Դու ապրե՞լ ես այնպիսի պահեր, երբ պարզապես չես ցանկացել ապրել, երբ պարզապես չես ցանկացել լինել, կամ չես ցանկացել լինել այնտեղ, որտեղ հիմա ես, չես ցանկացել լինել այնպիսին, ինչպիսին հիմա ես…ինձ հետ նման պահեր վերջերս հաճախ են լինում… ցանկանում եմ կամ չլինել կամ լինել այնպիսին, ինչպիսին չեմ, կամ էլ լինել այնտեղ, որտեղ չեմ… գոռալ ամեն ինչի մասին, ազատվել ամեն կապանքից, ամեն մեկից, ահա թե ինչ է ուզում հոգիս նման պահերին…հեռանալ այնտեղ, որտեղ անգամ չեմ էլ ուզում լինել։
Գալիս է մի պահ, որ չես էլ հասկանում անգամ հոգուդ, դադարում ես լսել նրա ձայնը, դադարում ես հասկանալ նրան…Եվ ահա սկսում է փնտրտուքդ, սկսում ես փնտրել, փնտրել ամենուր՝ աշխարհում, այլ մարդկանց մեջ, այլ երկրներում՝ մոռանալով, որ հոգիդ հենց քեզ հետ է, պարփակված հենց քո մեջ. և միայն այդ ժամանակ ես հասկանում, որ հոգիդ ոչ թե լռում է, այլ դու չես լսում նրան, դու ես խորտակել նրա ձայնը քո մեջ, հաղթել նրա մարմնովդ ու մտքովդ…ինչքան սուրբ է հոգիդ, այնքան պիղծ են մարմինդ ու միտք, հոգիդ ձգտում է վերև, իսկ դու նրան քաշում ես ներքև՝ քաշում անհատակ անդունդը, սպանում նրան քո խորքում ու…«լռեցնում» նրա ձայնը…հենց այդ ժամանակ է, որ ապրելդ չի գալիս, հենց այդ ժամանակ է սկսում ապրել ուզել-չուզելու անվերջ շրջապտույտը…
Բայց քեզ ո՞վ է հարցնում՝ «Ուզո՞ւմ ես ապրել». ոչ ոք, ոչ ոք, քանի որ դրա պատասխանն արդեն կա, Արարիչը քեզ կյանք է տվել, դու պարտավոր ես ապրել, ապրել «ԱՊՐԵԼ» բառի ամբողջ նշանակությամբ՝ հոգուդ, մարմնիդ ու մտքիդ ներդաշնակ անդորրով պարուրված…