Քեսսը ամենափոքրն ու ամենագեղեցիկն էր հինգ քույրերից: Քեսսը քաղաքի ամենագեղեցիկ աղջիկն էր: Կիսով հնդկացի էր, ճկուն, տարօրինակ, օձի պես գալարվող մարմնով և բոցավառ աչքերով, որոնք այդ ամենին շատ սազում էին: Քեսսը կարծես չհանգչող կրակ լիներ:
Նրա մազերը սև էին, երկար, փափուկ և իր գալարվող մարմնի պես գանգուր: Փոփոխական տրամադրություն ուներ' և՛ բարձր, և՛ անկումային: Ամբողջ քաղաքում Քեսսի նմանը չկար: Ոմանք կարծում էին, որ նա խելագար է: Հիմարներն էին միայն այդպես կարծում: Նրանք երբեք չէին հասկանում Քեսսին: Տղամարդկանց համար նա միշտ ցանկալի կին էր, և նրանց պետքն էլ չէր' խելագար է, թե ոչ: Քեսսը պարում էր, ֆլիրտ էր անում, համբուրվում էր, իսկ երբ բանը հասնում էր բանին' հաջողում էր ծլկել, լքել տղամարդկանց:
Քույրերը նրան մեղադրում էին իր գեղեցկությունը ոչ ճիշտ օգտագործելու համար: Նրան անխելք էին անվանում: Բայց Քեսսը ուներ խելք ու հոգի: Նա նկարում էր, պարում, երգում, կավից ինչ-որ իրեր էր պատրաստում: Նա նաև կարեկցող էր: Երբ մարդիկ հոգևոր կամ ֆիզիկական ցավ էին ունենում, Քեսսը խորապես վշտանում էր նրանց համար: Նրա մտածողությունը տարբերվում էր մյուսներից, այն պարզապես պրակտիկ չէր: Քույրերը նրան խանդում էին իրենց տղամարդկանց հրապուրելու համար և զայրանում էին, որ նա օգտագործում է նրանց' երբ իր պետքն էլ չէ: Նա ուներ սովորություն' լինել բարի ու հեզ տգեղ տղամարդկանց հետ, իսկ բարետեսները նրա զզվանքն էին առաջացնում:
-Արիություն չկա, ուժ չկա: Միայն շուրջդ պտտվել գիտեն իրենց փոքր ականջաբլթակներով և ընդգծված քթածակերով: Արտաքնապես բարետես են, ներսից' դատարկ:
Քեսսը խենթ բնավորություն ուներ: Շատերի կարծիքով նա հենց խելագար էր, որ կար: Հայրը մահացել էր ալկոհոլի չարաշահումից, մայրը' լքել նրանց: Աղջիկները մնացին իրենց բարեկամի մոտ, ով էլ հետո տեղափոխեց նրանց կուսանոց: Սակայն կուսանոցը անտանելի էր, հատկապես' Քեսսի համար: Քեսսը ամեն օր վեճերի մեջ էր. աղջիկները նախանձում էին նրան: Նման մի քանի վեճերից հետո, իրեն պաշտպանելու արդյունքում, Քեսսի ձախ թևին հայտնվեցին ածելիի նշաններ: Ձախ այտի վրա մշտական մի սպի ուներ, որը նրա գեղեցկությունը առավել էր ընդգծում:
Առաջին անգամ ես նրան հանդիպեցի «The West End» բարում, կուսանոցից հեռանալուց մի քանի գիշեր հետո: Լինելով ամենափոքրը' կուսանոցից ամենավերջինն էր դուրս եկել: Նա ներս մտավ և նստեց հենց իմ կողքին: Ես, ըստ երևույթին, ամենատգեղ տղամարդն էի քաղաքում, և դա, թերևս, ինչ-որ բան նշանակում էր:
-Խմե՞նք,-հարցրեցի:
-Դե, իհարկե:
Չէի ասի, որ մեր խոսակցությունը արտասովոր էր, բայց Քեսսի հետ շատ հեշտ էր զրուցելը: Քեսսը հենց ինքն էր ինձ ընտրել: Չկար ոչ մի լարվածություն: Նա սիրում էր խմել և այդ գիշեր բավականին շատ խմեց: Տարիքից մեծ չէր երևում, սակայն երբեմն այդպես ասում էին: Հնարավոր է, որ նա անօրինական անձնագիր էլ ունենար, չգիտեմ: Ամեն անգամ, երբ զուգարանից վերադառնում էր և նստում իմ կողքին, ես ինձ հպարտ էի զգում: Նա ոչ միայն քաղաքի ամենագեղեցիկ կինն էր, այլ ամենագեղեցիկն էր, ում ես երբևէ տեսել էի: Համբուրեցի նրան' ձեռքս գոտկատեղին դնելով:
Նա հարցրեց.
- Դու իրո՞ք կարծում ես, որ գեղեցիկ եմ:
- Իհարկե, ավելին' քան գեղեցիկ: Քո հայացքի մեջ ավելին կա:
- Մարդիկ իմ գեղեցկության համար ինձ միշտ մեղադրում են: Դու իրո՞ք կարծում ես, որ ես լավն եմ:
Քեսսը ձգվեց դեպի իր պայուսակը: Մտածեցի' թաշկինակ է փնտրում: Հանկարծ այնտեղից մի երկար գնդասեղ դուրս բերեց: Ես նրան չկարողացա կանգնեցնել, նա գնդասեղը իր քթի շուրջը սահեցրեց' ռունգերից դեպի վեր: Զզվանք ու սարսափ զգացի: Հետո նա ինձ նայեց և սկսեց ծիծաղել:
- Իսկ հիմա՞ ինչ կասես, դեռ գեղեցի՞կ եմ:
Ես հանեցի գնդասեղը և թաշկինակով արյունահոսությունը կանգնեցրի: Մի քանիսը, ներառյալ բուֆետապանը, տեսան այդ ամենը: Վերջինս իջավ ներքև, մոտեցավ մեզ.
- Լսիր,- ասաց նա,- կորիր այստեղից, քո ներկայացման կարիքը ոչ ոք չունի:
- Ինքդ կկորես,- պատասխանեց Քեսսը:
- Ավելի լավ է հետևես նրան,- ասաց բուֆետապանը ինձ:
- Նրա հետ ամեն ինչ լավ կլինի,-ասացի:
- Սա իմ քիթն է, և ես ինչ ուզեմ' կարող եմ անել:
- Ոչ,- ասացի,- այն ինձ էլ է ցավ պատճառում:
- Այսինքն' երբ գնդասեղը մտցնում եմ իմ քիթը, դա քեզ ցավ է պատճառում, հա՞:
- Ճիշտ այդպես:
- Լավ, այլևս չեմ անի: Պինդ կաց:
Նա ինձ սկսեց համբուրել, համբույրի ընթացքում քմծիծաղելով և թաշկինակը միաժամանակ քթին պահելով: Բարը վերջապես փակվեց, և մենք գնացինք իմ տուն: Մի քիչ գարեջուր ունեի, խմեցինք և սկսեցինք զրուցել: Այդ ժամանակ ես կարողացա նրան ճանաչել: Նա մի անհատականություն էր' հոգատարությամբ և բարությամբ լի: Իրեն ճանաչել տվեց, առանց գիտակցելու այդ մասին: Ժամանակ առ ժամանակ հրաժարվում էր վայրենությունից և անկապությունից: Շիզոֆրենիկ էր: Մի գեղեցիկ շիզոֆրենիկ: Վաղ թե ուշ նրան ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը կկործանի: Եվ հուսով եմ, դա ես չեմ լինի: Մենք պառկեցինք, և երբ ես անջատեցի լույսերը, Քեսսը հարցրեց.
- Իսկ երբ ես ուզում, հիմա՞, թե առավոտյան:
- Առավոտյան,- ասացի ու շրջվեցի:
Առավոտյան արթնացա, սուրճ պատրաստեցի երկուսիս համար, նրա սուրճը անկողնում մատուցեցի: Նա ծիծաղեց:
- Իսկ դու գիտե՞ս' առաջինն ես, ով հրաժարվեց գիշերով:
- Չեմ կարծում, որ դրա կարիքը կար:
- Ոչ, սպասիր, ես հենց հիմա եմ ուզում: Արագ թարմանամ ու գամ:
Քեսսը մտավ լոգարան ու արագ դուրս եկավ: Հիասքանչ տեսք ուներ. երկար, սև մազերը փայլում էին, աչքերը և շուրթերը փայլում էին, ինքը փայլում էր: Նա իր մարմինը ցուցադրական անտարբերությամբ էր ներկայացնում' որպես լավ իր: Հետո սավանի տակ մտավ:
- Արի ինձ մոտ, ի՛մ սիրեկան:
Ես նրան գրկեցի: Նա ինձ համբուրում էր անկաշկանդ, առանց շտապելու: Իմ ձեռքերը շոյում էին նրա մարմինը, մազերը: Ես թափանցեցի նրա մեջ. տաք էր և նեղ: Սկսեցի դանդաղ շարժվել' ցանկանալով երկարաձգել ավարտը: Նրա աչքերը նայում էին ուղիղ իմ աչքերին:
- Անունդ ի՞նչ է,- հարցրի:
- Գրողը տանի, ի՞նչ կապ ունի,-պատասխանեց նա:
Ես ծիծաղեցի: Դրանից հետո հագնվեցինք և ես նրան հետ տարա բար:
Բայց դժվար էր Քեսսին մոռանալը: Ես աշխատանքի չէի, հետևաբար քնեցի մինչև կեսօրվա երկուսը: Հետո արթնացա և սկսեցի ամսագիր թերթել: Լոգարանում էի, երբ հանկարծ ներս մտավ նա' մի մեծ, փղի ականջ հիշեցնող տերևով:
-Ես գիտեի, որ լոգարանում ես լինելու, դրա համար բերել եմ մի բան, ինչով կարող ենք ծածկել անդամդ,- ասաց Քեսսը: Ու նա շպրտեց այդ տերևը ուղիղ ինձ վրա' լոգարանի մեջ:
- Ի՞նչ գիտեիր, որ լոգարանում եմ:
- Գիտեի և վերջ:
Գրեթե ամեն օր Քեսսը գալիս էր, երբ ես լոգարանում էի լինում: Տարբեր ժամերի էի լինում այնտեղ, բայց նա ինձ միշտ բռնացնում էր' փղի ականջ հիշեցնող այդ մեծ տերևը ձեռքին: Իսկ հետո սիրով էինք զբաղվում: Շատ անգամ է պատահել, որ նա զանգել է ինձ գիշերով և ես ստիպված էի լինում գնալ' նրան բանտից ազատելու: Քեսսին պահում էին հարբածության և վիճաբանությունների համար:
- Այս շան որդիները,- ասում էր նա,- միայն խմիչք հյուրասիրելով իրենց թվում է' կարող են ծոցդ մտնել:
- Ընդունելով նրանց հյուրասիրությունը, ինքդ ես քեզ գցում կրակի մեջ:
- Կարծում էի' ինձնո՛վ հետաքրքրված կլինեն, ոչ թե իմ մարմնով:
- Իսկ ինձ և՛ քո մարմինն է հետաքրքրում և՛ դու: Առհասարակ կասկածում եմ, որ տղամարդկանց մեծ մասին ուրիշ բան հետաքրքրի, բացի քո մարմնից:
Քաղաքից վեց ամսով բացակայեցի: Թափառում էի դեսուդեն: Հետո վերադարձա, բայց այդպես էլ չկարողացա մոռանալ Քեսսին: Մենք ինչ-որ պատճառով գժտվել էինք և դրանից սիրտս ճմլվում էր: Ինձ թվում էր' նա էլ է քաղաքից հեռացել:
«The West End» բարում մոտ երեսուն րոպե նստած էի, երբ հայտնվեց նա: Առաջվա պես եկավ, նստեց կողքիս:
- Դե, այ բոզի տղա, տեսնում եմ' վերադարձել ես:
Ես խմիչք պատվիրեցի, հետո երկար նայում էի նրան: Բարձր օձիքով զգեստ էր հագել: Նման հագուստով երբեք չէի տեսել Քեսսին: Ամեն մի աչքի տակ երկու ապակե գնդասեղներ կային: Գնդասեղները խրված էին դեմքի մեջ, միայն գլխիկները կարելի էր տեսնել:
- Գրողը քեզ տանի, դու դեռ շարունակում ես փչացնել քո սիրուն դեմքը, հա՞:
- Ոչ, հիմարի մեկը, այսպես նորաձև է:
- Դու խելագար ես:
- Ես քեզ կարոտել էի,- ասաց Քեսսը:
- Իսկ քո կյանքում ինչ-որ մեկը կա՞:
- Ոչ, ոչ ոք չկա: Միայն դու կաս: Բայց երբեմն ես փող եմ աշխատում: Տասը բաքս եմ վերցնում, բայց քեզ համար անվճար կանեմ:
- Դուրս հանիր այդ գնդասեղները:
- Ոչ, նորաձև է:
- Դա ինձ տանջում է:
- Համոզվա՞ծ ես:
- Համոզված եմ, գրողը տանի:
Քեսսը դանդաղորեն հանեց գնդասեղները և դրեց իր դրամապանակում:
- Ինչու՞ չես գնահատում քո գեղեցկությունը,- հարցրեցի ես,- ինչու ՞ պարզապես չես ապրում նրա հետ:
- Որովհետև մարդիկ կարծում են' դա այն ամենն է, ինչ ունեմ: Գեղեցկությունը ոչինչ է, այն մնայուն չէ: Դու չգիտես' ինչ բախտավոր ես տգեղ լինելով:
- Իմ բախտը ուրեմն բերել է,- ասացի ես:
- Ես նկատի չունեի, թե դու գարշելի ես: Մարդիկ են այդպես կարծում: Դու հիասքանչ դեմք ունես:
- Շնորհակալ եմ:
Մենք նորից խմեցինք:
- Հետո, ինչո՞վ ես զբաղված,- հարցրեց նա:
- Ոչնչով, ոչնչով էլ զբաղված չեմ:
- Եթե կին լինեիր, կկարողանայիր փող աշխատել:
- Չեմ կարծում: Նման հարաբերությունները, օտար և շատ մարդկանց հետ լինելը ինձ համար չեն: Ձանձրալի է:
- Ճիշտ ես, ձանձրալի է, ի վերջո ամեն ինչից էլ վերջում հոգնելու ես:
Դուրս եկանք: Փողոցում մարդիկ ինչպես միշտ աչքերը չռել էին Քեսսի վրա: Նա գեղեցիկ կին էր, և վերջերս ավելի էր գեղեցկացել: Մենք վերադարձանք ինձ մոտ, ես բացեցի գինու շիշը, սկսեցինք զրուցել: Թեթև զրուցում էինք: Որոշ ժամանակ նա էր խոսում,ես լսում էի,հետո ես էի սկսում խոսել: Խոսակցությունն իր հունով առաջ էր գնում: Թվում էր' գաղտնիքներ ենք բացահայտում: Երբ մի լավ, նոր բան էինք բացահայտում, Քեսսը ծիծաղում էր իր յուրահատուկ ծիծաղով: Այն նման էր ուրախության, որը հրդեհի պես է բռնկվում: Խոսելու ընթացքում համբուրվում էինք և ավելի մոտենում իրար: Շուտով տաքացանք և տեղափոխվեցինք անկողին: Հենց այդ ժամանակ, երբ Քեսսը հանեց իր բարձր օձիքով զգեստը, ես նկատեցի նրա կոկորդի գարշելի սպին: Այն երկար էր ու լայն:
- Գրողը քեզ տանի,- գոռացի ես անկողնու միջից,- գրողը քեզ տանի: Ի՞նչ ես արել:
- Կոտրված շշով եմ փորձել: Ինքս եմ արել: Ինձ այլևս չե՞ս սիրում: Ես այլևս գեղեցիկ չե՞մ քեզ համար:
Ես նրան քաշեցի անկողին և համբուրեցի: Նա ետ էր մղվում և ծիծաղում:
- Մեկ-մեկ տղամարդիկ ինձ տասանոցը վճարում են նախօրոք, հետո ես հանվում եմ, իսկ նրանց ցանկությունը կորչում է, այլևս չեն ուզում, բայց տասը մնում է ինձ: Շատ զվարճալի է, չէ՞:
- Այո, մեռնում եմ ծիծաղից, չեմ կարող չծիծաղել: Քեսս, խեղկատակ կին, վերջ տուր, քեզ մի փչացրու: Դու ամենակենսունակ կինն ես, ում երբևէ հանդիպել եմ:
Մենք նորից համբուրվեցինք: Քեսսը լուռ լաց էր լինում: Ես տեսա նրա արցունքները: Նրա երկար, սև մազերը մահվան դրոշակի պես ծածանվում էին: Մենք գրկախառնվեցինք և սկսեցինք սիրով զբաղվել' դանդաղ, թախծալից և հիասքանչ սիրով:
Իսկ առավոտյան Քեսսը որոշեց նախաճաշ պատրաստել: Խաղաղ և երջանիկ տեսք ուներ: Երգում էր: Անկողնում պառկած' հիանում էի նրա երջանկությամբ: Վերջապես մոտեցավ.
- Վեր կաց, պոռնկորդի, դեմքիդ սառը ջուր խփիր և գնանք զվարճանալու:
Այդ օրը ես նրան լողափ տարա: Աշխատանքային օր էր: Եղանակը դեռևս ամառային չէր, շուրջը հիանալիորեն դատարկ էր: Թափառականները իրենց լաթերով ննջում էին ավազե ափի գազոնների վրա: Մյուսները նստել էին փայտե նստարաններին և իրար շշեր էին փոխանցում: Ճայերը սավառնում էին մոտակայքում: Յոթանասունը կամ ութսունը բոլորած ծեր կանայք նստարանին նստած' քննարկում էին անշարժ գույքի վաճառքին վերաբերող հարցեր: Այդ ամենի հետ մեկտեղ օդում խաղաղություն կար և մենք զբոսնում էինք գազոնի վրա ու շատ քիչ էինք խոսում: Միասին լավ էինք զգում: Երկուսիս համար սենդվիչ, չիփս, խմիչք գնեցի և նստեցինք ավազին' ուտելու: Հետո գրկեցի Քեսսին և մոտ մեկ ժամ քնեցինք: Սա ավելին էր, քան սիրախաղը: Մենք սավառնում էինք հոսանքին ընդառաջ: Արթնանալուց հետո վերադարձանք տուն, և ես ընթրիք պատրաստեցի: Ընթրիքից հետո Քեսսին առաջարկեցի ապրել ինձ հետ: Քեսսը երկար լռեց: Նայում էր ինձ: Հետո շատ հանգիստ ասաց.
- Ոչ:
Ես նրան ետ տարա բար, խմիչք գնեցի և դուրս եկա: Հաջորդ օրը աշխատանքի տեղավորվեցի գործարանում' որպես փաթեթավորող, և ամբողջ շաբաթը աշխատանքի էի գնում: Չափից շատ էի հոգնում, բայց ուրբաթ գիշերը գնացի «The West End»: Նստեցի, սպասեցի Քեսսին: Ժամեր անցան: Վերջնականապես հարբած նստած էի, երբ մատուցողը ինձ դիմեց.
- Ցավում եմ ձեր ընկերուհու համար:
- Ի՞նչ,- հարցրի ես:
- Ի՞նչ է, չգիտե՞ք:
-Ոչ:
-Ինքնասպան է եղել: Նրան երեկ թաղել են:
-Թաղե՞լ են:
Ինձ թվում էր' նա ուր որ է ներս կգա:
Ինչպե՞ս կարող էր նա չլինել:
- Նրան թաղել են քույրերը:
- Ինքնասպանությու՞ն: Գլխումս չի տեղավորվում: Ինչպե՞ս:
- Ճղել է կոկորդը:
- Հասկանալի է: Էլի խմիչք տուր:
Մինչև բարի փավելը, ես խմում էի:
Քեսսը ամենագեղեցիկն էր հինգ քույրերից, ամենագեղեցիկը ամբողջ քաղաքում: Ես մի կերպ հասա տուն և շարունակ մտածում էի նրա մասին: Ես պետք է ստիպեի նրան, որ մնար ինձ մոտ: Նրա համար դա հենց այնպես մի բան չէր: Ես նրան կոպիտ, անքաղաքավարի էի առաջարկել' ծուլորեն, չափազանց անտարբեր: Ես դարձա իմ և նրա մահվան պատճառը: Ես մի շուն եմ եղել: Ոչ, ինչու՞ վիրավորել շներին: Ոտքի կանգնեցի, գինու շիշ գտա և հարբեցի պայթելու չափ: Քաղաքի ամենագեղեցիկ աղջիկը մահացել էր: Քեսսը ընդամենը 20 տարեկան էր: Դրսում ինչ-որ մեկի ավտոմեքենան ազդանշան էր տալիս' բարձր, անդադար: Ես շիշը դրեցի գետին և գոռացի. «Գրողը տանի քեզ, շան որդի, ձայնդ կտրիր»:
Գիշերը վերջապես եկավ ու ես չգիտեի' ինչով զբաղվեմ:
Անգլերենից թարգմանեց' Անի Հակոբյանը