարևորագույն քաղաքական միջոցառումների վերաբերյալ հայաստանյան կողմի դիրքորոշման արտահայտումը, միաժամանակ պետք է նշել, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն ու կողմերի հնարավորությունների գնահատումը չպետք է դիտարկել բացառապես Ադրբեջանում այս կամ այն թեկնածուի հաղթանակով:
Հայաստանն իր համար ձեռնտու իրավիճակում հայտնվելու համար պետք է արդյունավետ օգտագործի իր ռեսուրսները, զարգացնի ու մրցունակ դարձնի իր տնտեսությունը, մշտապես բարձրացնի բանակի մարտունակությունը, էականորեն կրճատի արտագաղթի ծավալները: Սա այն ոչ լրիվ միջոցառումների ցանկն է, որը ցանկացած իրավիճակում կապահովագրի Հայաստանին անցանկալի զարգացումներից: