Հավատու՞մ ես

-Հավատու՞մ ես:

-Ես սովորել եմ հավատալ շատ բանի, բայց սրան հավատալ չեմ կարողանում: Այնքան հեռու ես, որ հավատս էլ ձգվել է, ճմռթվել, գժվել, խեղճացել:

-Հավատու՞մ ես:

-Հավատում եմ քեզ, ինձ, մեր սիրուն, մեր անցյալին ու մեր ապագային:

-Հավատու՞մ ես:

-Հավատում եմ, որ տարիներ, ամիսներ ու շաբաթներ հաշվելու փոխարեն հիմա ընդամենը օրեր եմ հաշվում: Հավատում եմ, որ շուտով հաշվելու կարիք չի լինի:

-Հավատու՞մ ես:

-Ես սիրում եմ քեզ, հիմա թվում է, թե այլևս չեմ դիմանում: Գիտե՞ս' լինում է օրվա մեջ մի պահ պարզապես խենթանալու աստիճան քո կարիքն եմ զգում, ցանկանում եմ զանգել, բացականչել, որ շուտ գաս, բայց…

-Հավատու՞մ ես:

-Հավատում եմ, որ շատ շուտով գրկելու եմ քեզ ու էլ չեմ երազելու գոնե մեկ րոպեով կողքիդ գտնվելու մասին: Հիմարություն է սիրած մարդուց բաժանված լինելը: Ատում եմ իմ բացակայությունը քո գրկում:

-Հավատու՞մ ես:

-Երազում եմ, պատկերացնում, հորինում և ուրախանում: Առավոտներս, կեսօրներս, երեկոներս ու գիշերներս ուրիշ են լինելու: Դրանց մեջ այնքան շատ դու ես լինելու: Ինձ առավոտները բարի լույս կմաղթես, չէ՞: Իսկ գիշերները երազում քեզ կտեսնեմ, որովհետև կզանգես ու ինձ բարի գիշեր կմաղթես, չէ՞:

-Հավատու՞մ ես:

-Մենք դուրս կգանք զբոսանքի, կքայլենք երեկոյան Երևանով, ես կսիրեմ փողոցներն ու շենքերի կտուրները: Ձեռքս կմեկնեմ ու կբռնեմ լուսինը, իսկ դու կգրկես ինձ ու կհամբուրես վարսերս: Ես կսեղմվեմ քեզ ու որքան ուժ ունեմ կշնչեմ բույրդ ու ինչպես երկու տարի առաջ կփորձեմ մտապահել ամեն բջիջը բույրիդ, որ հետո հիշեմ ու ինձ քո կողքին զգամ: Մենք կվիճենք, ու բարիշելիս կգրկեմ քեզ ու նեղացկոտ կնայեմ աչքերիդ ու այնտեղ սեր կկարդամ: Եվ այլևս երբեք չեմ լացի մեր բաժանումից հետո, քանի որ կիմանամ, որ հաջորդ հանդիպումն ամիսներ հետո չի լինի: Դու կլինես կողքիս, այնքան կողքիս, որ չեմ էլ հիշի, որ ժամանակին մեզ տարիներ ու կիլոմետրեր են բաժանել:

-Հավատու՞մ ես:

-Հավատում եմ…