Քլայդը երիտասարդ էր, միտքը չափազանց զգայուն դեպի գեղեցիկն ու հաճելին, որոնք շատ քիչ ընդհանուր բան ունեին կամ չունեյին այն հեռավոր ու մշուշոտ երազանքների հետ, որ օրորում էին մոր ու հոր մտքերը: Նա նույնքան դատարկամիտ ու հպարտ էր, որքան աղքատ: Նա մեկն էր այն հետաքրքիր անձնավորություններից, որոնք իրենց վրա նայում են որպես հատուկ մարդու: Նա իրեն երբեք չէր համարում լիովին, անքակտելիորեն միացած այն ընտանիքի հետ, որի անդամն էր ինքը, և երբեք խոր չէր զգացել իր պարտավորությունը այն մարդկանց նկատմամբ, որոնք լույս աշխարհ էին բերել իրեն: Ընդհակառակը, նա հակում ուներ ուսումնասիրել իր ծնողներին, առանց խորապես կամ չարամտորեն քննելու: Նա ուզում էր որոշ չափով ըմբռնել նրանց առավելությունները և ընդունակությունները: Այդ ուղղությամբ նա շատ էր խորհել, սակայն երբեք ի վիճակի չէր եղել, գոնե մինչև տասնվեց տարեկան հասակը, իր համար որևէ ծրագիր կազմել, իսկ այնուհետև նա խարխափել էր, դես-դեն ընկել, կառչել էր մեկ այս մտքին, մեկ այն:
Պատահականորեն այդ ժամանակները Քլայդի մեջ սկսեց խոսել սեռի հրապույրը, և նա սկսեց բուռն կերպով հետաքրքրվել ու անհանգստանալ հակառակ սեռի գեղեցկությամբ, նրան հրապուրելու կամ նրա կողմից հրապուրվելու մտքերով: Եվ բնականաբար ու զուգադիպորեն իր հագուստների հարցը և արտաքին կերպարանքը սկսեցին նույնքան վրդովվել նրան: Ինչպիսի՞ արտաքին ուներ ինքը և ինչպիսի՞ն՝ ուրիշ տղաները: Այժմ տանջալի էր մտածել, որ չուներ լավ, հարմար հագուստներ, որ ինքն այնպես գեղեցիկ չէր, ինչպես պետք է լիներ, և ոչ էլ այնքան հետաքրքիր: Ինչպիսի՜ դժբախտություն, երբ մարդ ծնվում է աղքատ և չունի մեկը, որ օգտակար լինի իրեն, երբ ի վիճակի չէ ինքն իրեն հոգալու: Որտեղ հայելի տեսներ, նրա մեջ քննում էր իր կերպարանքը, վստահեցնելով իրեն, որ ինքն այնքան էլ տգեղ չէ-ուղիղ, գեղեցիկ քիթ, բարձր և սպիտակ ճակատ, ալիքաձև, փայլուն մազեր, սև աչքեր, որոնք երբեմն արտահայտում էին խոհունություն ու թախիծ: Սակայն նկատի ունենալով այն փաստը, որ իր ընտանիքը թշվառ է, որ ինքը երբեք չի ունեցել ոչ մի իսկական բարեկամ, ոչ էլ կարող է ունենալ՝ ծնողների զբաղմունքի և նրանց հետ իր ունեցած կապի պատճառով, նա ավելի ու ավելի էր համարվում մի տեսակ հոգեկան անկումով, մելամաղձոտությամբ, որ լավ բան չէր խոստանում նրա ապագայի համար: Այդ բոլորը օժանդակում էին, որ նա երբեմն դառնար ապստամբ և ապա ընկներ թմրեցուցիչ նիրհի մեջ: Չնայած ինքն արտաքնապես դուրեկան էր և ավելի հրապուրիչ, քան շատերը, բայց ծնողների պատճառով նա տրամադրվում էր սխալ մեկնաբանելու այն հետաքրքիր հայացքները, որոնք երբեմն արհամարհական, բայց միաժամանակ հրապուրիչ ձևերով նրան էին ուղղվում կյանքի տարբեր ճանապարհներով անցնող երիտասարդ աղջիկների կողմից, աղջիկներ, որոնք ուզում էին իմանալ, թե նա հետաքրքրվու՞մ է իրենցով, անտարբե՞ր է, համարձա՞կ, թե՞ վախկոտ:
Սակայն, նախքան դրամ շահելը, նա միշտ ինքն իրեն ասում էր, որ ինչ լավ կլիներ, եթե ունենար մի լավ օձիք, նուրբ վերնաշապիկ, գեղեցիկ կոշիկ, լավ կոստյում, ընտիր վերարկու, ինչպես ունեին մի քանի տղաներ: Օ՜հ, ընտիր հագուստ, գեղեցիկ տներ, ժամացույցներ, մատանիներ, գնդասեղներ…Քանի՜-քանի պատանիներ պճնազարդվում էին դրանցով: Իր տարիքի շատ տղաներ արդեն իսկական դենդիներ էին, նրանցից մի քանիսի ծնողները նրանց տվել էին սեփական ավտոմոբիլ, որով նրանք շրջում էին Կանզաս-Սիթիի գլխավոր փողոցներով, ճանճերի նման սուրալով այս ու այն կողմ: Նրանց հետ լինում էին գեղեցիկ աղջիկներ: Ինքը ոչինչ չուներ և ոչինչ չէր ունեցել:
Իսկ աշխարհը լի էր անելիքներով: Որքա՜ն մարդիկ երջանիկ էին ու հաջողակ: Ի՞նչ էր անելու ինքը: Ի՞նչ ճանապարհ էր ընտրելու: Ինչի՞ ձեռնարկել, սովորել, տիրապետել մի նպատակի հասնելու համար: Ոչինչ չէր կարող ասել: Ոչինչ չգիտեր: Իսկ այդ տարօրինակ ծնողները բավականաչափ բանիմաց չէին, որպեսզի կարողանային օգտակար խորհուրդներ տալ նրան…
Քլայդը հաճախ էր տեսնում, որ այս կամ այն երիտասարդ գեղեցկուհուն ընկերակցում էր մի տղա, երեկոյան համազգեստով՝ օսլայած վերնաշապիկ, ցիլինդր, թիթեռնիկ փողկապ, այծեմորթե սպիտակ ձեռնոց, ընտիր կաշուց պատրաստած կոշիկներ, մի կոստյում, որ այդ ժամանակ Քլայդին իր երևելիությամբ, գեղեցկությամբ, վայելչությամբ ու երանելիությամբ անզուգական էր թվում: Ինչքա՜ն լավ կլիներ, եթե կարողանար հագնել այդպիսի կոստյում, այդպես անկաշկանդ ու վայելուչ կարողանար ազատ, առանց այլայլվելու խոսել աղջկա հետ, ինչպես այս շնորհալի երիտասարդներից շատերն են խոսում: Կատարելության ինչպիսի՜ աստիճան: Ոչ մի գեղեցիկ աղջիկ, ինչպես նրան թվում էր այն ժամանակ, իր հետ ոչ մի գործ չեր ունենա, եթե ինքը չունենար այդպիսի շքեղ հագուստներ: Դա միանգամայն անհրաժեշտ էր, դա գլխավորն էր: Եթե միայն ինքը կարողանար հասնել դրան, կարողանար հագնվել այդ տղաների պես,-արդյոք այդ չէ՞ր նշանակի, որ ինքը ամուր կանգնած է այնպիսի ճանապարհի վրա, որ տանում է դեպի ամեն տեսակ երանություններ: Այն ժամանակ կյանքի բոլոր վայելքներն ամենայն հավանականությամբ կսփռվեն իր առջև՝ բարեկամական ժպիտներ, ձեռքի գաղտնի սեղմումներ, գուցե և մի թևով մեկին գրկած…մի համբույր…ամուսնության մի խոստում… և հետո… հետո…հետո...

ԹԵՈԴՈՐ ԴՐԱՅԶԵՐ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ»