Ակնարկ
Հեղինակ' Սամվել Հունանյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի հուշերից

«70-ականներին էր: Ամեն տարի Ճարտարապետների միությունը մեզ ուղարկում էր հանգստի տուն: Մի տարի որոշեցի, որ ես էլ պիտի գնամ հանգստանալու: Մի կերպ հասա Լենինգրադ: Գերցենի 9 հասցեում գտնվում էր Լենինգրադի ճարտարապետների միության շենքը: Այնտեղ ինձ ուղղորդեցին մի կաբինետ, որտեղ նստած էր մի կին: Նա հարցրեց, թե ես որտեղի՞ց եմ: Ասացի՝ Լենինականից: Կինը անակնկալի եկած, ինձ հարգանքով խնդրեց նստել: Զգացվում էր, որ հուզվել է: Այնուհետ, շունչը տեղը բերելով, նա ինձ հարցրեց. «Իսկ Լենինականում այժմ ծաղկու՞մ են կարմիր մեխակներ»: Ես զարմացա. «Իհարկի, ծաղկում են»: Հետո այդ կինը դարձյալ հարց տվեց. «Իսկ դուք ճանաչու՞մ եք Մելիքսեթ Սվաղչյանին»: «Ճանաչում եմ,-ասացի,- ես եղել եմ նրա հուղարկավորությանը»: Նա խնդրեց, որ նկարագրեմ Մելիքսեթի հետ տարիներ առաջ պատահած դեպքը:

Մենք Կարմիր աղբյուրի թաղում էինք ապրում: Դա գտնվում է ներկայիս «Բեռլին» պոլիկլինիկայի հյուսիսային կողմում: Մի քանի աղբյուրներ կային այստեղ, իսկ դրանցից մեկը կարմիզ երիզ ուներ, դրա համար թաղն այդպես էին կոչել: Մեր թաղում ապրում էր Լաուրա անունով աղջիկ՝ դերասանուհի էր մեր դրամատիկական թատրոնում: Մելիքսեթը թատրոնում բեմանկարիչ էր, սիրում էր նրան: Պատերազմ էր, 1942 թիվը, քաղաքում ընդհանրապես լույս չկար: Այդ օրը Մելիքսեթը Լաուրային ուղեկցում էր տուն: Քաղաքում քիչ թվով ավտոմեքենաներ կային՝ «Գազ» մակնիշի՝ այսօրվա «Ուազ»-ների չափին:

Փահլեւանենց Արտուշը այն ժամանակվա, այսպես ասած, գողականներից էր: Մյուս գողականների նման, աջ թեւին կարմիր ժապավեն էր կապում, իբր թե ում խփեց՝ չի ապրի: Նա էլ է սիրահարված լինում Լաուրային, բայց՝ անպատասխան: Երբ Մելիքսեթն ու Լաուրան քայլում են մայթով, Արտուշը «Գազ» մեքենայով անցնում է ու ընթացքից կրակում է Լաուրայի ուղղությամբ, բայց գնդակը դիպչում է Մելիքսեթին: Նա այդ ժամանակ երեւի 27 տարեկան կլիներ:

Կրակոցի ձայնից մարդիկ խուճապահար տներից դուրս վազեցին: Շատերը մտածեցին, թե գերմանացիներն են հարձակվել, պատերազմը քաղաք է հասել: Տեսան Մելիքսեթին ընկած, իսկ Լաուրան կողքին լաց է լինում: Կիսաբեռնատար մի մեքենայի մեջ դրեցին ու տարան հիվանդանոց: Մելիքսեթը մահացավ հիվանդանոցում:

Նրա դին հրաժեշտի համար դրվեց Լենինականի՝ այն ժամանակ Գորկայի այգում գտնվող ճեմասրահում: Քանի որ այդ ամսին դեռեւս ծաղիկներ չկային, պատերի մոտ ուռենու բողբոջած շիվերից հյուսված պսակներ էին դրված: Ես այն ժամանակ 11 տարեկան էի: Ինձ վրա մեծ ազդեցություն գործեց հուղարկավորությունը: Դագաղը գերեզմանոց էին հասցրել, բայց դեռեւս քաղաքի փողոցներից մարդիկ միանում է սգո թափորին:

Լենինգրադցի կինը այս պատմությունն իմանալով՝ հիմա չեմ հիշում նրա անունը, արտասվեց: Ես նրան հարցրի, թե ինչ կապ ունի Մելիքսեթի հետ: Ասաց, որ իրենք միասին են սովորել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: «Մենք սիրում էինք իրար,-ասաց նա,-Մելիքսեթը պարբերաբար ուղարկում էր կարմիր մեխակներ»: Ես դրանից հետո միայն հասկացա նրա այն հարցի իմաստը, թե դեռ Լենինականում ծաղկու՞մ են կարմիր մեխակներ:

Մելիքսեթ Սվաղչյանի գերեզմանը մինչեւ 60-ական թվականները անխնամ էր մնում: Մի օր Մելիքսեթի գերեզմանին նրա մոսկվաբնակ քույրն ու վերջինիս որդին էին եկել այցի: Նրանց հետ էր նաեւ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Ես նրանց ուղեկցեցի գերեզմանոց: Հետագայում Ջիմը կարմիր շիրմաքար պատրաստեց Մելիքսեթի գերեզմանի համար: Շիրմաքարի վրա քանդակված են կարմիր վարդեր»:

Գրի առավ Սամվել Հունանյանը