Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը «հիասթափեցնող» է անվանել այն փաստը, որ Հայաստանի «խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում»:
Դիվանագետն այդ մասին գրել է իր բլոգում:
«Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի հայտարարությունը լավագույն ընտրություններ անցկացնելու մասին: Բայց հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում:
Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում: Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաեւ, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձեւը եւ հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել», - գրել է դեսպանը:
«Տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի եւ գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք դա հնարավոր է: Հուսով եմ, որ հնարավոր է», - նկատել է Քեթրին Լիչը:
Նա նաեւ ասել է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն երեք ոլորտներին'ընտրողների ցուցակներ, հանրային ծառայողների ներգրավում, բողոքներին արդյունավետ արձագանքում: