Մի միլիոն սեր

Տարիները պայմանագիր են կնքել միմյանց հետ, որ ժամանակի հետ ինձ ցույց են տալու կյանքի ավելի ու ավելի վատ կողմերը: Երբ անմեղորեն փոքր էի, աշխարհն այնքան լուսավոր էր, պայծառ, գունավոր, իսկ հիմա հասկանում եմ, որ աշխարհը միշտ էլ անգույն է եղել, պարզապես իմ մեջ էին գույները շատ, իսկ հիմա էլ գույն չունեմ, չեմ գտնում: Հիմա ամեն ինչ սև ու սպիտակ է, ավաղ: Իսկ իմ գունապնակում մնացել են կարոտը, սպասումը, հիասթափությունը, սուտը, միայնությունը: Իմ գունապնակը զրկվել է այն գույներից, որ ինձ ապրեցնում էին. իմ գունապնակը քեզնից է զրկվել, ներիր: Դու կաս, այո, կողքիս ես, բայց մեզ բաժանում են միլիոններ կիլոմետր, րոպե, համբույր, հայացք: Մեզ մի միլիոն սեր է պակաս, իսկ ես երբեք էլ այնքան հարուստ չեմ եղել, որ գնեմ սերդ, որովհետև դու երբեք սերդ չես էլ վաճառել: Դու միշտ ինձ շատ լավ ներկայացրել ես, թե որքան լավն է սերդ, որքան որակյալ, անկրկնելի: Դու գովազդել ես սերդ, իսկ ես' հասարակ մի հաճախորդ, խեթ-խեթ նայել եմ ու հարցրել' որքա՞ն է: Դու նայել ես ինձ, քմծիծաղ տվել ու ասել' ես այն քեզ չեմ վաճառի: Եվ ես գլխիկոր գնացել եմ' մոլորվելու հույսերի իմ քարավան-երազներում, մտքում քեզ սիրելու ու քեզ կողքիս ունենալու, արթնանալու ու գույներ փնտրելու: Իմ գույնը դու ես, իսկ դու սերդ չես վաճառում: Եվ կապրեմ ես գույների իմ անաշխարհում, սերերի իմ անքեզությունում, կնայեմ, թե ինչպես ես սերդ ցուցադրում, գովազդում ու կհարցնեմ' որքա՞ն է: Դու կծիծաղես անմիլիոն ինձ վրա ու կփշրես երազների իմ անսիրտը: Դու քո սերը չես վաճառում: