Ազգային բարոյականության խորհրդանիշ
Լևոն Մութաֆյան
«Գալյա Նովենցի հեռացումը հնարավորություն տվեց մեզ հայացք հղելու նրա ստեղծագործություններին: Ցավոք սրտի, Գալյա Նովենցն այն դերասաններից է, ում ստեղծագործությունը խորքային քննարկման նյութ չի դարձել առ այսօր: Դրա համար երևի պատճառներ կան' մեր կինոգիտությունը չափազանց կաղում է և հավանաբար իր համար խնդիր չի դարձրել հետազոտելու, ուսումնասիրելու ազգային կինոդերասանական արվեստի առանձնահատկությունները, ինչպես նաև Գալյա Նովենցի տևական ժամանակ ազգային գեղարվեստական կյանքից հեռու գտնվելու հանգամանքը մի տեսակ օտարացում առաջ բերեց:
Գալյա Նովենցի դերասանական ճակատագիրը բավական բարդ ընթացք է ունեցել, նա գնացել է Մոսկվա'ընդունվելու կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտ, բայց մրցույթից դուրս է մնացել: Մոսկվայից վերադարձել է Հայաստան' ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտ' Վարդան Աճեմյանի արվեստանոց: Այդ ժամանակ Աճեմյանն իր կուրսից մի քանի հոգու, ովքեր ցայտուն և վառ արտահայտված չեն եղել, խնդրել է այլևս չգնալ դասերին, նրանց թվում էին նաև Գալյա Նովենցը ու Հենրիկ Հովհաննիսյանը: Գուլակյանը Աճեմյանի չընդունած ուսանողներին վերցրել է իր արվեստանոց: Հենրիկ Հովհաննիսյանին Աճեմյանը անընդհատ համոզել է, որ նա գնա գրականագիտության, տեսության ճանապարհով և չի սխալվել, որովհետև իմ խորին համոզմամբ, Հենրիկ Հովհաննիսյանը բոլոր ժամանակների մեր մեծագույն գեղագետն է: Սակայն Գալյա Նովենցն ինստիտուտում արդեն, ինչպես ժամանակակիցներն են վկայում, խաղալով Սունդուկյանի «Կտակ»-ում, եղել է հրաշալի:

Գալով նրա բուն գուրծունեությանը և իբրև նրա ստեղծագործության բանալի դիտարկենք մի քանի հանգամանք' ո՞վ էր Գալյա Նովենցը ազգային կինոյում, չէ որ նրա մի շարք կերպավորումներ, մասնավորաբար Սիրանուշը «Մեր մանկության տանգոն» ֆիլմում, ազգային բարոյականության խորհրդանիշեր էին: Նա իր կատարումների միջոցով խիղճ էր բերում, մարդկանց հուշում էր խղճի գոյության, ներկայության մասին և հանդիսատեսին պարտադրում գնալ դեպի ինքնասուզում, դեպի ինքնաճանաչում. ահա նրա արվեստի հիմնական գեղարվեստական և գաղափարական առանձնահատկություններից մեկը: Կինոյում նա ստեղծեց էկրանային փոքր ժամանակի մեջ գործող կերպարների մի ամբողջ շարան, սկսած առաջին' «Բարև ես եմ» ֆիլմից, ապա «Մենք ենք մեր սարերը», շարունակվելով մինչև «Հին օրերի երգը»: Էկրանային կարճ ժամանակամիջոցում Գալյա Նովենցն ազգային կինոարտադրություն բերեց բնավորության գաղափարը'ժխտելով տիպաժայնությունը: Գալյա Նովենցի բոլոր էկրանավորումները, անկախ էկրանային ժամանակի մեջ տեղավորվելու խնդրից, ունեն հստակ բնավորություն: Հիշենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, մի փոքրիկ կերպար, 3-4 րոպեանոց տեսարան, որում ժայթքում է բնավորությունը, մարդկային տեսակը: Գալյա Նովենցի բոլոր հերոսուհիները բնավորության մեջ ունեն բնավայրի արտացոլումը: Նրա գրեթե բոլոր էկրանային հերոսուհիները բարության հաստատումն են, միայն մի կերպար եմ հիշում, որը բացասական է' «Խնձորի այգին» ֆիլմում:

Նրա արտահայտչական, գեղագիտական համակարգը գալիս է ազգային ավանդական դերասանական դպրոցից ' մշտապես նորանալով, մշտապես դառնալով հետաքրքիր: Ովքեր տեսել են նրա թատերական դերակատարումները, իսկ ես բախտ եմ ունեցել այդպիսիք տեսնելու, կհավաստեն, որ նա բեմում էլ անչափ հետաքրքիր դերասանուհի էր, ինչպես կինոյում : Նա այն դերասանուհիներից էր, ով միանգամից հայտ չէր ներկայացնում, այլ գործողության, կերպավորման ընթացքում էր կերպարն ապրում զարգացում, աստիճանաբար էր բացահայտվում նրա դերասանական շնորհները: Սա խաղային մի սկզբունք էր, որը կառուցվում էր կիսատոների, ներփակության վրա, այսպես ասած Չեխովյան հնչերանգի վրա, երբևէ չմղվելով ամեն ինչը ցայտունացնելուն. ցայտուն էր կերպարի հոգեբանական նկարագիրը, մինչդեռ արտահայտչամիջոցները չափազանց զուսպ էին, չափազանց մեղմ: Ես նրա վերջին դերակատարումների' Ֆիլումենա Մարտուրանո-ի և Միսիս Սևիջ-ի հանդիսատեսն եմ եղե: Դրանք այն կատարումներն էին, որոնցով նա փորձում էր հանրագումարի բերել իր անցած ամբողջ ճանապարհը ' գնալով դեպի կերպարի էքստրավագանտությունը, կերպարի բացառիկությունը, ստեղծելով պարադոքսալ դրսևորումների համաձուլում: Իմ խորին համոզմամբ Նովենցի Սիրանուշը կինոյում երբևէ ստեղծված լավագույն կանացի դերակատարումն է:
EMPORIUM