Վաֆլե տորթ ու տաք շոկոլադ

Ինչ-որ շատ տարօրինակ բան կա նրանում, որ ոչինչ չգիտեմ քո մասին, բայց հպարտորեն ինքս ինձ հայտարարել եմ, որ մենք հարազատներ ենք: Մենք հանդիպում ենք ամեն օր. դու նստում ես այդտեղ, իսկ ես անշտապ ու դժկամորեն երթուղային եմ նստում և աշխատանքի գնում: Եվ եթե ինչ-որ մեկի, անգամ քեզ, ասեմ, որ սիրահարվել եմ քեզ, ծիծաղից բացի ոչինչ չեմ առաջացնի:
Աշխարհում ամենից շատ երազում եմ, որ չմրսես: Ախ թե համարձակ լինեի, քեզ ամեն առավոտ տաք շոկոլադ կբերեի: Մտածում եմ կհավանեիր իմ պատրաստած վաֆլե տորթը: Բայց բոլորն այն ճաշակում են, բացի քեզնից: Կյանքի հիմար անարդարությունների շարքը համալրվեց ամենամեծ անարդարությամբ: Գոնե ինձ համար:
Սիրած մարդկանց համար հիմար աղջիկները գեղեցկանում են, շպարվում, թանկարժեք զգեստներ կրում… Իսկ ես… Ես երևի իրավունք չունեմ շքեղության մասին մտածելու: Դու այդտեղ մրսում ես, երբեմն խեթ հայացքներ նետում վրաս, ավելի ուժեղ փաթաթվում հին ծածկոցի մեջ ու փակում աչքերդ: Դու գեղեցիկ ես, անչափ ու անսահման: Եվ երևի դա է միակ արժանիքդ: Ներիր…
Կանգառային մեր հանդիպումների ընթացքում ես մի բան եմ հասկացել. մենք երևի այդպես էլ չբարևենք իրար, և դու երևի այդպես էլ չիմանաս, թե որքան համեղ է իմ վաֆլե տորթը: Եվ երևի դադարեմ վաֆլե տորթ պատրաստել, որպեսզի ոչ ոք էլ չիմանա, թե որքան համեղ է այն: Այդպես ես կվերականգնեմ արդարության իմ չնչին մասնիկը: Գոնե ինձ համար:
Մեր ցուրտ քաղաքի կանգառներից մեկում ամեն առավոտ հանդիպում ենք ես և դու: Ես' հասարակ մի աղջնակ, դու' հասարակ անօթևան…