Ցավոք, մեզանում անասնապահության և հողագործության վիճակը բավարար համարել չի կարելի, և պետք է ամրագրել, որ այդ ոլորտներին ցուցաբերվող պետական հոգածությունը շատ ցածր մակարդակի վրա է: Այնինչ դա պետության առաջնահերթությունների շարքում պետք է լինի: Գյուղմթերքը գյուղացին ստիպված է իրացնել շատ ցածր գներով և կարելի է ասել ամեն տարի գյուղացին կանգնում է այդ փաստի առաջ. անցյալ տարի խաղողի մթերման դեպքում էր, այս տարի՝ ծիրանի, և այսպես շարունակ՝ ավելացված խնդիրները մսամթերքի և կաթնամթերքի ոլորտում: Իրականում այդ ամենից օգտվում են մի խումբ վաճառականներ, որոնք ցածր գներով ընդունում և բավականին թանկ վերավաճառում են, ստանալով մեծ եկամուտներ: Արդյունքում գյուղացուց բացի տուժում ենք նաև մենք՝ գնելով արհեստականորեն թանկացված մթերք: Վերջնարդյունքում տուժում ենք բոլորս:
Այս ամենը շատերի համար ոչ այնքան կարևոր և ծեծված թեմա կարող է թվալ: Սակայն այս և նմանատիպ հիմնախնդիրների առկայությունն էլ մեզ խանգարում է ունենալ նորմալ, կայուն տնտեսությամբ պետություն: Խնդիրների այս շարանը կարելի թվարկել հանրային կյանքի ամենատարբեր բնագավառներում: Այսպես շարունակվելու դեպքում շատ շուտով կարող ենք ունենալ կաթվածահար տնտեսություն: