Հրեա կանանց մասնակցությունը Իսրայելի պաշտպանությանը ունի պատմական ավանդույթ, որի արմատները գալիս են դեռ աստվածաշնչյան հերոսուհի Դեբորայից, ով զենքը ձեռքին պաշտպանում էր հայրենիքը օտարերկրյա բռնակալներից։

Միայն Իսրայելում է, որ երիտասարդն աղջկա հետ առաջին հանդիպման ժամանակ հարցնում է. «Ո՞ր զորքերում ես ծառայել»։

Ինքնաձիգը ձեռքին զինվորական համազգեստով աղջիկները սովորական երեւույթ են Իսրայելում։ «Զինծառայության մասին» այդ երկրի օրենքի համաձայն' պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա նաեւ բոլոր 18 տարեկանը լրացած չամուսնացած, երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ 17 տարեկանում յուրաքանչյուր աղջիկ ծանուցագրով ներկայանում է զորահավաքակայան։ Այստեղ բուժհանձնաժողովը բուժզննում է կատարում, զինվորական հոգեբանը քննում է, ապա որոշվում է նրա ինտելեկտի (մտավոր զարգացածության) գործակիցը։ Այս ամենի արդյունքից է կախված, թե «զորակոչիկուհին» հետագայում որ տեսակի զորքերում կծառայի։

Նախազորակոչային պատրաստության շրջանակներում նրան առաջարկում են մասնակցել զինվորական որեւէ մասնագիտական դասընթացի։

Նախկինում կանանց ծառայությունը Իսրայելի պաշտպանության բանակում (Ցվա-հագանա լե Իսրայել, կրճատ՝ Ցահալ) 22 ամիս էր, վերջին տարիներին այն գրեթե հավասարվել է տղամարդկանց պարտադիր զինծառայության ժամկետին, ընդ որում՝ կանանց 50 շեկել ավելի են վճարում՝ կոսմետիկ եւ հիգիենիկ կարիքների համար (10 շեկելը հավասար է 2,55 ԱՄՆ դոլարի)։

Աղջիկը կարող է ազատվել ծառայությունից, եթե նա հայտարարում է, որ ծառայությունը հակասում է իր կրոնական համոզմունքներին։ Պաշտպանության բանակում չծառայելը դժվարացնում է քաղաքացիական կարիերան, որոշ դեպքերում նույնիսկ դարձնելով անհնար։

Հրեաների մեջ կնոջ նկատմամբ ավանդական կարծրատիպերը կոտրվեցին 20-րդ դարի սկզբներին, երբ հրեուհիները ակտիվորեն մասնակցեցին հրեական պետականության վերականգնման գործընթացին։ Նրանք կամավոր հիմունքներով ներգրավվում էին ռազմական խմբավորումներում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ պայքարին մասնակցել է շուրջ 6000 հրեա կին։ Նրանց շարքերում անձնվիրաբար կռվում էր բանաստեղծուհի Հաննա Սենեշին (1921-1944թթ.), որը 1944թ. գերեվարվեց եւ գնդակահարվեց։

1948թ. մայիսի 16-ին հիմնվեց Իսրայելի պաշտպանության բանակի կանանց կորպուսը, որի հիմնական գործառույթներն էին երկրի ԶՈՒ-ում հրեա կանանց զինծառայության կազմակերպումը, ուսուցանումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ այլն (2001թ. կանանց կորպուսը լուծարվեց, որի փոխարեն ստեղծվեց Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետի՝ կին զինծառայողների հարցերով խորհրդականի վարչությունը՝ գեներալ-մայոր Սյուզի Յոգեւի գլխավորությամբ։ Այս կառույցն օժտված է է՛լ ավելի մեծ լիազորություններով)։ Սկզբում թույլ սեռը ծառայում էր հիմնականում սպասարկման, մատակարարման ոլորտներում (1952թ. Իսրայելում ընդունված «Զինծառայության մասին» օրենքով կանանց զինծառայությունը սահմանափակվում էր երկու հիմնական կետերով՝ մարտական գործողություններ եւ ֆիզիկական բարձր կարողություններ պահանջող առաջադրանքներ)։

Բանակում կանանց դերի բարձրացմանը նպաստեց 1955թ. «Հացոր» ավիաբազայում «Մարկիտո» ինքնաթիռի վթարը, երբ սերժանտ Էսթեր Արդիտին, մտնելով այրվող ինքնաթիռ, փրկեց անձնակազմի վիրավոր հրամանատարին։ Վայրկյաններ անց ինքնաթիռը պայթեց։ Արդիտին դարձավ Իսրայելի ԶՈՒ առաջին հրեա կին զինծառայողը, որը պարգեւատրվեց «Մատուցած գերազանց ծառայության համար»՝ զինվորական նշանակության երկրորդ կարգի մեդալով, որը տրվում է ընդօրինակման արժանի տղամարդկություն ցուցաբերելու համար։

1995թ. Իսրայելի Գերագույն դատարանը փոփոխություն մտցրեց երկրի զինծառայության մասին օրենքում, ինչը հնարավորություն ընձեռեց կանանց ծառայելու նաեւ մարտական ստորաբաժանումներում, ինչպես նաեւ ուսանելու օդաչուների եւ ծովային հրամանատարների սպայական ուսումնական հաստատություններում։

Յաել Ռոմ Ֆինկելշտեյնը (1932-2006) դարձավ Իսրայելի օդուժի առաջին կին օդաչուն (զորացրվելուց հետո նա դարձավ քաղաքացիական ավիացիայի առաջին կին օդաչուն)։ 2001թ. լեյտենանտ Ռոնի Ցուկերմանը դարձավ կործանիչի օդաչուի կոչում ստացած առաջին կին զինծառայողը։

Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը լուրջ քայլեր էր ձեռնարկում ԶՈՒ՝ մինչ այդ բացառապես տղամարդկանց համար նախատեսված մի շարք էլիտար դասընթացներում ընդգրկելու նաեւ կանանց։ 2004թ. հիմնվեց «Կարակալ» հետեւակային գումարտակը, որն ապահովում էր հրեա կանանց մարտական պատրաստվածությունը (հենց այդ շրջանակներում է գործում կին դիպուկահարների դասընթացը)։

Անուրանալի է հրեա կանանց ավանդը Իսրայելի հատուկ ծառայությունների եւ հետախուզական գործունեության բնագավառում (կարելի է առանձնացնել «Մոսադի» նախին փոխտնօրեն Ալիզա Մագենին, այդ կառույցի վարչական կառավարման պետ Մալկա Բրավերմանին)։

Հերթը հասավ նաեւ լողորդ-ջրասուզակների հատուկ ստորաբաժանումում ծառայելուն, որը մինչ այդ համարվում էր զուտ տղամարդկային ծառայություն։ Աղջիկները 90մ սուզվելով ջրում' մասնակցում են ստորջրյա օպերացիաների, կատարում նորոգումներ, ինչպես նաեւ տեղադրում են ստորջրյա ականներ կամ վնասազերծում դրանք։

Գեներալ-մայոր Սյուզի Յոգեւը նշում է, որ «կանայք Ցահալի շարքերում կարող են զբաղեցնել ցանկացած պաշտոն եւ կատարել ցանկացած աշխատանք։ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է ծառայության վերցնի միայն ու միայն արհեստավարժներին, որոնց ընտրությունը պետք է կատարվի' ելնելով նրանց մասնագիտական որակավորումից, այլ ոչ թե սեռից»։

Ներկայումս Ցահալի շուրջ 35 տոկոսը կանայք են, եւ նրանց թվաքանակի աճի միտումն էլ ակնհայտ է։ Զինվորական մասնագիտությունների մոտ 90 տոկոսն այսօր թույլատրելի է կանանց։ Բարձր սպայական կազմում եւս նրանք քիչ թիվ չեն կազմում։ Երբ կին գեներալներից մեկին, որի երկու աղջիկները ծառայում են բանակում (ընդ որում՝ ամենավտանգավոր հատվածներում) հարցրել են, թե չի՞ անհանգստանում արդյոք նրանց ճակատագրով, գեներալն արժանապատվորեն պատասխանել է. «Իհարկե, անհանգստանում եմ, բայց մեր երկրի անվտանգությունը, մեր երկրի պաշտպանվածությունը է՛լ ավելի կարեւոր է»։

Այսօր էլ տղամարդկանց հավասար, տղամարդկանց կողքին ծառայում են Իսրայելի կին զինծառայողները։ Մարտերում աչքի են ընկնում իրենց սխրանքներով, խրախուսվում մարտական պարգեւներով։

Ի դեպ' ինչպես վկայում են արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ, ամենագեղեցիկ աղջիկները ծառայում են հենց Իսրայելի բանակում։ Խոստովանենք, որ այս լուսանկարների գեղեցկուհիների հայացքը պակաս սպանիչ չէ իրենց մահացու զենքերից…

ԱԼԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր