Ես սպասում եմ քեզ

Արևները եկել են բարևելու կարոտներիս ու ասելու, որ քիչ է մնացել: Ինչ-որ մի տեղ հրաշքները ճամպրուկվում են, որ այցելեն ինձ ու էլ երբեք չլքեն: Ինձնից կիլոմետրերով հեռու մեկն իր սերն է փաթեթավորում, որ ինձ նվեր բերի: Ես շատ եմ զգացել այդ սերը, սակայն այն մինչև վերջ իմը չի եղել. գուցե ճիշտ էր այդպես… Սակայն ինչու՞ եմ ինձ խաբում. ես ատում եմ այս հեռավորությունը, կիլոմետրերը, ժամերը, ես ատում եմ իմ սրտում դղյակներ կառուցած ու հարմար տեղավորված կարոտը, ատում եմ իմ երազանքները փշերով ծածկած ու թաքցրած սպասումը և մի հրճվագին անհամբերությամբ պատկերացնում եմ, որ կարոտս շուտով մահանալու է, իսկ սպասումս մի քանի հազար ժամից կրճատվելու է մի քանի տասնյակ ժամի: Ես հիշում եմ, թե ինչպես երկու գարուն առաջ ասացիր, որ գնում ես: Ասես մի ծով սառցե ջուր լցնեին ինձ վրա: Ես գիտեի, որ այդքան ուժեղ չեմ, որպեսզի առանց քեզ երկու անգամ չորս եղանակ բոլորեմ: Ես ճիշտ էի… Սակայն մի բանում ես ճիշտ չէի. իմ, ՄԵՐ սերն էր ինձնից ուժեղ, այնքան ուժեղ, որ այժմ բոլորել եմ յոթ եղանակն ու ապրում եմ վերջին' ութերորդը, առանց քեզ, ԱՌԱՆՑ ՔԵԶ… Ես սիրում եմ քեզ այնքան շատ, որ ինքս էլ չեմ պատկերացնում, և գուցե այդպես լավ է, այլապես կխենթանայի… Ես սիրում եմ քեզ այնպես շատ ու այնպես ուժգին, իսկ կարոտներս մահվան են պատրաստվում, սերս տոնի է սպասում… Ես սպասում եմ քեզ…