Եվս մեկ հրաշալի ստեղծագործություն, գնահատեք Ձեր ծնողներին ...
Քաղաքի ամենամարդաշատ փողոցներից մեկում, մի փոքրիկ անկյունում միշտ մի կին էր նստած: Նա այնտեղ էր տարվա բոլոր եղանակներին: Ցուրտ, տապ, անձրև, ձյուն, արև, փոթորիկ, ոչինչ չէր ստիպում նրան հեռանալ այդ փողոցից: Նա միշտ կուչ էր գալիս իր ցնցոտիների մեջ ու հարբում: Այն գումարը, որ հավաքում էր օրվա ընթացքում, վատնում էր խմիչքի վրա: Բոլորը զզվանքով ու արհամարանքով էին նայում նրան: Մի քանի անգամ փորձեցի մոտենալ ու խոսել նրա հետ, բայց ապարդյուն: Նա անքան հարբած էր, որ ոչինչ չեր հասկանում, հայհոյում էր բոլորին: Մի անբացարտելի թախիծ կար նրա աչքերում: Ես համոզված էի, որ ինչ-որ բան էր պատահել նրա կյանքում, որից հետո նա սիրահարվել էր շշին: Որոշեցի հետաքրքրվել նրա կյանքով, տեղեկություններ հավաքել նրա մասին: Լինելով լրագրող, ես շատ հետաքրքրասեր եմ և ուզում եմ ամեն ինչ իմանալ, բայց այս դեպքում մասնագիտական հետաքրքրությունս մղվել էր հետին պլան, և գլուխ էր բարձրացել մարդկային խիղճը, որ ապրում էր իմ մեջ: Շատ շուտ հասկացա, որ բոլոր ջանքերս իզուր էին: Քաղաքում ոչ ոք նրան չէր ճանաչում, իսկ ճանաչողները զզվանքով էին խոսում նրա մասին: Ես ավելին քան համոզված էի, որ ինչ-որ մի ուրիշ բան կար, որի մասին ոչ ոք տեղյակ չէր:
Մի օր որոշեցի խոսել նրա հետ, չնայած մեջս վախ կար, որ նա չի ցանակա խոսել: Ամեն դեպքում քաջություն հավաքեցի և մոտեցա:
- Բարև ձեզ,- ժպտալով ասացի ես:
- Ի՞նչ ես ուզում, ինչու՞ ես եկել, գնա՛ այստեղից, հենց հիմա գնա այստեղից,-բղավեց նա:
- Տիկին ես ուզում եմ օգնել ձեզ,- շարունակեցի ես, բայց նա նույնիսկ չթողեց միտքս ավարտել: Սկսեց ավելի բարձր բղավել, բոլորը մեզ էին նայում:
- Օգնե՞լ, ինձ պետք չէ քո օգնությունը,-շրջվեց դեպի փողոց,- ինձ պետք չէ ձեր բոլորի օգնությունը, լսու՞մ եք,-նորից շրջվեց իմ կողմը,-հեռացի՛ր այստեղից:
Հանկարծ նրա կապույտ աչքերը լցվեցին արտասուքով: Նա իջեցրեց իր ձայնը և սկսեց խոսել կարծես ինքն իր հետ,-ինձ ոչ ոքի օգնությունը պետք չէ, ինձ միայն նա է պետք, նա..- ու հանկարծ կարծես դև մտավ մեջը, սկսեց կրկին բղավել,-հեռացի՛ր քեզ ասում եմ, գնա՛ այստեղից, չե՞ս հասկանում գրողը տանի:
Որոշեցի կրկին փորձել, չնայած շատ լավ գիտեի, որ նա չէր ցանկանա խոսել ինձ հետ: Ես նրա աչքերում մեծ ցավ էի տեսնում և համոզված էի, որ այդ կապված էր հենց «նա»-ի հետ: Երբ գնացի, արդեն ավելի էի անհանգստացած: Ո՞վ էր այդ «նա»-ն... ես հոգեբանական դասերի չեմ հաճախել և չգիտեմ ինչպես խոսել այդպիսի մարդկանց հետ, ուստի որոշեցի ուղղակի գնալ, կանգնել նրա դիմաց և նորից բարևել:
- Բարև ձեզ,
- Էլի դու՞, ի՞նչ ես ինձանից ուզում, գնա, հեռացիր, չեմ ուզում խղճաս ինձ:
- Բայց ես ձեզ չեմ խղճում Տիկին, ես ուզում եմ խորհուրդ հարցնել ձեզանից,-ես հորինեցի այդ պատմությունը, որպեսզի նա չմտածեր, որ խղճում եմ իրեն:
- Խորհու՞րդ, ինձանի՞ց, ծաղրու՞մ ես ինձ: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցիկ հագնված երիտասարդը խորհուրդ հարցնել ինչ-որ կործանված հարբեցողից: Քեզ իմ խորհուրդը պետք չէ: Գնա:
- Մենք բոլորս ունենք խորհրդի կարիք չնայած սոցիալական խավի և տարիքի:
-Քանի՞ տարեկան ես:
-22,-պատասխանեցի ես:
Նա միանգամից սկսեց արտասվել ու նայել շուրջբոլորը, կարծես ինչ-որ բան էր փնտրում: Հետո նստեց, դեմքը առավ ճաքճքված ձեռքերի մեջ և սկսեց բարձր ձայնով արտասվել:
-Ի՞նչ պատահեց Տիկին:
-Ինչ որ պատահելու էր, արդեն պատահել է:
-Կասե՞ք թե ինչի մասին է խոսքը:
-Դու նրա տարիքին ես,-նրա մռայլ դեմքին հայտնվեց ժպիտ:
-ՈՒ՞մ:
-Նրա:
-Իսկ ո՞վ է նա:
-Որդիս:
Նա այնպես արտահայտեց «որդիս» բառը, որ ես ցնցվեցի ողջ մարմնով մեկ:
-Տիկին ես ձեզ հրավիրում եմ իմ բնակարան: Կնստենք այնտեղ և կզրուցենք միասին:
-Քո հարազատներին հաստատ դուր չի գա ինձ նման մեկին տեսնել իրենց տանը:
-Ես մենակ եմ ապրում: Տիկին դուք շատ գեղեցիկ կին եք:
Իմ խոսքերը ուրախացրին նրան: Իրականում նա իրոք շատ գեղեցիկ էր, նույնիսկ կնճիռների միջից երևում էր նրա գեղեցկությունը: Երկարատև զրույցից հետո, ինձ հաջողվեց համոզել նրան: Մենք գնացինք իմ բնակարան:
-Իսկ ինչու՞ ես մենակ ապրում: Ծնողներդ ու՞ր են:
-Ես արդեն 4 տարի է, ինչ չեմ տեսել նրանց: Վիճել ենք: Նրանք չէին ուզում, որ ես լրագրող դառնամ: Հայրս ինձ դուրս արեց տանից, ես հեռացա և այլևս չտեսա նրանց:
-Գնա նրանց մոտ, նրանք կարոտում են քեզ ու սպասում:
-Տիկին, իսկ ի՞նչ է պատահել ձեր որդուն:
-Եթե,-նա նորից արտասվեց և այլայլվեց:-Չկա, չկա, չկա, նա այլևս չկա: Սպանել են, չար մարդիկ սպանել են նրան: Նրանք շատ վատն են, շատ վատը... Սպանում են անմեղ մարդկանց: Բայց ախր նա ամեղ էր, հասկանու՞մ ես: Հասկանում ես չէ՞ ինձ: Նա ոչինչ չէ՛ր արել, չէ՛ր արել, չէ՛ր արել: Պատահական անցորդ էր, ուղղակի պատահական անցորդ: Կրակեցին... Ասում եմ չէ՞, չար են նրանք, շա՛տ չար,- լռեց...Նա շատ արագ էր խոսում և անկանոն նախադասություններ ասում: Կարծես մի պահ գժվեց ու էլի հանգստացավ,-ես խմում եմ, որ մոռանամ այս ամենը, բայց չի ստացվում, այն միշտ հետապնդում է ինձ: Ես չեմ կարող մոռանալ այն չարաբաստիկ օրը, երբ ինձ հայտնեցին, որ այլևս երբեք չեմ տեսնելու նրան: Նա բարձրահասակ էր և կապույտաչյա: Կարոտում եմ նրան: Գիտե՞ս ինչ սարսափելի զգացողություն է, երբ կարոտում ես մեկին, բայց գիտես, որ այլևս երբեք չես տեսնի նրան: Ստիպված ես կարոտել նրան մինչև կյանքիդ վերջին շունչը: Բոլորը մտածում են, որ ես ցնորված հարբեցող եմ, բայց դա այդպես չէ: Ես էլ բոլորի նման եմ, իմ տարբերությունն այն է, որ ես ոչ ոք չունեմ և կյանքից միայն մի բան եմ ուզում՝ մահանալ: Ես ոչ ոք չունեմ, հանուն ում կարող եմ ապրել:
-Հանուն ձեր որդու հիշատակի դուք պետք է ապրեք: Նա հաստատ չէր ցանկանա ձեզ այս վիճակում տեսնել եթե ողջ լիներ...
Խոսքս կտրելով ասաց նա,- եթե, հոգնել եմ այդ եթե-ներից: Փաստն այն է, որ նա չկա, նա իմ կողքին չէ: Նա իմ ներկան էր, իմ ապագան, իսկ հիմա չկա: Սերս անպատասխան է մնացել: Որդիս չկա: ՈՒ՞մ տամ սերս, այն սերը, որ չարիք է դարձել ու ներսից տանջում է սիրտս: ՈՒ՞մ տամ սերս որ պահել էի, փայփայել նրա իսկ ծննդյան օրից: Այնքան սեր կա իմ մեջ, այնքան երազանքներ, բայց ու՞մ համար, նա չկա ու չեմ կարող այն նրան տալ: Ու՞մ տամ սերս, կարող ե՞ս ասել: Ոչ ոքի, ես այն ոչ ոքի էլ չեմ տա, ինչպես մի փոքրիկ եսասեր աղջիկ, ով չի կիսում իր սիրելի տիկնիկը ուրիշների հետ: Ես կթաղեմ այդ սերը իմ սրտի փոսում, այն փոսում, որը գոյացավ նրանից հետո: Այո, այո ես կթաղեմ այն ինչպես որդուս թաղեցի տարիներ առաջ,-նա նորից սկսեց անկանոն շարժումներ անել և արտասվել: Ես հասկացա, որ տարիների ընթացքում նա ստացել էր հոգեկան շեղումներ: Երբ շատ էր հուզվում, սկսում էր մեկ բարձր ծիծաղել, մեկ արտասվել, մեկ անկանոն շարժումներ անել, կրկնել մի բառը մի քանի անգամ ու հանկարծակի հանգստանում էր:
-Ես ուզում եմ օգնել ձեզ Տիկին:
-Ոչ, ինձ օգնություն պետք չէ: Դու ինձ արդեն օգնեցիր: Ինձ ավել բան պետք չէ: Ես իմ կյանքն ունեմ, որն ինձ դուր է գալիս, լինի այն լավ թե վատ: Հիշում ե՞ս, ասեցիր, որ ինձանից խորհուրդ ես հարցնելու: Ես չգիտեմ թե ինչ խորհուրդ էր և կկարողանաի քեզ օգնել թե ոչ, բայց ուզում եմ քեզ մի բան խնդրել: Այցելիր ծնողներիդ, համոզված եմ, որ նրանք սպասում են քեզ: Ծնողներն այդպիսին են, բարկանում են ու դուրս անում տանից, բայց միշտ ներում են ու ընդունում: Մի զրկիր նրանց քեզ տեսնելու երջանկությունից,-ասաց նա և գնաց:
Նրա վերջին նախադասությունը հոգիս տակն ու վրա արեց: Հաջորդ օրն իսկ գնացի ծնողներիս տեսնելու: Նրանք շատ ուրախացան և ես զգացի, որ իրոք սպասված էի նրանց կողմից: Աշխատանքի բերումով նորից հետ վերադարձա այնտեղ, որտեղ ապրում էի: Գնացի այդ նույն փողոց նրան տեսնելու և կրկին անգամ օգնությունս առաջարկելու, բայց նա այնտեղ չէր: Դա ինձ տարրօինակ թվաց, որովհետև նա միշտ այնտեղ էր լինում: Ես հարցրեցի հարևանությամբ աշխատող կնոջը: Նա ինձ տեղեկացրեց, որ նրան հիվանդանոց են տարել: Ես գնացի հիվանդանոց և այնտեղ իմացա, որ Տիկինը հոգին ավանդել էր: Ես այդպես էլ չիմացա նրա անունը: Հիմա եմ հասկանում, որ երկուսս էլ ինչ-որ բանի պակաս ունեինք: Նա որդու, իսկ ես ծնողներիս և հավանաբար դա էր մեր հանդիպման և իմ տարրօրինակ խղճահարության պատճառը: Ես չկարողացա նրան օգնել, որովհետև նա ինքը չէր ցանկանում օգնել իրեն: Բայց նա օգնեց ինձ հաշտվել ծնողերիս հետ, քաջություն գտնել իմ մեջ և այցելել նրանց: Ես երախտապարտ կլինեմ նրան իմ որջ կյանքի ընթացքում: Երևի հիմա նա գտել է իր որդուն և միգուցե արդեն երջանիկ է...
Հեղինակ՝ Ժենյա Սուքիասյան