Նա սովորեցրեց մարդկանց, թե ինչպես պետք է ուրախացնես մարդկանց՝ սեփական թախիծը քո մեջ թաքցնելով: Նա սովորեցրեց մարդկանց, թե ինչպես պետք ապրես՝ քո դժբախտությամբ ուրիշին էլ չդժբախտացնես: Նա ծիծաղ էր պարգեւում՝ ամենուր, ամեն մեկին իսկ երբ տուն էր գնում, դնում էր առջեւ մի օղու շիշ ու նոր վերհիշում իր դաժան կյանքը: Նա այնքան ուժեղ մարդ էր, որ թույլ չտվեց մարդկանց մտածել, որ նա շատ տխուր է, որ նա օգնության կարիք ունի: Իսկ շատերը չհասկացան դա եւ օգնության ձեռք չմեկնեցին: Երբ ռեստորանում նրան հրավիրում էին իրենց սեղան եւ նա ստիպված խմում էր նրանց հետ, նա ուրախություն էր պարգեւում սեղանին շուրջ նստածներին, բայց այդ ամեն մի բաժակի հետ նա իր կյանքից մի պատառ էր կորցնում: Դա նրանից էր, որ նա սիրում էր մարդկանց եւ նա գիտեր թե ինչ է մա՛րդ լինելը: Նա պատգամ էր մեզ ուղարկված, որ մենք էլ սիրենք մեր կողքիններին, որ չփորձենք ցավ պատճառել մյուսներին: Եթե ամեն մեկս վարվենք այդպես աշխարհը կլցվի բարությամբ: Նա այն հանճարներից էր, որ հայտնվում են դարը մեկ եւ մարդկությունը պարզապես պետք է հասցնի ինչքան հնարավոր է շատ դաս քաղել՝ նրանց կարճ կյանքից: