
Թեև արևն արդեն ծագել էր, բայց նա դեռ մրսում էր: Կանգնել էր բացատում և դիտում էր շուրջը: Անտառի խորքերից լսվում էր գայլերի սոված վնգստոցը, որից նրա վախն էլ ավելի էր մեծանում: Երկարաձիգ ծառերն իրենց սաղարթով փակում-բացում էին արևի'արշալույսի նուրբ ու փափուկ շողերը և աղջկա երեսին բոցկլտացնում թեժ կրակ հիշեցնող կարմրադեղնավուն լույս:
Օդը մառախլապատ էր, ինչն ավելի էր շառագունում և ցրում արևի քնաթաթախ մթնային լույսը: Այնպիսի տպավորություն էր, թե կարծես նա փախել էր ինչ-որ մեկից և թաքնվել անտառի մութ խավարում, սակայն արևը գտել էր նրան ու իր նայվածքով մատնում էր: Մառախուղն այնքան ուժեղ էր և խիտ, որ բերանից դուրս եկող անտեսանելի տաքուկ օդն արագորեն վերածվում էր կարծես շոշափելի մի զանգվածի, որն ակտիվորեն միահյուսվում և զուգապարում էր մառախուղի հետ:
Հագին մուշտակ կար, որի թևերը բավական երկար էին, սակայն դա չէր խանգարում, որ երեւար ծիրանենու ծաղկի պես նրա սպիտակ շապիկը, որի' և աղջկա մերկ վզի միաձուլումն ամբողջանում էր մի բարակ շղթայի հետ, որ փայլում էր ճաճանչների տակ: Ուսին դեղնավուն, և ըստ երևույթի բավականին հին շալ էր գցել, որի մի ծայրը դիպչում էր գետնին: Ոտքերով սպիտակ ձյան վրա ինչ-որ անհասկանալի պատկերներ էր նկարում և նորից ջնջում մյուս ոտքով: Լայնածավալ կտավի և աշխուժորեն, բայց և խելացի վրձնի հպումից այս անգամ ոչինչ չէր ստեղծվում' ծնունդ տալով ապարդյուն վախի:
Հանկարծակի ոտնաձայները վախեցրին թուլակազմին: Ի՞նչ անել, փախչե՞լ, բայց ո՞ւր.. Կանգնած մնաց նույն տեղում: Հեռվից եկողը ճանաչեց նրան: Եկավ, լուռ գրկեց, մեղմորեն համբուրեց այտը, տաքացրեց ճեռքերը և թևը գցելով ուսին' առաջնորդեց գյուղի կողմը: Նա Էթերիի եղբայրն էր' Ռոլանը:
Տխուր կյանքի մի տխուր պատմություն, որը ստիպել էր ընտանիքի յուրաքանչյուր անդամին գլուխ խոնարհել ամոթի առաջ և ենթարկվել ճակատագրի հարվածին:
Էթերին հղի էր: Նա մարդկային պղծության անմեղ զոհն էր դարձել և սպանվել հոգեպես, իսկ մարմնապես արդեն ոչինչ էր:
...Օրը մոտենում էր ավարտին: Նստել էր բուխարու մոտ և ոտքերն էր տաքացնում: Անթարթ և սառը հայացքն ուղղել էր կրակի խաբուսիկ խաղին:
Կրծքում սուր ծակոց զգալով' կտրուկ կուչ եկավ: Այնուհետև նորից ուղղվեց վախեցած և խորասուզվեց մտքերի մեջ: Ի՞նչ անել, սիրտն ազատություն է ուզում, ո՞ւր փախչել, դո՞ւրս… մութ է և ցուրտ, բայց այդ ամենը քիչ թե շատ գիտակցելով ' ինչո՞ւ էր կիսատ սիրտն ազատություն ուզում:
Գլուխը հենեց աթոռի թիկնատեղին, փակեց աչքերը' իր մեջ խեղդելու անսահման ազատության տենչն ու ցավի հաճախակի բռնկումը: Սակայն քանի մթնում' ցավն էլ ավելի էր սաստկանում: Դրա մասին իմացավ ողջ ընտանիքը, այսինքն' մայրն ու եղբայրը:
...Պառկել էր անկողնում և ձեռքերով ճանկռում էր սավանը, օձի պես գալարվում, ձգում վիզը, ոտքերը, նորից հանգստանում և նորից կատաղի շարժումներ անում: Բղավում էր բավական ուշ' սրտում խեղդելով ցավի ողջ ուժը, և չկարողանալով' միայն վերջում արձակում կատաղի մռնչյուն: Կիսափակ աչքերի առաջ դեռ մասնատված անցնում էին այն սարսափելի օրվա հիշատակ-պատկերները, որոնք խեղդվում և մեռնում էին գեղեցիկ աչքերի արցունքների մեջ: Դրանք մերթընդմերթ մասնատվում էին ցավից արձակած ձայնից, ցրվում օդում և շարունակ ծակող ասեղների պես հալածում հալածված մարմինն ու հոգին:
Մայրը սենյակից դուրս հանեց որդուն: Ռոլանը խառնաշփոտ ու մենակ անցուդարձ էր անում սենյակում, մերթ մոտենում դռանը, մերթ'պատուհանին, կարծես անձայն օգնություն էր կանչում: Հետո նստեց հին բազմոցին, կռացավ և գլուխն առավ ձեռքերի մեջ… Աչքերից արցունքներ գլորվեցին...
Վեր թռավ բարձր բղավոցից և մանկան լացի ձայնից:
Բացվեց հարևան սենյակի դուռը… մայրն էր' ձեռքին բարուր: Տվեց որդուն և մղկտաց.
-Սա այժմ քո որդին է…