
Արդեն 12 տարի շարունակ Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիսկ քաղաքում տեղի է ունենում “Морской Узел” երիտասարդ կատարողների փառատոնը, որն իր հարկի տակ է համախմբում տարբեր երկների տաղանդավոր երիտասարդ երգիչ-երգչուհիների: Այս տարի Լիտվայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Թուրքիայից ու Հայաստանից թվով 12 երիտասարդ կատարողներ պայքարեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար: Հայաստանն այս մրցույթում ներկայացրեց տաղանդավոր երգչուհի Անահիտ Շահբազյանը: Երկու փուլով ընթացող այս երգի մրցույթի նախապայմաններից մեկն էլ այն է եղել, որ կատարողի երգացանկում ընդգրկված լինի նաև երգ՝ ծովի մասին: Մեր ներկայացուցիչն էլ ընտրել է Արթուր Գրիգորյանի (խոսքերը՝ Վահան Անդրեասյանի) “Ծովը” երգը, որն էլ և հաջողություն բերեց Անահիտ Շահբազյանին: Ի դեպ, վերջինս առաջինն է հայ երգարվեստի ներկայացուցիչներից, ով Գրան Պրի է շահել այս հեղինակավոր մրցույթում: Մեզ հետ զրույցում Անահիտը նշեց, որ մրցույթի հրավերը ստացել է Սամվել Գրիգորյանի շնորհիվ.
- Իսկ մրցույթի ողջ ընթացքում ինձ հետ էր իմ շատ սիրելի հրաշք անձնավորություն Արմինե Գրիգորյանը, ով ինձ միշտ դրական լիցքեր էր հաղորդում ու վստահեցնում էր, որ ես պետք է հավատամ իմ հաղթանակին ու ամեն ինչ կստացվի ինձ մոտ: Այդպես էլ եղավ:
Մրցույթներն Անահիտի համար առհասարակ փորձություն է.
- Հպարտություն, վախ…Ի վերջո, երաժշտությանը մոտ լինելու մեծ հնարավորություն է: Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո ես արտասվում էի բեմում, ուրախությանս չափ ու սահման չկար:
Ի վերջո, Ժյուրիի նախագահ Միխայիլ Տուրեցկու գլխավորությամբ ու մյուս անդամների միաձայն որոշմամբ, մրցույթի Գրան Պրին ուղևորվեց Հայաստան: Երրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող Վերիկո Մացաբերիձեն, երկրորդ տեղը կիսեցին Հրեաների երկրի ներկայացուցիչ Նիցան Էշելն ու Լիտվացի Միլդա Մարտինկենայտեն, իսկ առաջին հորիզոնականը բաժին հասավ ռուս Օլգա Լարկինային: