Վնագործ Մարտին Երիցյանին հանդիպեցի Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի ներքնահարկում' իր արհեստանոցում: Այս փոքրիկ արհեստանոցում ես տեսա, թե ինչպես է փայտն աստիճանաբար հնազանդվում վարպետի մատներին, ստանում բնավորություն, դառնում երաժշտություն:
«Ջութակը նման է խաչքարի. երբեք չի կրկնվում: Նույնն են, սակայն միշտ ինչ-որ բանով տարբերվում են իրարից», ասում է վնագործը: Մ. Երիցյանի պատրաստած ջութակներն այսօր գտնվում են աշխարհի տարբեր կողմերում, եւ սա վարպետն իր լավագույն վարձատրությունն է համարում: «Ես ինձ անչափ լավ եմ զգում, երբ տեսնում եմ' իմ պատրաստած ջութակով մի տաղանդավոր երաժիշտ է նվագում: Ես ինձ դրանով գնահատված եմ զգում»:
Վնագործությունը Հայաստանում հիմնել է հենց Մ. Երիցյանի հայրը' Շահեն Երիցյանը: «Հայրս ցեղասպանությունը վերապրածներից մեկն է: Նա ապրել է Հունաստանի որբանոցներում, որտեղ էլ սովորել է նվագել եւ գործիքներ պատրաստել, ապա 23 տարեկանում գալով Հայաստան' Չարենցի եւ այլ մարդկանց հետ հիմնել է երաժշտական գործիքների արհեստանոց», պատմում է վարպետը:
Հոր սկսած գործը շարունակում է Մարտին Երիցյանը, նրան օգնում է իր որդին, իսկ թոռնիկն արդեն իսկ խաղում է տաշեղներով: Մ. Երիցյանն աշակերտներ չունի, քանի որ վստահ է' իր ժառանգները կշարունակեն վնագործությունը Հայաստանում: «Փոքր տարիքից տեսել եմ' ինչպես է հայրս ջութակ պատրաստում. խաղում էի տաշեղներով, ապա փորձում տարբեր գործիքներ պատրաստել, սակայն նա պնդեց, որ ես սկզբից լավ երաժիշտ դառնամ, ապա նոր' վնագործ, քանի որ միայն երաժիշտ լինելուց հետո կարող ես վնագործ դառնալ, որպեսզի զգաս երաժշտությունը, հասկանաս նվագողին»: Նա հոր խորհրդով ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիան, որտեղ էլ ներկայումս դասավանդում է:
Մ. Երիցյանին չի անհանգստացնում, որ այսօր շատերին չի հետաքրքրում ջութակը. «Բնական է, սա բարձր արվեստ է, եւ բնավ պարտադիր չէ, որ բոլորը սիրեն: Մեկ է, արվեստը գտնում է իր հավատարիմ երկրպագուներին»,-ասում է վարպետն ու շարունակում իր արարչագործությունը' տաշեղներից զգուշորեն ազատում փայտը, տալիս նրան ձեւ, ու սկսվում են ձուլվել արվեստի բոլոր տեսակները' պար, երաժշտություն, գեղանկարչություն... Գնում ես Վերածննդի դարաշրջան, երբ մարդիկ ամեն ինչ կատարյալ դարձնելու ձգտումով ստեղծեցին ջութակը' այլեւս անգերազանցելի լուծումներով...
Դրսից լսվող մեքենաների ձայնն ինձ հիշեցնում է , որ ես 21-րդ դարում եմ, Մ. Երիցյանի արհեստանոցում...
Նրա աշխատած ու չոր մատների տակ արդեն լսվում է երաժշտությունը' այնքան ներդաշնակ ջութակի սլացիկությանը, այնքան համոզիչ ու համարձակ: «Այս ջութակը 1 տարի պատրաստել եմ», ասում է Մ. Երիցյանը' ցույց տալով մի փոքրիկ ջութակ: Ապա պատմում է, որ մինչ փայտը կհասնի իրեն, մշակման երկար ճանապարհ է անցնում:
Ջութակի կողքերի եւ մեջքի մասերի համար օգտագործվում է եղեւնու , իսկ մյուս մասերի համար' թխկենու փայտը: Թե որքանով ծառի փայտը հարմար կլինի ջութակ պատրաստելու համար, կախված է երկրի աշխարհագրական դիրքից:
Հայաստանում եղած հումքով չեն կարող ջութակ պատրաստել, ուստի վարպետներն իրենց սեփական միջոցներով կովկասյան անտառներից բերում են հումքը, մշակում այն: Միայն 7 տարի պետք է, որ փայտը չորանա, ապա նոր սկսեն պատրաստել, դրանից հետո էլ պետք է ընտրել ձեւը, գույնը, չափը եւ այլն: Փայտի վրայի շերտերից կարելի է որոշել ծառի տարիքը : «Այս ջութակի փայտը 80 տարեկան է, իսկ ինքը' 1 տարեկան», ասում է Մ, Երիցյանը, ցույց տալով մեկ այլ ջութակ:
Այնուհետեւ ջութակն ինքն է պատմում իր մասին: Բերում է իր հետ իր կյանքի հիշողությունը, կովկասյան անտառների սոսափը, լցնում շուրջն արեւի լույսով: Միգուցե դրանից է, որ ջութակի լարերը մեկ հուսակտուր ճչում են, մեկ բողոքում, մեկ քնքուշ օրորվում են տաղանդավոր երաժշտի մատների տակ:
Մ. Երիցյանի պատրաստած ջութակներից ամեն մեկն իր պատմությունն ունի, խորություն, որ փոխանցվում է պատրաստող վարպետից, տարածվում ամենուր, տանում իր հիշողությունը, հնչում աշխարհի տարբեր կողմերում ու երբեք չի ծերանում, այլ հնանալով' ավելի արժեւորվում ճշմարիտ արվեստի նման: Այստեղ' այս արվեստանոցում, մի յուրահատուկ ուժ կա, որ պահում է, ստիպում լսել, նայել այս ջութակներին, իսկ նրանց պատրաստողն այստեղ' Երեւանում է, մեր կողքին: Ամեն օր արթնանում, գնում է աշխատավայր, համեստորեն ողջունում մարդկանց եւ ոչ մի անգամ ցույց չի տալիս, որ մեր կողմից ճանաչված ու սիրված արվեստագետներից շատերի ձեռքից հաճախ հնչում է հենց նրա պատրաստած ջութակների ձայնը: Ջութակներ, որ ունեն իրենց պատմությունը, իրենց ճակատագիրն ու կյանքի փորձը: Երեւի դրանից է, որ նրանք երբեք չեն կրկնվում:
Այո, իսկապես, ջութակը նման է խաչքարի. այն երբեք չի կրկնվում:
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ