Ուղղակի: Տարբեր էինք:
Քայլելիս ես սկզբում ձախ ոտքս էի առաջ տանում: Նա՝ աջը:
Երբ մատներով փակում էի արևը՝ հիանում էի մատներիս արանքով դուրս պրծած արևի շողերով ու վայելում իմ անզորությունն արևի նկատմամբ: Նա պնդում էր, որ ես իմ փոքր ձեռքերով արևը սպանում եմ: Լուսանկարի նման ճմրթում ու մի կողմ եմ նետում: Բայց արևին ես չէի կարող խամրեցնել: Ու չէի ուզում: Ամենուր արև տեսնելու համար պետք է ճիշտ աչքեր ունենալ ու ճիշտ անկյունից նայել ամենին : Ես ճիշտ աչքերով ճիշտ անկյունից ամենուր վայելում էի արևը: Նա ոտքը խփում գետնին ու էլի պնդում էր , որ երկրագունդը կլոր է, անկյուններ չկան: Ճիշտ անկյուններ ՝ առավել ևս: Առհասարակ հիմարություն է այս ամենը: Պետք է պառկել ու հանգստանալ, ուշքի գալ ու հավաքվել, հետևել սրտի աշխատանքին ու շնչառությանը: Իսկ ես ուզում էի գիշերն արթնանալ ու երազներ փնտրել: Հավաքել աստղերը շշերի մեջ ու գլորել դրանք անկողնուս տակ, ագռավների հետ զրուցել ու քամիների հետ խաղալ: Նա պնդում էր, որ ամենուր կարևոր է հանգիստը: Ես պնդում էի, որ ամենուր կարևոր է չմոռանալ երեխա մնալը. միշտ ամեն ինչով հետաքրքրվել ու երբեք հույսը չկորցնել: Նա պնդում էր, որ մարդկանց սերը ծնկում է: Ես պնդում էի, որ հենց սերն է մարդկանց ծնկած վիճակից ամուր հողին կանգնեցրել: Նա ասում էր, որ երազները սպանում են: Իսկ ես առանց երազել ապրել չեմ կարողանում:
Մենք ուղղակի տարբեր էինք:
Հենց սրա համար էլ ես սկսեցի չսիրել հայելիները: Որովհետև այնտեղ ինձ էր նայում մի մարդ, ով ձախ ձեռքն անընդհատ տանում է աջ ձեռքի զարկերակի մոտ ու ստուգում՝ ինչպես է աշխատում սիրտը: Այդ մարդը քայլել սկսում էր աջ ոտքից ու ինձ համոզում, որ ամենուր կարևորը հանգստությունն է: Ես հոգնած եմ, ես ինձ լավ չեմ զգում: Ես դողում եմ ամբողջ մարմնով ու թուլություն զգում: Ձեռքը զարկերակի վրա:
Ձախ ձեռքն աջ ձեռքի վրա:
Անընդհատ:
Ամեն րոպե:
Ուշադիր:
Չմոռանաս:
Զարկերակը: Զգացողությունները: Չկան անկյուններ: Փոքր ձեռքերով արև եմ մեռցնում: Հանգստանալ է պետք, հանգստանալ: Պառկել,չմտածել, չհասկանալ: Ուրիշ ոչինչ պետք չէ:
Ու մի օր ես նրա ձեռքը հանեցի աջ ձեռքի զարկերակից ու դրեցի կյանքի զարկերակի վրա:
Աշխարհը դարձավ քառակուսի: Աչքերը դարձան ճիշտ աչքեր:
Ու ես գնացի քամիների հետ խաղալու՝ առաջին քայլս անելով ձախ ոտքով:
Ներշնչման աղբյուր՝ ԱՅՍ ԵՐԳ